Jump to content

Մարդու սեռականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեռականություն[1][2] (սեռական վարքագիծ), մարդու անհատականության կարևորագույն բաղադրիչ։ «Սեռականություն» բառի նշանակությունը հասկանալով պետք է գիտակցել, որ սեռական հարաբերությունները, սեռական ակտիվ կամ պասիվ կյանք ունենալը սեռականության բաղադրիչներ են, այլ ոչ թե հենց մեր սեռականությունը։ Սեռականության թեման լայն է և բազմաբովանդակ, որի մասին կխոսենք ստորև։

Սեռականությունը յուրաքանչյուր անձի կենսաբանական, մտավոր, վարքագծային և սոցիալական բնութագրիչների ամբողջությունն է, որը սահմանում է մարդու ինքնությունը, վարքագիծը, կերպարն ու դերը որպես անհատ և որպես հասարակության անդամ:

Սեռականությունը վերաբերում է անհատի սեռին, գենդերային ինքնությանը և դրա արտահայտմանը, սեռական կողմնորոշմանը և ինքնությանը, սեռական ցանկություններին։ Այնուամենայնիվ, սեռականության մասին խոսելիս պետք է հիշել սեռային և սեռական տերմինների տարբերությունը։ Սեռային տերմինով բնութագրվում է այն ամենը, ինչ վերաբերում է մարդու կենսաբանական սեռին և անատոմիային, իսկ սեռական տերմինով բնութագրվում է այն ամենն ինչը վերաբերում է զգացմունքներին, հույզերին, զգայականությանը, ինքնագիտակցությանը և ինքնությանը, նաև սեռական բնույթի գործողություններին, սեռական հարաբերություններին ու սեռական ակտին։

Սեռականությամբ օժտված է յուրաքանչյուր կենդանի էակ․ մարդիկ, կենդանիները և այլն։ Բոլորը ծնվում են արական, իգական կամ միջին կենսաբանական սեռի (ինտերսեքս) անհատ, այնուհետև` կառուցում սեռի ներքին ընկալումը` սեռային ինքնությունը։ Որոշա��ի տարիքում անցնում ենք սեռահասունացման փուլը և հիմնականում հարմարվում մեր մարմնի ու ինքնընկալման փոփոխություններին կամ չենք կարողանում հարմարվել մեր կենսաբանական սեռին ու դրա առանձնահատկություններին (բնորոշ է տրանսսեքսուալ (փոխսեռական) անձանց)։ Կյանքի ընթացքում դրսևորում ենք այս կամ այն տեսակ սեռական վարքագիծ ու ստեղծում ինտիմ հարաբերություններ։ Բոլորիս բնորոշ է որևէ տեսակի սեռական կողմնորոշումը (տարասեռական, նույնասեռական, երկսեռական, անսեռական), և կյանքի ինչ-որ պահի հասկանում ենք մեր սեռական կողմնորոշման ներքին ընկալումը` սեռական ինքնությունը։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուրս, կրելով սեռականության նույն բաղկացուցիչները, տարբեր կերպ ենք դրանք ընկալում, հասկանում ու գիտակցում։ Հետևաբար, տարբեր կերպ ենք արտահայտում մեր սեռականության բաղադրիչները և տարբեր կերպ էլ ընկալում ու հասկանում ենք այլոց սեռականության դրսևորումները։

Բոլորս տարբեր ենք որպես սեռականություն կրող անհատներ։

Կենսաբանական սեռ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական սեռն առանձնացվում է անհատի վերարտադրողական համակարգի կառուցվածքով և ֆունկցիայով` արտաքին ու ներքին սեռական օրգաններով և դրանց կողմից արտադրվող միավորների տեսակներով։ Ձվաբջիջն իգական սեռի միավորն է, իսկ սպերմատոզոիդը` արական սեռինը, որոնք նախատեսված են վերարտադրության համար։ Արտաքին և ներքին սեռական օրգանների հիման վրա տարանջատում ենք անհատի կենսաբանական սեռը` արական, իգական, երրորդ կամ միջին։

Սեռն անհատի կենսաբանական կարգավիճակն է որպես արական, իգական, ինտերսեքս և որոշվում է այնպիսի չափորոշիչներով, ինչպիսին են սեռական քրոմոսոմները, գոնադները, արտաքին ու ներքին սեռական օրգանները։

Կաթնասունների մոտ արական օրգանիզմը սովորաբար կրում է XY սեռական քրոմոսոմներ, իսկ իգական օրգանիզմի մոտ առկա են XX քրոմոսոմները։ Սա XY սեռի որոշման համակարգն է։ Քրոմոսոմների հավաքակազմը հաճախ տարբեր է մարդկանց մոտ, իսկ կենդանիների մոտ նույնիսկ ունի այլ հավաքակազմ, օրինակ թռչունների մոտ ZW քրոմոսոմային հավաքակազմը, իսկ միջատների մոտ՝ X0 հավաքակազմը։

Արական սեռ
Արական սեռին պատկանող սեռական արտաքին և ներքին օրգանները

Արական սեռի պատկանող է համարվում այն անհատը, որն ունի արական սեռը բնութագրող առաջնային հատկանիշներ` արտաքին և ներքին արական սեռական օրգաններ։ Արտաքին սեռական օրգաններն են առնանդամը և ամորձապարկը` փոշտը, որն արտաքինից պաշտպանում է նրա մեջ գտնվող զույգ ամորձիները։ Արական սեռի ներքին սեռական օրգաններն են` ամորձիները, սերմնաբշտերը, սերմնածորանները և շագանակագեղձը։ Ամորձիներն արական սեռական գեղձերն են, որտեղ առաջանում են արական սեռական բջիջները` սպերմատոզոիդները, և սեռական հորմոնները։ Սերմնածորանները զույգ խողովակներ են, որոնց միջով շարժվում են սպերմատոզոիդները, իսկ սերմնաբշտերը և շագանակագեղձը արտադրում են սերմնահեղուկ, որը, միախառնվելով սպերմատոզոիդների հետ, առաջացնում է սերմը (սպերման

Իգական սեռ
Իգական սեռին պատկանող սեռական արտաքին և ներքին օրգանները

Իգական սեռի պատկանող համարվում է այն անհատը, որն ունի իգական սեռը բնութագրող առաջնային հատկանիշներ` արտաքին և ներքին իգական սեռական օրգաններ։ Արտաքին սեռական օրգաններն են` կրծքերը, մազածածկույթով պատված ամոթույքը, մեծ և փոքր սեռական շուրթերը, ծլիկը (կլիտոր), որից ներքև գտնվում է միզածորանը, այնուհետև` հեշտոցամուտքը, որն աղջիկների մոտ հիմնականում ծածկված է լինում կուսաթաղանթով (hymen): Կուսաթաղանթի վրա կան անցքեր, որոնցով դուրս է գալիս դաշտանային արյունը։ Կուսաթաղանթն ամբողջությամբ չի պատում հեշտոցամուտքը և կարող է լինել տարբեր ձևերի, չափսերի և հաստության։ Իրականում կուսաթաղանթի ամբողջականությունը չի կարող վկայել աղջկա սեռական կյանքի առկայության կամ բացակայության մասին, քանի որ կուսաթաղանթը կարող է վնասվել կամ պատռվել մանկության տարիքում տարբեր ֆիզիկական վարժությունների կամ ինչ-որ առարկաների օգտագործման արդյունքում։ Իսկ որոշ աղջիկների մոտ այն կարող է ի ծնե մասնակի լինել կամ ընդհանրապես բացակայել։ Աղջիկների միայն 0.03%-ն է ծնվում տեսանելի կուսաթաղանթով։ Իգական սեռի ներքին սեռական օրգաններն են` ձվարանները, արգանդափողերը` ֆալոպյան փողերը, արգանդը և հեշտոցը։ Ձվարաններն իգական սեռական գեղձերն են, որոնցում առաջանում են իգական սեռական բջիջները` ձվաբջիջները, և սեռական հորմոնները։ Արգանդը տանձաձև մկանային օրգան է, որում զարգանում է սաղմը։ Արգանդափողերը մկանային խողովակներ են, որոնցով անցնում են ձվաբջիջները և որտեղ տեղի է ունենում ձվաբջջի բեղմնավորումը` սպերմատոզոիդի միացումը ձվաբջջին։ Յուրաքանչյուր 28 օրը մեկ անգամ ձվարաններից մեկում հասունանում է մեկ ձվաբջիջ։ Մինչև հասունանալը ձվաբջիջը գտնվում է հատուկ բշտիկում` ֆոլիկուլում։ Հասունացման ընթացքում ֆոլիկուլը լցվում է հեղուկով և տեղաշարժվում ձվարանի մակերեսային շերտ, այնուհետև` պատռվում է, և ձվաբջիջն ընկնում է արգանդափող ու շարժվում դեպի արգանդ։ Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է, ապա առաջացած սաղմը կպչում է արգանդի պատին։ Եթե այն չի բեղմնավորվում, ապա այն արգանդի լորձաթաղանթի հետ պոկվում է և հեռանում հեշտոցի միջով։ Այս գործընթացն ուղեկցվում է քիչ քանակությամբ արյունահոսությամբ և կոչվում է դաշտան։

Միջսեռականություն
ինտերսեքս (Ինտերսեքս) անձանց դրոշը

Անհատի սեռը միջին է համարվում, երբ անհատի մոտ հանդիպում են արական և իգական ներքին ու արտաքին սեռական օրգանների համակցություններ։ Ինտերսեքս լինելը բնության մեջ անվանվում է հերմաֆրոդիտություն։ Անվանումն առաջացել է հին հունական աստծո` Հերմափրոդիտոսի անունից։ Ինտերսեքս լինելու տարբեր տեսակներ կան, և երբեմն ինտերսեքսներին կամ երրորդ սեռի անձանց արտաքնապես անհնար է լինում տարբերել արական կամ իգական սեռի անհատներից։ Հիմնականում պարզ է դառնում մարդու ինտերսեքս լինելու փաստը մահվանից և դիահերձումից հետ, երբ, օրինակ բացահայտվում է, որ բացի առնանդամից, մարդն ունի ձվարաններ ևս։ Անհատը կարող է իմանալ սեփական ինտերսեքս կարգավիճակի մասին նաև վաղ հասակում։ Հաճախ ինտերսեքս անձանց ստիպում են հարմարվել սեռերի երկբևեռ մոդելին (միայն արական և իգական)` նրանց ենթարկելով վիրահատությունների, և հետագայում դաստիարակելով կա´մ որպես աղջիկ, կա´մ էլ որպես տղա։ Այդ վիրահատությունները հաճախ խիստ բացասական դեր են թողնում անհատի վրա, ոմանք նույնիսկ իսպառ կորցնում են սեռական հաճույք ստանալու հնարավորությունը և ունակությունը։ Իրավունքի տեսակետից սա ոչ միայն ոտնձգություն է անհատի մարմնի նկատմամբ, որը նախ և առաջ պատկանում է հենց այդ անհատին, այլև մարդու սեռական և վերարտադրողական իրավունքների ոտնահարում է։ Այստեղ կա նաև էթիկական խնդիր. ճի՞շտ է անհատից թաքցնել նրա հետ կապված այդ աստիճան կարևոր տեղեկությունը։

Բացի կենսաբանական սեռից մարդիկ ունեն նաև հետևյալ սեռերը.

  1. Քրոմոսոմային կամ գենետիկական սեռ, որը որոշվում է քրոմոսոմների կազմով։ Մարդու, ինչպես նաև որոշ կենդանիների դեպքում, սեռը որոշվում է հատուկ տեսակի քրոմոսոմներով` սեռական քրոմոսոմներով. X-իգական քրոմոսոմ, Y-արական քրոմոսոմ, XY քրոմոսոմային կազմ (արական սեռ), XX քրոմոսոմային կազմ (իգական սեռ)։ ինտերսեքս մարդկանց մոտ հանդիպում են XXY և XO քրոմոսոմային կազմեր, սակայն ոչ բոլոր ինտերսեքսները (ինտերսեքս) ունեն վերոնշյալ քրոմոսոմային կազմերը։
  2. Հորմոնալ սեռ, որը որոշվում է մարմնի կողմից արտադրվող հորմոններով. էստրոգենները բնորոշ են իգական սեռին, անդրոգենները` արականին, որոնք էլ հետագայում սահմանում են անհատի երկրորդային սեռային հատկանիշները, օրինակ` ցածր և թավ ձայնը տղաների մոտ, կրծքի մեծացում և դաշտան աղջիկների մոտ, ինչպես նաև` ցայլքի շրջանում մազերի աճ երկու սեռերի մոտ էլ և այլ փոփոխություններ։ Չնայած արական և իգական սեռերն էլ ունենում են և´ անդրոգեններ, և´ էստրոգեններ, սակայն դրանց քանակությունը տատանվում է, և քանակը որոշիչ է լինում։ Էստրոգենի մեծ քանակության շնորհիվ է, որ աղջիկների դեմքին մազածածկույթ չի առաջանում, իսկ մաշկն ավելի հարթ է լինում։ Եվ անդրոգենների մեծ քանակությունն է տղաների մոտ, որ նրանց դարձնում է ավելի առնական։ Պատահում է նաև, որ արական սեռի անհատների էստրոգենի քանակությունն ավելի բարձր է լինում, և նրանք ավելի կանացի տեսք են ունենում, իսկ աղջիկների մոտ ավելի շատ են լինում անդրոգեններ, հետևաբար, նրանք էլ առավել առնական տեսք են ունենում։
  3. Պրենատալ սեռ, որը բժշկի կողմից կնոջ հղիության ժամանակ պտղին տրվող կամ ակնկալվող սեռն է։
  4. Ծննդյան սեռ, որը տրվում է նորածնին մանկաբարձուհու կամ մանկաբարձի կողմից։
  5. Մորֆոլոգիական սեռ, որը որոշվում է անհատի արտաքին սեռական օրգանների հիման վրա։
  6. Գոնադային սեռ, որը որոշվում է մարդու սեռական գեղձերի առկայությամբ. իգականի դեպքում ձվարաններն են, իսկ արականի դեպքում` սերմնարանները։ ինտերսեքս մարդկանց մոտ հնարավոր է երկու սեռական գեղձերի միաժամանակյա կամ միջանկյալ տարբերակների առկայությունը։
  7. Գամետային սեռ, որը որոշվում է սեռական վերարտադրության համար մարմնի կողմից արտադրվող միավորների` գամետների միջոցով. արական սեռական օրգանները արտադրում են սերմնաբջիջ կամ սպերմատոզոիդ, իգականները` ձվաբջիջ։
  8. Անձնագրային կամ քաղաքացիական սեռ, որը կնքված է անհատի անձնագրում։
  9. Հոգեբանական սեռ, որը հիմնված է անհատի սեռային ինքնության վրա։

Սեռային ինքնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռային ինքնությունը անհատի կողմից սեփական սեռի հոգեբանական զգացումն ու ընկալումն է` արական, իգական, միջին, չեզոք և այլն։ Եթե կենսաբանական սեռն այն է, ինչը որոշվում է արտաքին և ներքին սեռական օրգանների և արտադրվող միավորների հիման վրա, ապա սեռային ինքնությունն այն է, ինչը մեր գլխում է. «ի՞նչ սեռի եմ ես» հարցի պատասխանն է անհատի կողմից։

Սովորաբար կենսաբանական սեռը և սեռային ինքնությունը համապատասխանում են մեկը մյուսին։ Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք զգում են տարբերություն և անհամապատասխանություն իրենց կենսաբանական սեռի ու սեռային ինքնության միջև։ Նման անհամապատասխանության զգացումը բնորոշ է տրանսսեքսուալ մարդկանց։

Տրանսսեքսուալ եզրույթն այժմ քիչ օգտագործվող և ոչ հովանի եզրույթ է, ի տարբերություն «տրանսգենդեր»-ի։ Այն ծագել է բժշկական, հոգեբուժական և հոգեբանական համայնքներում։ Առաջին անգամ օգտագործվել է Մագնուս Հիրշֆելդի կողմից 1923թ․՝ «seelischer Transsexualismus» ձևակերպմամբ, որը նշանակում է «հոգեկան տրանսսեքսուալիզմ»։ Տրանսսեքսուալ մարդն իրեն լիովին նույնականացնում է հաստատված սեռին հակառակ գենդերային դերի հետ և մշտապես ցանկանում է ապրել նախընտրած գենդերային դերով։ Այն հաճախ ուղեկցվում է սեփական առաջնային և երկրորդային սեռային հատկանիշների ուժեղ մերժմամբ և նախընտրած գենդերին բնորոշ մարմին ունենալու ցանկությամբ։ Տրանսսեքսուալ անհատը կարող է ցանկանալ բժշկական միջամտություն իրականացնել, սակայն վերջինս պարտադիր պայման չի հանդիսանում, ինչպես նաև կարող է իրականացնել սոցիալական դերի փոփոխություն արականից իգական կամ իգականից արական, որը շատ դեպքերում, ներառում է նաև սոմատիկ փոփոխություն հակառակ սեռի հորմոնային թերապիայի և/կամ սեռական օրգանների վիրահատությամբ։ Վերջինս կրում է գենդերի վերահաստատման վիրահատություն անվանումը (նախկինում՝ սեռի փոփոխության վիրահատություն)[3]։

Սեռահասունացումը կյանքի ժամանակաշրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար վերափոխվում է հասուն մարդու` կնոջ կամ տղամարդու մարմնի։ Այն մեկ օրում տեղի չի ունենում, այլ տևում է տարիներ։ Այդ տարիներին մարդու ուղեղն ազդակներ է ուղղարկում սեռական և մարմնի այլ օրգաններին։ Դրանք սկսում են արտադրել հորմոններ, որոնք ձևափոխում ու ձևավորում են մարդու օրգանիզմը մինչև հասունացման ավարտը։ Սեռահասունացումը սկսվում է երկրորդային սեռային հատկանիշների առաջացումով։

Սեռական ինքնություն
Սեռական ինքնության գծապատկեր

Արական սեռի անհատների սեռահասունացումը սովորաբար սկսվում է 11 տարեկանում, սակայն կարող է սկսվել նաև ավելի շուտ` 9-10 տարեկանում կամ ավելի ուշ` 13-14 տարեկանում` կախված օրգանիզմի յուրահատկությունից։ Սեռական հասունացման ընթացքում արական սեռի անհատների մոտ մեծանում են ամորձիները և առնանդամը, ի հայտ են գալիս երկրորդային սեռային հատկանիշները` մազերի առաջացում` կրծքավանդակի, թևատակերի, դեմքի, սեռական օրգանների և մարմնի այլ մասերի շրջանում, աճում և զարգանում են մարմնի ոսկրերը և մկանները, լայնանում են ուսերը և կրծքավանդակը, մաշկը կոպտանում է, ձայնը դառնում է խռպոտ և խորը։ Արական սեռի անհատների սեռահասունացման ցուցանիշներից են` երազախաբությունները և էրեկցիաները։ Այս տարիքում տղաները երբեմն առավոտյան կարող են արթնանալ թաց վարտիքով, որովհետև գիշերը` քնած ժամանակ որոշ քանակությամբ սերմնահեղուկ է արտադրվել։ Այս երևույթն անվանում են երազախաբություն (պոլուցիա), որը կարող է ուղեկցվել սեռական բնույթի երազներով։ Երազախաբությունները բնական երևույթներ են և կազմում են սեռահասունացման ընթացքի մի մասը։ Էրեկցիան ֆիզիոլոգիական երևույթ է, որը բնորոշվում է առնանդամի մեծացումամբ ու պնդացումամբ։ Էրեկցիա առաջանում է սեռական ցանկության կամ գրգռված լինելու ժամանակ։

Իգական սեռի անհատների սեռահասունացումը սովորաբար սկսվում է 10 տարեկանում, կարող է սկսվել նաև ավելի շուտ` 8-9 տարեկանում, կամ ավելի ուշ` 12-13 տարեկանում։ Այս ընթացքում իգական սեռի անհատների մոտ ի հայտ են գալիս երկրորդային սեռային հատկանիշները. մեծանում են կրծքագեղձերը, թևատակերին, սեռական օրգանների շրջանում և մարմնի այլ հատվածներում մազեր են աճում, մարմինը սկսում է աճել և դառնալ նրբակազմ, մաշկը դառնում է նուրբ և փափուկ, ձայնը նրբանում է և դառնում ավելի բարձր։ Իգական սեռի անհատների սեռահասունացման հիմնական ցուցանիշը դաշտանի սկսվելն է։ Սովորաբար 12-13 տարեկանում աղջիկների մոտ սկսվում է առաջին դաշտանը։ Դաշտանի սկսվելը բնական երևույթ է և խոսում է այն մասին, որ մարդու օրգանիզմը սեռահասունանում է։ Դաշտանի սովորական պարբերաշրջանը (երկու դաշտանների միջև ընկած ժամանակահատվածը) տևում է 28-32 օր, սակայն կարող է լինել նաև 22-35 օր։ Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող են գալ հեղուկ կամ մածուցիկ անգույն արտազատուկներ, որոնք կոչվում են ֆիզիոլոգիական արտազատուկներ։ Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է ընթանում, այսինքն` հեշտոցից կարող են գալ արյան մի քանի կաթիլներ։ Որոշ աղջիկների մոտ հենց սկսվելու ամսից դաշտանը լինում է պարբերական, իսկ որոշների մոտ` ընդհատումներով։ Դա բնական երևույթ է, քանի որ օրգանիզմին ժամանակ է անհրաժեշտ հարմարվելու փոփոխություններին։ Դաշտանի սկսվելու նախանշաններն են` որովայնի շրջանում թեթև կծկումները, փքվածությունը, գերզգայուն կրծքագեղձերը, գլխացավերը։

Սեռահասունացման ընթացքում մարդու մոտ սկսում է արտահայտվել սեռական ցանկությունը և սեռական հակումը, որոնք շատ բնական զգացողություններ են։

Սեռական ցանկությունը զգացողություն է, որի ժամանակ անհատը ցանկանում է ունենալ սեռական ապրումներ և մղվում է սեռական ակտիվության։ Սեռական հակումը հրապուրանքն է մեկ այլ մարդու մարմնի նկատմամբ, երբ ցանկություն է առաջանում մոտենալ ու հպվել նրան։ Սեռական ցանկությունը և հակումը միահյուսված են և անհատի մոտ առաջացնում են ներքին լարվածության զգացում, որից ազատվելու համար անհատը մղվում է սեռական ակտիվության (սեռական բնույթ կրող գործողությունների)։

Սեռական լարվածությունից ազատվելու ճանապարհներից մեկը ձեռնաշարժությունն է (օնանիզմ, մաստուրբացիա)։ Ձեռնաշարժության ժամանակ մարդը հաճույք ստանալու նպատակով գրգռում է իր սեռական օրգանները ձեռքով կամ այլ առարկաներով։ Սա բնական երևույթ է և բնորոշ է բոլոր տարիքի մարդկանց` սկսած մանկության տարիքից մինչև հասունություն։ Սեռական լարվածությունից ազատվելու մեկ այլ ճանապարհ է սեռական ակտը կամ սեռական հարաբերությունը (սեքսը)[4]։

Սեռական վարքագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական վարքագիծը[5] սեռական բնույթի գործողությունները սեռական կենսակերպն է արական, իգական կամ այլ սեռի անձի, ինչպես նաև սեփական մարմնի հետ (ձեռնաշարժություն)։ Սեռական հարաբերությունները մարդկանց միջև տեղի ունեցող ներթափանցող սեռական գործողություններն են, որոնք կարող են լինել հեշտոցային (վագինալ), բերանային (օրալ) և հետանցքային (անալ)։

Սեռական վարքագծի հիման վրա մարդիկ բաժանվում ենք հետևյալ խմբերի.

  • ԿՍՏ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ,
  • ԿՍԿ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում կանանց հետ,
  • ԿՍՏԿ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց և կանանց հետ,
  • ՏՍԿ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում կանանց հետ,
  • ՏՍՏ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ,
  • ՏՍՏԿ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց և կանանց հետ։

Եվ´ կենդանական, և´ մարդկային աշխարհում սեռական հարաբերությունները, բացի իրենց առաջնային նպատակից (վերարտադրությունից), ծառայում են նաև հաճույք ստանալու, սթրեսներից ձերբազատվելու և այլ նպատակներով։ Մարդիկ նաև ունեն վերարտադրողական և սեռական իրավունքներ, որոնց թվում` սեռական և վերարտադրողական հարցերի վերաբերյալ ինքնուրույն որոշումների կայացման իրավունք։

Սեռական կողմնորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական կողմնորոշումը սեռականության բաղադրիչներից մեկն է և բնորոշ է յուրաքանչյուր անհատին, այն անհատի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջությունն, ինտիմ և սեռական հարաբերություններն են այլ անհատի նկատմամբ։

Առանձնացվում են սեռական կողմնորոշման հետևյալ տեսակները` տարասեռական, նույնասեռական, երկսեռական, ինչպես նաև` անսեռական։

Հետերոսեքսուալ սիմվոլները
Հետերոսեքսուալ անձանց խորհրդանշող սիմվոլները / կնոջ և տղամարդու սիմվոլները։

Տարասեռական (հետերոսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն ունի, ինտիմ և սեռական հարաբերություններ` այլ սեռի կամ գենդերի անձանց նկատմամբ։

Նույնասեռականության հպարտության դրոշը
Նույնասեռական / հոմոսեքսուալ անձանց հպարտության խորհրդանիշը (դրոշը)։

Նույնասեռական (հոմոսեքսուալ` լեսբի կամ գեյ) է յուրաքանչյուր անհատ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն ունի, ինտիմ և սեռական հարաբերություններ` նույն սեռի կամ գենդերի անձանց նկատմամբ։ Նույնասեռական տղամարդկանց անվանում են գեյ, իսկ նույնասեռական կանանց` լեսբի։

1973թ. Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի հոգաբարձուների խորհուրդը հանել է «նույնասեռականությունը» Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկից (DSM-II), որով ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում առաջնորդվում են հոգեկան և վարքային խանգարումներն ախտորոշելիս։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ևս 1990թ. մայիսի 17-ին հեռացրել է «նույնասեռականություն» ախտորոշումը Հիվանդությունների միջազգային դասակարգման (ICD-10) հոգեկան խանգարումների շարքից, որով առաջնորդվում են նաև ՀՀ երկրի հոգեկան առողջության մասնագետները, ինչպես նաև 2018թ․ ԱՀԿ-ն «տրանսսեքսուալությունն» է հանել հիվանդությունների ցանկից, ՀՀ հոգեկան առողջության մասնագետները նույնպես առաջնորդվում են այս որոշմամբ:

Երկսեռականության խորհրդանիշը
Երկսեռական / բիսեքսուալ անձանց հպարտության խորհրդանիշը (դրոշը)։

Երկսեռական (բիսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը զգացմունքային և/կամ սեռական գրավչություն ունի մեկից ավելի սեռերի նկատմամբ։

Ասեքսուալության դրոշը
Անսեռական / ասեքսուալ անձանց հպարտության խորհրդանիշը (դրոշը)։

Անսեռական (ասեքսուալ) մարդը սեռական հրապուրանք, գրավչություն և/կամ ցանկություն գրեթե կամ ընդհանրապես չի զգում ոչ մի սեռի մարդու նկատմամբ։ Ասեքսուալ մարդիկ ունենում են նույն հուզական կարիքները, ինչ բոլորը և ընդունակ են ձևավորել ինտիմ հարաբերություններ։ Ասեքսուալությունը համարվում է սեռական կողմնորոշման տեսակ, չնայած ոմանք այլ կարծիքի են։

Ի գիտություն. Եթե անհատն անսեռական է, դեռևս չի նշանակում, որ նա սեռական հարաբերություններ չի կարող ունենալ։ Անսեռական անհատը ևս կարող է զուգընկեր/ուհի ունենալ, ի վիճակի է երեխաներ ունենալ։ Հարկ է անսեռականությունը տարանջատել ամլությունից և սեռական անկարությունից։ Անսեռականությունը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջության (բոլորը միասին) բացակայությունն է, սակայն ոչ անկարությունը (իմպոտենցիա

Կարևոր է նաև անսեռականությունը տարբերել ժուժկալությունից, որը սեռական կյանք վարելուց դիտավորյալ հրաժարվելն է։ Մարդկանց մեծ մասամբ ժուժկալության դրդում են որոշ կրոնական գաղափարներ կամ ուղղություններ, և հիմնականում ժուժկալության հիքմը հոգևոր-կրոնական է։ Ցանկացած սեռական կողմնորոշում ունեցող անհատ կարող է ժուժկալ կենսակերպ վարել։ Բնական ու կանոնավոր սեռական կյանք վարելը կամ դրանից իսպառ հրաժարվելն անհատի ընտրությունն է։

Եթե կինը սիրում է այլ գենդերի անհատի կամ անհատների (զգացմունքային գրավչություն), անհանգստանում է նրա համար կամ հետաքրքրված է նրանով (հուզական գրավչություն), սեռական ցանկություն և հակում է ունենում նրա նկատմամբ (սեռական գրավչություն), ցանկանում է և/կամ սեռական կյանք վարում նրա հետ (սեռական հարաբերություն), ցանկանում է և/կամ ավելի շատ ժամանակ է անցկացնում նրա հետ (ինտիմ հարաբերություն), ապա այդ անհատը տարասեռական է։ Նույնն էլ հակառակ դեպքում։ Նույն ձևով, եթե կինը կամ տղամարդը նույն բոլոր գրավչությունների ամբողջությունը, ցանկությունները և/կամ հարաբերությունները ունի նույն գենդերի (տղամարդը` տղամարդու, կինը` կնոջ) անձի նկատմամբ, ապա նա նույնասեռական է իր սեռական կողմնորոշմամբ։

Սեռականության տեսանկյունից նույնասեռականների ու տարասեռականների հիմնական տարբերությունը նրանց սեռական կողմնորոշումն է, իսկ մյուս առումներով նրանք ունեն շատ ընդհանրություններ։ Ե´վ արական, և´ իգական սեռի անհատների նկատմամբ բոլոր վերոնշյալ հակումներ ունեցող անձիք էլ, անկախ իրենց կենսաբանական սեռից, երկսեռական են համարվում։

Սեռական կողմնորոշումը հաճախ սխալմամբ նույնացվում է նաև սեռական վարքագծի հետ։ Սովորաբար անհատի սեռական վարքագիծը համապատասխանում է նրա սեռական կողմնորոշմանը, սակայն որոշ դեպքերում այն կարող է և չհամապատասխանել։ Օրինակ` նույնասեռական տղամարդը կարող է իր սեռական վարքագծով լինել ոչ թե տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում տղամարդու հետ, այլ` տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում կնոջ հետ։ Ինչպես նաև տարասեռական տղամարդը կարող է լինել տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում տղամարդկանց հետ, այլ ոչ թե` տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում կանանց հետ։ Նույնն էլ` կանանց դեպքում։ Պատճառները և շարժառիթները երկու դեպքում էլ կարող են տարբեր լինել։ Այսպես, նույնասեռականը կարող է ինքն իրեն որպես տարասեռական ներկայացնել հանրությանը, այդ թվում` ցուցաբերել տարասեռականներին բնորոշ սեռական վարքագիծ (սեռական կենսակերպ այլ սեռի կամ գենդերի անհատի/անհատների հետ) հոմոֆոբիայից, խտրականությունից, անհանդուրժողականությունից խուսափելու համար և այլ պատճառներով։ Տարասեռականը կարող է ցուցաբերել նույնասեռականներին բնորոշ սեռական վարքագիծ (սեռական կենսակերպ նույն գենդերի անհատի կամ անհատների հետ), օրինակ, գտնվելով քրեակատարողական հիմնարկներում, մենաստաններում, բանակում և այլ տիպի փակ հաստատություններում։ Որոշ տղամարդիկ երբեմն ստիպված են լինում (ոմանց պարտադրում են) ցուցաբերել ՏՍՏ սեռական վարքագիծ` կնոջ բացակայության պայմաններում սեռական կարիքներն ու բնական սեռական ցանկությունները բավարարելու համար։ Քանի որ սեռական կողմնորոշումը ներառում է գրավչությունների ամբողջություն, և սեռական վարքագծի երկարաժամկետ կամ կարճաժամկետ փոփոխությունը չի փոփոխում սեռական, զգացմունքային և այլ գրավչությունները ինչպես տարասեռականների, այնպես էլ նույնասեռականների և այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց մոտ, ապա եթե ինչ-որ մեկին ստիպում են փոփոխել իր սեռական վարքագիծը, իր համար ոչ գրավիչ սեռի հետ սեռական հարաբերությունները կամ ամուսնությունը չեն փոփոխում տվյալ անձի սեռական կողմնորոշումը։ Օրինակ` եթե նույնասեռականին պարտադրեն ամուսնանալ կնոջ հետ, դա դեռևս նրան տարասեռական չի դարձնում, և ոչ էլ տարասեռականին է հնարավոր նույնասեռական դարձնել։

Ի գիտություն. Սեռական կողմնորոշումը չի կառավարվում կամ ընտրվում անհատի կողմից, իսկ սեռական վարքագիծը երբեմն կարող է լինել համեմատաբար փոփոխական (և´ կանանց, և´ տղամարդկանց, և´ նույնասեռականների, և´ տարասեռականների դեպքում) և համեմատաբար կառավարելի:

Սեռական ինքնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական ինքնությունն անհատի սեռականության այն բաղադրիչն է,որը վերբերում է նրան, թե ինչ տեսակ սեռական կողմնորոշում ունեցող ենք մենք մեզ ընկալում և համարում (տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ անսեռական)։

Սեռական ինքնությունն անհատի` նույնասեռական, երկսեռական, տարասեռական կամ անսեռական լինելու ներքին զգացողությունն է։ Այս հասկացությունն օգտագործվում է որպես իրավաբանական հասկացություն Գերմանիայում, Չեխայում, Սլովակիայում, Հունգարիայում և Իսպանիայում։

Անհատի սեռական ինքնությունը տարբերվում է նրա սեռային ինքնությունից։ Եթե սեռային ինքնությունը սեփական սեռի ընկալումն է. «ի՞նչ սեռի եմ ես» հարցի պատասխանը` արական, իգական կամ այլ, ապա սեռական ինքնությունը անհատի սեռական կողմնորոշման ներքին ընկալումն է. «ի՞նչ սեռական կողմնորոշում ունեմ ես» հարցի պատասխանը` տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ անսեռական։ Մյուս կողմից, անհատի սեռական ինքնությունը տարբերվում է նրա գենդերային ինքնությունից։ Դրանք երկուսն էլ սեռականության առանձին բաղադրիչներ են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "ՓԻՆՔ", Արմենիա (2016). «Սեռականություն». PINK Armenia. PINK Armenia.
  2. «ILGA-Europe Glossary | ILGA-Europe». www.ilga-europe.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ (Փինք Արմենիա) (2017). «ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի ուղեցույց. հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագետների համար» ուղեցույց. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Gender and Genetics». World Health Organization (WHO).
  5. "Հանուն ընտանիքի և առողջության", համահայկական ասոցիացիա (2008 հունիսի 18). «Զրույց սեռականության մասին» (PDF). UNFPA Armenia. "Հանուն ընտանիքի և առողջության" համահայկական ասոցիացիա.