Բելոգրադչիկի աստղադիտարան
Բելոգրադչիկի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Երկիր | Բուլղարիա |
Վայր | Բելոգրադչիկ |
Կայք | astro.bas.bg/~aobel/ |
Belogradchik Observatory Վիքիպահեստում |
Բելոգրադչիկի աստղադիտարան կամ Բելոգրադչիկի աստղագիտական աստղադիտարան, աստղագիտական աստղադիտարան Բուլղարիայում, որը ղեկավարում է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտը։ Այն տեղակայված է հյուսիսարևմտյան Բուլղարիայում՝ Բելոգրադչիկ քաղաքի մոտակայքում, Արևմտյան Բալկանյան լեռների ստորոտում։ Երկրորդ աստղադիտարանը, որը շահագործվում է նույն աստղագիտության ինստիտուտի կողմից, Ռոժենի ազգային աստղագիտական աստղադիտարանն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղադիտարանի շինարարությունն իրականացվել է մի խումբ խանդավառ աստղագետների կողմից, որոնք ղեկավարել են Սոֆիայի համալսարանի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ և պրոֆեսոր Խրիստո Կոստովը (1932-1982)։ Բելոգրադչիկի աստղադիտարանը դարձավ Բուլղարիայի առաջին ուսումնական աստղադիտարանը։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 1965 թվականի հունիսի 21-ին, դոկտոր Ալեքսանդր Տոմովի (1930-2009) և Խրիստո Կոստովի ներկայությամբ, արարողությանը մասնակցում էին նաև այնպիսի բուլղարացի առաջատար աստղագետներ, որոնցից էին ակադեմիկոս Նիկոլա Բոնևը (1898-1979), պրոֆեսոր Մալինա Պոպովան (1922-2011), Ցվետան Բոնչևը, Աթանաս Ստրիգաչևը և Բոգոմիլ Կովաչևը։ 1964-1974 թվականներին աստղադիտարանն օգտագործվել է որպես օժանդակ ուսումնական բազ՝ խորհրդային արբանյակների հետագծերը հետևելու համար[1]։
Լրացուցիչ տարածքներ ավելացվեցին 1960-ականներին։ Տոմովը, որը 1964-1988 թվականներին տնօրենն էր, օգտագործեց խորհրդային փորձը աստղադիտարանի ենթակառուցվածքի զարգացման գործում՝ համագործակցելով խորհրդային աստղագետներ Բ.Ա. Վորոնցով-Վելյամինովը (Գալակտիկաների մորֆոլոգիական կատալոգի հեղինակ), Ա.Գ. Մասևիչը, Ի.Դ. Կարաչենցևը և Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտի և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի այլ անդամներ։ 1976 թվականին Բուլղարիայի գիտությունների ակադեմիան ստանձնեց աստղադիտարանի կառավարումը. Բելոգրադչիկի աստղադիտարանը սկսեց օգտագործվել բացառապես գիտական ��ետազոտությունների համար՝ համագործակցելով Սոֆիայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժնի աստղագետների և արտասահմանյան ինստիտուտների անդամների հետ։ 1995 թվականին Աստղագիտության ինստիտուտը դարձավ առանձին կառույց, և աստղադիտարանը վերանորոգվեց 1990-ականներին և 2000-ականներին (լրացուցիչ աշտարակն ավարտվեց 1994 թվականին)։ Աստղադիտարանի տնօրենն է Անտոն Ստրիգաչևը։ 1950 թվականի հուլիսին Աստղադիտարանը նշեց իր 50-ամյակը՝ անցկացնելով Բուլղարական աստղագիտական ընկերության X տարեկան գիտաժողով։
Սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղադիտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղադիտարանի առաջին աստղադիտակը 15 սանտիմետրանոց Կասեգրեյնի ռեֆլեկտորն էր (Cassegrain reflector), որը պատրաստել էր ԳԴՀ Carl Zeiss ընկերությունը, իսկ 1969 թվականի օգոստոսին այն փոխարինվեց 60 սանտիմետրանոց Կասեգրեյնի աստղադիտակով (նույնպես Carl Zeiss արտադրած), որը տեղադրված էր 5 մետր բարձրության վրա։ Առաջնային կիզակետային հեռավորությունը 2400 մմ է, Կասեգրեյնի աստղադիտակի կիզակետային հեռավորությունը՝ 7500 մմ, ոսպնյակի f / 12.5 հարաբերական բացվածքով։ Դիտման անկյունը 20 րոպե է։ Սարքավորումը ներառում է նաև 110 մմ փոքր ռեֆրակտոր, որի կիզակետային հեռավորությունը կազմում է 750 մմ, իսկ տեսողության անկյունը՝ 2 աստիճան։ 1969 թվականից մինչև 1980 թվականներն այն Բալկաններում ամենամեծ աստղադիտակն էր, որը միայն զիջում էր Ռոժենի աստղադիտարանի 2-մետրանոց RCC աստղադիտակին, որը ամենամեծ աստղադիտակն է եղել մինչև 2007 թվականը։ 60 սանտիմետրանոց Կասեգրեյն աստղադիտակի արժեքը կազմել է 200 հազար բուլղարական լև,ինչը այդ ժամանակ բավական մեծ գումար էր։ Երկու աստղադիտակներն էլ գերմանական Carl Zeiss AG ընկերության արտադրանքն էր։ Արտադրողի հետ հարաբերությունները հետագայում թույլ տվեցին սարքավորումներ ձեռք բերել նաև Ռոժենի ազգային աստղադիտարանի համար, որը ստացել է կրկնակի 60 սանտիմետրանոց Կասեգրեյն աստղադիտակ։ Ներկայումս 15 սմ տրամագծով աստղադիտակն օգտագործվում է միայն ցուցադրման համար։ 1994 թվականից առանձին՝ ավելի փոքր աշտարակի վրա ավելացվել է ևս մեկ կատադիոպտրիկական (հայելաոսպնյակային օպտիկական համակարգ) աստղադիտակ․ օգտագործում է 36 սմ (14 դյույմ) տրամագծով Schmidt-Cassegrain աստղադիտակը։
Գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին նախագծվեց և հիմնական սարքի վրա տեղադրվեց ֆոտոնների հաշվարկի ռեժիմում աշխատող առաջին բուլղարական մեկ-ալիքային էլեկտրաֆոտոմետրը՝ օգտագործելով UBV (from Ultraviolet, Blue, Visual) ֆոտոմետրիկ ֆիլտրի համակարգ և հինգ դիաֆրագմա (0.5-5 մմ)։ Մի քանի տարի անց այն արդիականացվեց EMI-9789 QA ֆոտոմուլտիպլիկատորով (photomultiplier)։ 1997 թվականին preamp-discriminator (Preamplifier) մոդուլի ֆոտոմետրը փոխարինվեց Ուկրաինայում կառուցված նորով։ Այն դեռ երբեմն օգտագործվում է պայծառ աստղերի համար։ 1997 թվականից մինչև 2008 թվականն օգտագործվել է ST-8 CCD (Charge-coupled device) տեսախցիկը։ 2008 թվականից ի վեր 60 սմ հիմնական աստղադիտակը հագեցվել է Finger Lakes Instrumentation- ի (ԱՄՆ) արտադրած FLI PL-9000 CCD տեսախցիկով։ Այն օգտագործում է KAF-09000 չիպ՝ առանց բինինգի (binning) 3056 x 3056 պիքսել թույլատվությամբ և 16-բիթանոց ADC (Analog-to-digital converter) անալոգաթվային փոխարկիչով։ Պիքսելի չափը 12 μm է, ինչը այս աստղադիտակին տալիս է 0,330 արկվրկ / պկս մասշտաբ՝ առանց բինինգի և 1,0 arcsec / pixel 3 x 3 բինինգով։ Տեսադաշտը 17' x 17' է։ Օգտագործվում են BVRcIc Johnson-Cousins ստանդարտ ֆիլտրեր։
Դիտարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում աստղադիտարանն օգտագործվել է արբանյակային աստղաչափության համար (1960-1970-ականներ)։ 1964-1974 թվականներին դիտվել է ավելի քան 1000 խորհրդային արբանյակ և տվյալներն ուղարկվել են Մոսկվայի Առաքելությունների վերահսկման կենտրոն՝ ուղեծրի ճշգրտման նպատակով։ Ավելի ուշ՝ 1970-ականների և 1980-ականների ընթացքում, իրականացվել են ավելի քան 200 կատալոգային կրկնակի և բազմակի գալակտիկաների (1970-1980-ականներ) ֆոտոէլեկտրական հետազոտություններ։
Հոլմբերգի էֆեկտը օգտագործվել է ֆիզիկական և տեսողական համակարգերը (երկուական և բազմապատիկ) հաստատելու կամ բացառելու համար։ Հատկանշական արդյունքները ներառվել են «Ֆոտոէլեկտրական մեծությունների և գույների ընդհանուր կատալոգում UBV համակարգի 3578 գալակտիկաներ, որոնք 16-րդ V մագնիտուդից ավելի պայծառ են (1936-1982)» գրքում[2]։ Այս գրքի տվյալների զգալի մասը ստացվել է Բելոգրադչիկի աստղադիտարանից[1]։
1990-ականների ընթացքում, բացի փոփոխական աստղերի արագ աստղային էլեկտրաֆոտոմետրիայից, այն նաև հիմք էր Արեգակնային համակարգի մանր մարմինների մանրակրկիտ դիտումների համար, ներառյալ հայտնի Shoemaker-Levy 9 գիսաստղի հանդիպումը Յուպիտերի հետ 1994 թվականի հուլիսին։ Վերջին տարիներին ռումինացի աստղագետները համատեղ օգտագործել են աստղադիտարանը Gaia ծրագրի հետ կապված աստղաչափության նախագծի համար, մինչ 2013 թվականի դեկտեմբերին դրա մեկնարկը։ Այդ ժամանակ էր, որ ավտոմատ սեյսմոգրաֆը տեղադրված էր հարակից մեկուսացված բաժանմունքում, որտեղ այն սպասարկում էր և ռումինացի, և բուլղարացի սեյսմոլոգներին։ Հետազոտության արդի ոլորտը ներառում է CCD- ի դիտարկումներ հիմնականում փոփոխական աստղերի տիպի երկար տիրույթի, ինչպես նաև ակտիվ գալակտիկական միջուկների (AGN), մասնավորապես բլազարների վերաբերյալ։ Դիտարկումներն իրականացվում են մի քանի թիմերի հետազոտողների կողմից՝ համապատասխան ազգային և միջազգային գիտական նախագծերի շրջանակներում։ Տարիների ընթացքում Բելոգրադչիկի աստղադիտարանը համագործակցում և զուգահեռ դիտարկումներ է անցկացրել Ուկրաինայում (Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարան), Ռուսաստանում (Տերսկոլի աստղադիտարան (Կովկաս)), Հայաստանում (Բյուրականի աստղադիտարան), Հունաստանում (Սկինակասի աստղադիտարան (Կրետե) և Չելմոսի աստղադիտարանում (Պելոպոննես) ), Սերբիա, Ռումինիա, Սլովակիա (Skalnaté pleso աստղադիտարան (Տատրի)), Չեխիա (Օնդրեյովի աստղադիտարան), Լեհաստան (Թորունի աստղադիտարան), Գերմանիա, Ֆրանսիա և Հնդկաստան, ի թիվս այլոց։ Պարբերաբար իրականացվում են նաև Ռոժենի աստղադիտարանի միաժամանակյա դիտարկումներ։ Դիտորդական ժամանակը կառավարվում և բաշխվում է ինստիտուտի ժամանակի բաշխման մասնագիտացված հանձնաժողովի կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ճակատային տեսք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Николай ТОМОВ. «АЛЕКСАНДЪР ТОМОВ (1930-2009) - ОСНОВОПОЛОЖНИК НА АСТРОНОМИЧЕСКАТА ФОТОЕЛЕКТРИЧНА ФОТОМЕТРИЯ В БЪЛГАРИЯ».
- ↑ Longo, Giuseppe; de Vaucouleurs, Antoinette; Corwin, Harold G. (1983). «General catalogue of photoelectric magnitudes and colors in the U,B,V system of 3,578 galaxies brighter than the 16-th V-magnitude (1936-1982)». The University of Texas Monographs in Astronomy, Austin: University of Texas, 1983.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելոգրադչիկի աստղադիտարանի պաշտոնական կայք (անգլ.)
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի պաշտոնական կայք (անգլ.)
- Ռոժեն աստղադիտարանի պաշտոնական կայք (անգլ.)
- АЛЕКСАНДЪР ТОМОВ (1930-2009) – ОСНОВОПОЛОЖНИК НА АСТРОНОМИЧЕСКАТА ФОТОЕЛЕКТРИЧНА ФОТОМЕТРИЯ В БЪЛГАРИЯ (բուլղ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բելոգրադչիկի աստղադիտարան կատեգորիայում։ |