Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնաբաղեղ բաղեղանման (լատին․՝ Glechoma hederacea), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
20-50 սմ բարձրությամբ, սողացող, քառանիստ, ճյուղավոր ցողունով, խաչաձև-հակադիր դասավորված երկարակոթ տերևներով մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Լայն, երիկամաձև տերևաթիթեղները աղեղնաեզր են։ Տերևանութներում զույգերով աճում են հնգանդամ, երկնագույն-մանուշակագույն կամ սպիտակավուն երկշուրթ ծաղիկները։ Պսակն ունի երկար, վերին մասում լայնացող խողովակ, վերին շուրթը կտրվածքով է, իսկ խոշոր միջին բլթակով ստորինը՝ եռաբլթակ։ Չորս միասերմ ընկուզիկներից կազմված պտուղը չոր է[1]։
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների թփուտներում, անտառաեզրերին, խոնավ մարգագետիններում, աղբավայրերում։ Տարածված է Շիրակի և Լոռու մարզերում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը ծաղկման շրջանում։ Ցողուններն ու տերևները պարունակում են A, C վիտամիններ, դաբաղանյութեր, խեժ, խոլին, եթերայուղ, միկրոտարրեր և այլն։ Եփուկն օգտագործում են թարախային վերքերի և ֆուրունկուլների բուժման համար[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.