Jump to content

Պարաթիրեոիդ հորմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարաթիրեոիդ հորմոն(անգլ.՝ Parathyroid hormone) կամ պարաթհորմոն(անգլ.՝ Parathormone), մարդու և ողնաշարավոր կենդանիների հարվահանագեղձերում արտադրվող պեպտիդային հորմոն։ Հորմոնը կուտակվում է բջջի ցիտոպլազմայում՝ հյութազատիչ հատիկներում։ Բաղկացած է 84 ամինաթթվային մնացորդներից, իսկ հարաբերական մոլեկուլային զանգված��հավասար է 9500գ/մոլի։ Հորմոնի հիմնական թիրախային օրգաններն են ոսկրերը, երիկամները և աղիքները։ Պարաթհորմոնն արյան մեջ բարձրացնում է կալցիումի իոնների(Ca2+) մակարդակը և նվազեցնում ֆոսֆատների քանակը[1]։

Պարաթիրեոիդ հորմոնը ոսկրերում ակտիվացնում է օստեոկլաստները, ինչի հետևանքով քայքայվում է ոսկրային հյուսվածքը, իսկ այնտեղ պահվող կալցիումի իոններն(Ca2+) անցնում են արյուն։ Կալցիումի իոնների(Ca2+) հետ արյուն են անցնում նաև ֆոսֆատները։

Հորմոնը բոլոր մեխանիզմներով նպաստում է արյան պլազմայում կալցիումի իոնների(Ca2+) ավելացմանը։ Չնայած ոսկրերից և աղիքներից որոշ չափի անօրգանական ֆոսֆոր անցնում է արյուն, այնուամենայնիվ ֆոսֆատ իոնների երիկամներով կորուստն այնքան մեծ է, որ պարաթհորմոնի ազդման գումարային ազդեցությունը հանգեցնում է արյան մեջ ֆոսֆատների քանակի նվազման։

Պարաթիրեոիդ հորմոնի ազդեցությունը կալցիումի իոնների(Ca2+) փոխանակության վրա սերտ կապված է D վիտամինի ու նրա հորմոնային տեսակի ազդեցությունների հետ[1]։

Գերարտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարաթհորմոնի գերարտադրության հիմնական պատճառը գեղձի չարորակ գոյացություններն են։ Այս դեպքում զարգանում է հիպերպարաթիրեոիդիզմ, ինչի հետևանքով ոսկրերն ապահանքայնանում են։ Արդյունքում կորչում է ոսկրերի ամրությունը, և առանց լուրջ պատճառի, թեթևակի հարվածից կամ անգամ անզգույշ քայլվածքից կարող են կոտրվել։ Կարող է զարգանալ նաև օստեոպորոզ, ինչը առավել բնորոշ է կանանց[1]։

Թերարտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարաթհորմոնի անբավարար քանակությունն օրգանիզմում առաջացնում է հիպոպարաթիրեոիդիզմ։ Այն նույնպես վտանգավոր վիճակ է, քանի որ արյան մեջ առաջանում է կալցիումի իոնների(Ca2+) անբավարարություն, ինչն էլ հանգեցնում է դրդունակ հյուսվածքներում նատրիումի իոնների(Na+) թափանցելիության կտրուկ մեծացմանը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հ.Ա. Հասրաթյան; Ա.Ս. Տեր-Մարկոսյան; Հ.Կ. Ղամբարյան; Ք.Ռ. Հարությունյան; Գ.Ռ. Համբարձումյան; Ա.Լ. Թորգոմյան; Կ.Վ. Մելքումյան (2020թ.). պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյան (ed.). ՆՈՐՄԱԼ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ. Երևան: ԵՊԲՀ. էջեր 335–338. ISBN 978-9939-65-200-9.