Տարածությունը 123,6 հզ․ կմ² է, բնակչություն 2,97 մլն (2010, որի 37%֊ը՝ աֆրոամերիկացիներ են)։ Քաղաքային բնակչությունը մոտ 45% է, վարչական կենտրոնն ու խոշոր քաղաքը՝ Ջեքսոնը։ Մակերևույթի մեծ մասը հարթավայրային է՝ կտրտված Միսիսիպի գետի ձախ վտակներով։ Միսսիսիպին ագրարային նահանգ է։ Մշակվող հիմնական կուլտուրան բամբակն է (Միսսիսիպի գետի ու Ցազու վտակի հովիտներում), որի բերքով Միսսիսիպին 2-րդն է երկրում (Տեխասից հետո)։ Մշակում են նաև սոյա, եգիպտացորեն, բրինձ, ցորեն, շաքարեղեգ։ Զբաղվում են անասնապահությամբ, խոզաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Կա նավթի, գազի հանույթ, սննդի, տեքստիլ, կարի, թաղանթանյութի-թղթի, քիմիական արդյունաբերություն, նավաշինություն։
Ըստ 2011 թվականի մարդահամարի Միսսիսիպիի բնակչությունը 2 978 512 մարդ է։ Մինչև 1930-ական թվականները բնակչության մեծամասնությունը աֆրոամերիկացիներ էին։ Հետագա տարիներին մոտ 360 հազար աֆրոամերիկացիներ տեղափոխվել են երկրի արևմուտք և հյուսիս։ Այսօր նրանք կազմում են նահանգի բնակչության 37 %։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 609)։