Jump to content

Ինես Մոնիկա Վայնբերգ դե Ռոկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինես Մոնիկա Վայնբերգ դե Ռոկա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1948(1948-12-16) (75 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան և Լա Պլատայի ազգային համալսարան
Մասնագիտությունփաստաբան և դատավոր
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան
ԱմուսինEduardo A. Roca?
 Inés Weinberg de Roca Վիքիպահեստում

Ինես Մոնիկա Վայնբերգ դե Ռոկա (Inés Mónica Weinberg de Roca դեկտեմբերի 16, 1948(1948-12-16), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների մասնագետ, ով դատավարել է ինչպես հայրենի երկրի, այնպես էլ միջազգային դատարաններում։ 2003-2008 թվականներին եղել է Հաագայի միջազգային քրեական դատարանի դատավոր Ռուանդայում կատարված ցեղասպանության, ինչպես նաև՝ նախկին Հարավսլավիայում կատարված ծանր հանցագործությունների դատաքննության գործերով։ 2013 թվականի հունիս ամսից ի վեր Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային գերագույն դատարանի[1], ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության՝ Նյու Յորքում գտնվող վերաքննիչ դատարանի դատավոր է, միաժամանակ ՝ Բուենոս Այրեսի համալսարանի և Universidad Argentina de la Empresa (UADE), ի միջազգային իրավունքի դասախոս, պրոֆեսոր։ Իր կարիերան սկսել է որպես փաստաբան, ապա դարձել է Բուենոս Այրեսի վարչական դատարանի քաղաքացիական գործերի, այնուհետև՝ վերաքննիչ բողոքների գծով դատավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինես Մոնիկա Վայնբերգը ծնվել է արգենտինական հասարակության միջին խավին պատկանող ընտանիքում։ Հայրը գերմանացի հրեա էր, ով 1930-ական թվականների սկզբներին նացիստների ձեռնարկած հալածանքների պատճառով լքել էր Գերմանիան և բնակություն հաստատել Բուենոս Այրեսում։ Ինեսը սովորել է Բուենոս Այրեսի հյուսիսային արվարձանում գտնվող Սուրբ Պետրոսի դպրոցում, որտեղ ուսուցումը տարվում էր անգլերենով։ Այնուհետև ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանը, Լա Պլատայի համալսարանում էլ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, որը գիտխորհրդի կողմից շատ բարձր է գնահատվել՝ ստանալով magna cum laude որակավորումը և ներկայացվել է Premio Facultad մրցանակով պարգևատրման։

1972-1973 թվականներին Մոնիկա Վայնբերգը միջազգային իրավունքի բնագավառի հետազոտական աշխատանքներ է կատարել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ Համբուրգի Մաքս Պլանկի ինստիտուտում։ Նա ազատորեն տիրապետում է անգլերենին, իսպաներենին, գերմաներենին, ֆրանսերենին։

Իրավաբանի բարձրագույն որակավորում ունենալով՝ իր կարիերան սկսել է որպես անկախ փաստաբան, այդ գործին նվիրել շուրջ քսան տարի։ 1993 թվականին նշանակվել է Բուենոս Այրեսի քաղաքացիական գործերով դատարանի դատավոր[2], 2000-ին ընտրվել է նորաստեղծ վարչական և մաքսային դատարանի դատավոր (Tribunales Contencioso Administrativos y Tributarios): 2013 թվականին նշանակվել է Արգենտինայի մայրաքաղաքի գերագույն դատարանի դատավոր, իսկ 2018 թվականի մարտի 21-ին երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի կողմից ներկայացվել է որպես Արգենտինայի գերագույն դատախազի թեկնածու[3]։

Միջազգային կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինես Մոնիկա Վայնբերգը երկար տարիներ աշխատել է Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում որպես միջազգային իրավունքի հարցերով խորհրդական։ Նա ներկայացրել է իր հայրենի երկիրը զանազան գիտաժողովներում, խորհրդաժողովերում, վեհաժողովներում, այդ թվում՝ նաև մասնավոր իրավունքի միասնականացման նպատակով ստեղծված միջազգային հաստատությունում։ 2002 թվականին Արգենտինան առաջադրել է նրա թեկնածությունը որպես Ռուանդայի հարցով միջազգային քրեական դատարանի դատավորի, և ՄԱԿգլխավոր ասամբլեայում 2003 թվականի հունվարին նա ընտրվել է այդ պաշտոնում։ 2003 թվականի մայիսի 26-ին Ինես Մոնիկա Վայնբերգը, համապատասխան երդումը տալով, ստանձնել է դատավորի պաշտոնը վերոնշյալ միջազգային դատարանում, որը գործում էր Տանզանիայի Արուշա քաղաքում:Այդ նույն տարվա հունիսի 4-ին ստանձնել է նախկին Հարավսլավիայի գործով՝ Հաագայի միջազգային դատարանի մշտական դատավորի պաշտոնը։ 2005-ի աշնանը դարձյալ տեղափոխվել է Ռուանդայի հարցով միջազգային դատարան, որտեղ եղել է դատական նիստերին նախագահողը և հենց նա է, ի թիվս բազմաթիվ այլ դատավճիռների, 2008 թվականի դեկտեմբերին հրապարակել Պրոտայիս Զիգիրանյիրազոյի, «Միսթր Զեթի», Սայմոն Բիքինդիի դատավճիռները։ 2009 թվականին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան Վայնբերգ դե Ռոկային նշանակել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքում գործող վերաքննիչ դատարանի դատավոր 2009-2016 թվականների համար։ Ընդ որում՝ նա դարձել է այդ նորաստեղծ միջազգային դատարանի առաջին նախագահը (նախագահել է 2009-2010 թթ.): 2017 թվականի նոյեմբերին նա մասնակցել է մարդկանց թրաֆիքինգի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի թեմայով Վատիկանի և անձամբ Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի կողմից կազմակերպված դատավորների և դա- տախազների միջազգային առաջին գագաթաժողովին[4]։ Ինես Մոնիկա Վայնբերը ներկայումս ընդգրկված է «Տնտեսության մեջ կանանց դերի աճի», «Միլիոն խաղաղասեր կանայք» ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների խորհրդատվական մարմինների կազմում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Derecho Internacional Privado: Buenos Aires, De Palma 1997; 2nd ed.: Lexis Nexis 2002; 3rd ed: Lexis Nexis 2004, 4th ed.: Abeledo- Perrot 2011.
  • Competencia internacional y ejecución de sentencias extranjeras, Buenos Aires, Astrea 1994.
  • Sentencing and Incarceration in the Ad Hoc Tribunals, (in collaboration with Christopher M. Rassi), Stanford Journal of International Law 2008, vol. 44.
  • The influence of national proceedings against War Criminals after World War II on the jurisprudence of the ICTY and Vice Versa, Historische Dimensionen von Kriegsverbrecherprozessen nach dem Zweiten Weltkrieg, Hsg. Radtke, Rössner, Schiller und Form, Nomos/Dike 2007, p. 61.
  • Ten Years and Counting: The Development of International Law at the ICTR, New England Journal of International and Comparative Law, volume 12, 2005, number 1, p. 69.
  • Conflict of Jurisdictions vs. Conflict of Laws, International Cooperation Through Private International Law, Essays in Memory of Peter E. Nygh, T.M.C. Asser Press, 2004, p. 489.
  • Private International Law in a Global World, Festschrift für Erik Jayme, Sellier 2004.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.lanacion.com.ar/1586833-legislatura-nombran-a-una-jueza-en-la-corte-portena%7Ctítulo=(չաշխատող հղում) Legislatura: debaten el nombramiento de una jueza en la Corte porteña - lanacion.com.ar|fechaacceso= 31 de mayo de 2013}}
  2. https://www.lanacion.com.ar/1110809-ines-weinberg-de-roca-el-desafio-de-hacer-justicia-despues-del-horror%7Ctítulo=(չաշխատող հղում) Inés Weinberg de Roca: el desafío de hacer justicia después del horror - lanacion.com.ar|fechaacceso= 21 de marzo de 2018}}
  3. https://www.infobae.com/politica/2018/03/21/mauricio-macri-propondra-a-ines-weinberg-de-roca-como-nueva-procuradora-general-de-la-nacion/%7Ctítulo= Mauricio Macri propondrá a Ines Weinberg de Roca como nueva procuradora general de la Nación - Infobae.com|fechaacceso= 21 de marzo de 2018}}
  4. http://www.tsjbaires.gob.ar/index.php?option=com_flexicontent&view=items&cid=2:prensa&id=6738:cumbre-de-juezas-y-fiscalas-sobre-la-trata-de-personas-y-el-crimen-organizado%7Ctítulo= Cumbre de Juezas y Fiscalas sobre la Trata de Personas y el Crimen Organizado|fechaacceso= 21 de marzo de 2018}}

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]