Ջերմային հյուծում
Ջերմային հյուծում, շոկի տեսակ, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազրկումից։
Տաք միջավայրում երկարատև լարված աշխատելու ընթացքում քրտնարտադրությունն ուժեղանում է։ Դրա հետևանքով տուժածը մեծ քանակությամբ հեղուկ և աղեր է կորցնում։ Շոգ օրվա ընթացքում մարդը քրտնելու արդյունքում կարող է կորցնել մինչև. 10 լիտր հեղուկ։ Առատ քրտնարտադրության հետևանքով մարմնում նվազում է արյան ծավալը։
Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար նեղանում են մաշկի և վերջույթների արյունատար անոթները։ Զարգանում է շոկային իրավիճակ՝ ջերմային հյուծում։ Ջերմային հյուծմանը կարող են նախորդել ջերմային ցնցումները։ Ջերմային հյուծումն ավելի հաճախ հանդիպում է մարզիկների, հրշեջների, շինարարների և նրանց մոտ, ովքեր տաք հագնված երկար ժամանակ գտնվում են շոգ և բարձր խոնավության պայմաններում։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը կարող է լինել նորմալ, կամ սովորականից մի փոքր ցածր կամ բարձր։
Ջերմային հյուծման նշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]- սառը, խոնավ, գունատ մաշկ,
- թուլություն,
- գլխացավ, գլխապտույտ,
- ծարավի զգացում,
- արագացած, թույլ անոթազարկ,
- սրտխառնոց, փսխում,
- հաճախացած շնչառություն։
Օգնություն ջերմային հյուծման դեպքում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը։
- Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։
- Պառկեցրեք տուժածին, բարձրացրեք նրա ոտքերը մոտ 25 սմ։
- Թուլացրեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը։
- Եթե տուժածը գիտակից վիճակում է, տվեք ջրազրկման ժամանակ տրվող սառը հեղուկ, կամ սառը հանքային ջրեր։
- Ահազանգեք շտապ օգնություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արևահարություն». www.dasaran.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.