Jump to content

Պարաթիրեոիդ հորմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Պարաթիրեոիդ հորմոն(անգլ.՝ Parathyroid hormone) կամ պարաթհորմոն(անգլ.՝ Parathormone), մարդու և ողնաշարավոր կենդանիների հարվահանագեղձերում արտադրվող պեպտիդային հորմոն։ Հորմոնը կուտակվում է բջջի ցիտոպլազմայում՝ հյութազատիչ հատիկներում։ Բաղկացած է 84 ամինաթթվային մնացորդներից, իսկ հարաբերական մոլեկուլային զանգվածըհավասար է 9500գ/մոլի։ Հորմոնի հիմնական թիրախային օրգաններն են ոսկրերը, երիկամները և աղիքները։ Պարաթհորմոնն արյան մեջ բարձրացնում է կալցիումի իոնների(Ca2+) մակարդակը և նվազեցնում ֆոսֆատների քանակը[1]։

Ֆունկցիաներ

Պարաթիրեոիդ հորմոնը ոսկրերում ակտիվացնում է օստեոկլաստները, ինչի հետևանքով քայքայվում է ոսկրային հյուսվածքը, իսկ այնտեղ պահվող կալցիումի իոններն(Ca2+) անցնում են արյուն։ Կալցիումի իոնների(Ca2+) հետ արյուն են անցնում նաև ֆոսֆատները։

Հորմոնը բոլոր մեխանիզմներով նպաստում է արյան պլազմայում կալցիումի իոնների(Ca2+) ավելացմանը։ Չնայած ոսկրերից և աղիքներից որոշ չափի անօրգանական ֆոսֆոր անցնում է արյուն, այնուամենայնիվ ֆոսֆատ իոնների երիկամներով կորուստն այնքան մեծ է, որ պարաթհորմոնի ազդման գումարային ազդեցությունը հանգեցնում է արյան մեջ ֆոսֆատների քանակի նվազման։

Պարաթիրեոիդ հորմոնի ազդեցությունը կալցիումի իոնների(Ca2+) փոխանակության վրա սերտ կապված է D վիտամինի ու նրա հորմոնային տեսակի ազդեցությունների հետ[1]։

Գերարտադրություն

Պարաթհորմոնի գերարտադրության հիմնական պատճառը գեղձի չարորակ գոյացություններն են։ Այս դեպքում զարգանում է հիպերպարաթիրեոիդիզմ, ինչի հետևանքով ոսկրերն ապահանքայնանում են։ Արդյունքում կորչում է ոսկրերի ամրությունը, և առանց լուրջ պատճառի, թեթևակի հարվածից կամ անգամ անզգույշ քայլվածքից կարող են կոտրվել։ Կարող է զարգանալ նաև օստեոպորոզ, ինչը առավել բնորոշ է կանանց[1]։

Թերարտադրություն

Պարաթհորմոնի անբավարար քանակությունն օրգանիզմում առաջացնում է հիպոպարաթիրեոիդիզմ։ Այն նույնպես վտանգավոր վիճակ է, քանի որ արյան մեջ առաջանում է կալցիումի իոնների(Ca2+) անբավարարություն, ինչն էլ հանգեցնում է դրդունակ հյուսվածքներում նատրիումի իոնների(Na+) թափանցելիության կտրուկ մեծացմանը[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հ.Ա. Հասրաթյան; Ա.Ս. Տեր-Մարկոսյան; Հ.Կ. Ղամբարյան; Ք.Ռ. Հարությունյան; Գ.Ռ. Համբարձումյան; Ա.Լ. Թորգոմյան; Կ.Վ. Մելքումյան (2020թ.). պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյան (ed.). ՆՈՐՄԱԼ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ. Երևան: ԵՊԲՀ. էջեր 335–338. ISBN 978-9939-65-200-9.