Jump to content

Կռունկ (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կռունկ (այլ կիրառումներ)
«Կռունկ (երգ)»
ի երգը

«Կռունկ», ուշ միջնադարի անհայտ հայ հեղինակի ստեղծած երգ։ «Կռունկ»-ը ժողովրդականացել է, դարձել հայրենիքի կարոտի և հայրենասիրության խորհրդանիշ։ Բանաստեղծական բարձր արվեստով հորինված խոսքերը պահպանվել են XVII դ. ձեռագիր տաղարաններում։ Ազատ իմպրովիզացիոն շարադրանքով հավաք ձևում հոսող մեղեդին, որ ներկայացնում է հայ միջնադարյան աշխարհիկ տաղերի ժանրը (հավանաբար ծագում է Ակնա երգարվեստից), բազմաթիվ տարբերակներով գրառված է ժողովրդական կատարումից։ Բազմիցս մշակվել է ձայնի և դաշնամուրի (առաջիններից է Ն. Կլենովսկու մշակումը, կատարվել է Մոսկվայի I ազգագրական համերգում, 1893 թ.-ին, առավել տարածվածը և գեղարվեստականը Կոմիտասի մշակումն է, XIX դ. վերջ), երգչախմբի, ջութակի, թավջութակի համար։ Օգտագործվում է հայ հեղինակների սիմֆոնիկ երկերում և կինոերաժշտության մեջ։ «Կռունկ»-ի կատարումը հաճախ գնահատվում է որպես հայ երգի կատարողական վարպետության չափանիշ։ «Կռունկ»-ը թարգմանվել է եվրոպական լեզուներով, մեղեդին, որպես ժողովրդական արվեստի կատարյալ նմուշ, համաշխարհային ճանաչում է վայելում։

Երգի 1768 թվականի հրատարակությունը

Կռո՛ւնկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մի՛ վազեր, երամիդ շուտով կըհասնիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՛ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՛խ կանեմ, կը քաղվի հոգիս,
Կռո՛ւնկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա՛, հեռացի՛ր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 668