Սովորական մողեսօձ
Սովորական մողեսօձ, (Malpolon monspessulanus), լորտուների ընտանիքի մողեսաօձերի (Malpolon) ցեղի օձ: Որոշ հետազոտողների կողմից դասվում է ավազային օձերի ենթաընտանիքին (Psammophiinae):
ՀՀ-ում հանդիպում է Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հիմնականում նախալեռն, շրջաններում, Երևանի շրջակայքում:
Կառուցվածք
Տարածված է կիսաանապատային, թփուտային, չոր նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և ավազուտային կենսավայրերում: Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (22-140 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է: Մարմինը բարեկազմ է: Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր վահանիկներով: Բնորոշ է գլխի դիմային հատվածի արտափքվածությունը: Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ սպիտակավուն կամ դեղնավուն, բիբը՝ կլոր: Մարմնի թեփուկներն անփայլ են, հարթ կամ թեթևակի արտափքված կենար, հատվածով: Մեջքի ընդհանուր գունավորումը մոխրագույնից գորշ է, երբեմն՝ կանաչավուն երանգով, հաճախ՝ առանց նախշի կամ մանր մուգ գծերից կազմված երկայնակի գոլերով: Երիտասարդի գունավորումն ավելի խայտաբղետ է. մեջքային մակերեսի թեփուկների խճանկարը ձևավորում է բաց գույնի շղթայաձև նախշ: Որովայնը դեղնավուն է, գորշավուն, հաճախ՝ նարնջագույն երանգով երկայնակի զոլավոր նախշով: Վերին ծնոտի հետևի մասում կան 1 զույգ ակոսավոր թունամուղ ատամներ:
- Սնվում է մողեսներով, այլ օձերով, թռչունների ձագերով ու մանր կրծողներով: Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը:
- Զուգավորումը տեղի է ունենում ապրիլին: Մայիսի 2-րդ կեսից ��ունիսի սկիզբը էգը դնում է 5-20 ձու: Ձվերը երկարավուն են (40-45 x 30-35 մմ): Ձագերը ծնվում են հուլիսի 2-րդ կեսից: Խնամվում է անազատ պայմաններում:
- Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով: Թույնն ունի նյարդարգելակիչ ազդեցություն: Խոշոր առանձնյակների կծածը կարող է վտանգավոր լինել մարդու և կենդանիների կյանքի համար:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |