Մարաղայի աստղադիտարան (Իրան)
Մարաղայի աստղադիտարան, հիմնադրվել է 13-րդ դարի 2-րդ կեսին, Մարաղա քաղաքում (Իրանի հյուսիս-արեմուտքում), գործել է շուրջ հարյուր տարի: Այդտեղ աշխատում էին տարբեր երկրների մի քանի տասնյակ գիտնականներ: Աստղադիտարանում տեղակայված էին դիտման ու չափման 10 խոշոր գործիքներ, որոնք աչքի էին ընկնում իրենց մեծությամբ, յուրատիպ կառուցվածքով և այդ ժամանակների համար չգերազանցված ճշգրտությամբ: Ուներ հարուստ գրադարան (շուրջ 40000 ձեռագիր): Հանրագիտակ և պետական գործիչ Նասրեղղին Թուսիի ղեկավարությամբ այստեղ թարգմանվել են կամ մեկնաբանվել հունական աստղագիտությանն ու հարակից գիտություններին վերաբերող կարևորագույն երկեր (Էվկլիդեսի, Արքիմեդի, Պտղոմեոսի և ուրիշների), գրվել ինքնուրույն աշխատություններ՝ աստղագիտության ու երկրաչափության վերաբերյալ: Մարաղայի աստղադիտարանում, դիտողական նյութի հիման վրա, կազմվել են մոլորակների շարժման ու աստղերի դիրքերի ցուցակներ: Հրատարակվել են 256 քաղաքների աշխարհագրական կոորդինատները և եռանկյունաչափական ֆունկցիաների վեցանիշ աղյուսակներ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |