Jump to content

Նորվեգական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորվեգական գրականություն, նորվեգերենով կամ նորվեգական գրողների կողմից գրված գրականությունն է։ Նորվեգական գրականության պատմությունը գալիս է հեթանոսական էդիական և սկալդիական պոեզիայի ժամանակներից (9-10-րդ դարեր)։ Նորվեգական գրականության նախաքրիստոնեական ամենակարևոր հուշարձաններից են համարվում քարերի վրա արված ռունական արձանագրությունները, որոնք օգտագործվել են հեթանոսական պաշտամունքների ժամանակ։ Սկանդինավյան հնագույն գրական հուշարձաններն են «Կրտսեր Էդդա» և «Ավագ Էդդա», որոնք հավասարապես կապ ունեն նորվեգական, իսլանդական և դանիական գրականության հետ[1]։

14-19-րդ դարերում ընկած ժամանակահատվածը Նորվեգիայի գրականության մեջ այսպես կոչվող մութ ժամանակաշրջան էր։ Նորվեգիայում ծնված գրողները (օրինակ՝ Լյուդվիգ Հոլբերտը) իրենց ներդրումը ունեցան Դանիայի և այլ դաշնակից երկրների գրականության մեջ։ 19-րդ դարի սկզբին ազգայնամոլության ի հայտ գալու և անկախության համար պայքարի հետ մեկտեղ նորվեգական գրականության մեջ բացվեց նոր ժամանակաշրջան։ Թատերագիր Հենրիկ Վերգելանն համարվում է այդ ժամանակաշրջանի ամենանշանակալի մարդկանցից մեկը, իսկ Հենրիկ Իբսենի աշխատանքները Նորվեգիայի գրականությանը հնարավորություն տվեցին պատվավոր տեղ գրավել արևմտա-եվրոպական գրականության մեջ։ 20-րդ դարում դարում Նորվեգիայի գրականության ամենանշանավոր ներկայացուցիչներ՝ Կնուտ Գամսունը և Սիգրիդ Ունսետը դարձել են նոբելյան մրցանակիրներ։

Նորվեգական գրականության շատ գծեր վերականգնվել են հին իսլանդական գրականության տվյալներով։ Այդ գրականությունն ստեղծել են Նորվեգիայից գաղթածները, որոնք զարգացրել են բանավոր ժողովրդական ստեղծագործության՝ Իսլանդիա բերած ավանդույթները։

Հնադարյան սկալդական պոեզիան ստեղծողները՝ սկալդերը, եղել են նորվեգացիները։ Պահպանված զուտ նորվեգական ծագում ունեցող հուշարձանները կապված են ֆեոդալական հասարակության, հասարակարգի և քրիստոնեության հետ։ 14-15-րդ դարերում առաջացել է բալլադը։ Այդ շրջանում գրականության ընդհանուր զարգացումը խաթարվել էր, որովհետև երկիրն անկում է ապրել և ենթարկվել Դանիային։ Նորվեգիայի գրական լեզուն երկար ժամանակ դարձել է դանիերենը։ Նորվեգական նոր գրականության սաղմերը գոյացել են 16-րդ դարում։ Աչքի ընկնող ստե ծագործությունները երևան են եկել միայն 17-րդ դարում (Պ․ Դասսի (1647–1707), «Ձայն Նուռլանի» (1678–92) պոեմը)։

18-րդ դարի նորվեգական գրականության վերելքը կապված է ազգային–հայրենասիրական տրամադրությունների ուժեղացման հետ։ Նորվեգացի գրողներ Լ․ Հոլբերգը (1684– 1754), Յո․ Ն․ Բրունը (1745–1816), Ցո․ Դ․ Վեսսելը (1742–85) հիմնավոր ավանդ են ներդրել դանիական գրականության զարգացման գործում։ 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի գրականության մեջ գերիշխում են դրամատուրգիան և քնարերգությունը։ Նորվեգիան Դանիայից անջատելու համար մղվող պայքարի շրջանը և ունիան Շվեդիայի հետ (1814) նախ արտացոլվեցին–հրապարակախոսության ու քնարերգության մեջ։ 1830-ական թվականների գրական կյանքի կենտրոնում բանաստեղծ և դրամատուրգ Հ․ Ա․ Վերգելանն էր (1808–1845)՝ արմատական–ազատագրական ուղղության ղեկավարը։

19 դարի 40-ական թվականներին գրականության շարժումն իր արտահայտությունը գտավ ազգային ռոմանտիկայում։ Այն գլխավորեց Ցո․ Ս․ Վելհավենը (1807–1873)։ 1850-ական թվականների սահմանագլխին ազգային ռոմանտիկայի դեմ հանդես եկան Պ․ Բոտտեն–Հանսենը (1824–69), Օ․ Վինյեն (1818–70), Հ․ Իբսենը (1828–1906)։

Սոցիալական խնդիրներն առավել սուր են Ա․ Հիելլանի (1849–1906) և Ք․ Էլստեր Ավագի (1841–1881) գործերում։ 80-ական թվականներին շատ գրողներ զգալի տեղ ��ն հատկացրել այսպես կոչված բիոլոգիզմին, որը զուգակցվել է ծայրահեղ ինդիվիդուալիզմի հետ (Հ. Ցեգեր (1854–1910), Ցո․ Դ․ Հանսեն (1854–1895))։ 80-ական թվականների վերջերին և 90-ական թվականների սկզբներին գրականություն մտած գրողների երկերում առաջնային է դառնում իռացիոնալ սկզբունքը (Կ․ Համսուն, 1859–1952)։

1890-ական թվականների սկզբներին տարածվեց իմպրեսիոնիստական բնույթի քնարերգությունը։ Սակայն արդեն 90-ական թվականների վերջերին և 1900-ական թվականների սկզբներին գերիշխում էր ռեալիզմը։

20-րդ դարի ռեալիստական գրականությունը ներառավ սիմվոլիզմի, իմպրեսիոնիզմի, նատուրալիզմի տարրեր։ Սիգրիդ Ունսետի (1882–1949) գլխավոր թեմաներից մեկը կանանց ազատագրության հարցն է։ Տ․ Էրյասետերը (1886–1968) հրատարակեց «Գուդբրանդ Լանգլեյտե» (1913–27) եռերգությունը, որը երիտասարդ մարդու բնավորության ձևավորման պատմությունն է։ Ա․ Հաուկլանը (1873–1933), Կ․ Ուպդալը (1878–1961, «Պար ստվերների թագավորությունում», հ․ 1 – 10, 1911–1924), Յո․ Ֆալկբերգետը (1879–1967), Օ․ Բրոտենը (1881–1939) պատկերել են բանվորական միջավայրի սոցիալական ընդհարումները։

1914-1918 թվականներիի Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ռուսաստանում և սոցիալիզմի կառուցումը ՍՍՀՄ–ում արձագանք գտան Նորվեգիայի հասարակական կյանքում։ 1929 թվականից 1933 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը և բանվորական շարժման ուժեղացումը, ֆաշիզմի սպառնալիքը ուշադրություն հրավիրեցին մարքսիզմի վրա։ Միևնույն ժամանակ հետաքրքրություն առաջացրեց միստիցիզմը Ա․ Բերգսոնի, Զ․ Ֆրեյդի փիլիսոփայությունը։ Ինտուիտիվիզմի, ինդիվիդուալիզմի կողմնակիցները խմբվեցին դրամատուրգ էքսպրեսիոնիստ Ռ․ Ֆանգենի (1895–1946) շուրջը։ Նրանց հակադրվում էր Մարքսի գաղափարները պրոպագանդող «Mot Dag» հանդեսը, որը ղեկավարում էր Է․ Ֆալկը (1887–1940)։ 1936–1937 թվականներին Նորվեգիայի առաջադիմական ուժերի գլուխ էր կանգնած «Veienfrom» հանդեսը, որ հրատարակում էր նորվեֆերեն գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի հիմնադիր, բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Ն․ Գրիգը (1902–43)։ Հեղափոխական մոտիվներ են հնչում Ռ․ Նիլսենի (1901–29) և Ա․ Պոշե Օսենի (ծն․ 1901) պոեզիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Крымова, Наталья Анатольевна Норвежская литература // Краткая литературная энциклопедия / А.А. Сурков. — М: Советская энциклопеди», 1968. — Т. 5. — С. 330-338. — 975 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։