Բայրոնյան հերոս
Բայրոնյան հերոս, ռոմանտիկական հերոսի տիպ, որը գրավել է եվրոպական հասարակության երևակայությունը լորդ Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի (1812-1818) հրատարակումից հետո, որում առկա են ինքնակենսագրական մոտիվներ։ 1820-ական թվականների սահմանին հետագա զարգացում է ապրել Ջոն Պոլիդորիի «Վամպիրը» պատմվածքում, Չարլզ Ռոբերտ Մեթյուրինի «Մելմոթ թափառականը» վեպում, «Կորսարի»ի նման բայրոնյան պոեմներում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Պուշկինը «Եվգենի Օնեգին» պոեմում հեգնել է նմանատիպ սյուժեների ժողովրդականությունը.
Պուշկինի թվարկած ստեղծագործությունների հերոսներն իրենց շրջապատի մարդկանց գերազանցում են իրենց խելքով և կրթվածությամբ, նրանք խորհրդավոր են ու խարիզմատիկ, գրավիչ են հակառակ սեռի ներկայացուցիչների համար։ Նրանք իրենց դիտարկում են որպես հասարակությունից և օրենքից դուրս, հասարակական կարգին վերաբերվում են ամբարտավանությամբ, որ երբեմն հասնում է ցինիզմի։ Հանրային օրենքների նկատմամբ արհամարհանքը երբեմն հասցնում է հանցագործության։ Մութ կողմի առկայությունը (դատապարտելի անցյալ) նման հերոսներին մոտեցնում է հակահերոսին։ Այդ կիսակամավոր մենակյացը վայելում է իր աստանդական ու տարագրյալ կյանքը։ Ըստ Վլադիմիր Նաբոկովի՝ նա «հաշտ չէ ո՛չ դրախտի, ո՛չ դժոխքի, ո՛չ աստվածների, ո՛չ մարդկանց հետ»[1]։
Գրականագետ Բորիս Կուզմինը նշել է, որ «Բայրոնը պոտենցիալ հերոսը եղել է հեղափոխական, իրականը՝ հիասթափված միայնակ վրիժառու։ Առաջինին կարելի է մեկնաբանել հեղափոխական կլասիցիզմի ոգով, որին Բայրոնը միշտ ձգտում էր։ Երկրորդը պահպանել է իր վեհությունը միայն ռոմանտիկական իդեալականացման շնորհիվ»[2]։
Պուշկինը պնդել է, որ 1816 թվականի «Ադոլֆ» վեպում ֆրանսիացի գրող «Կոնստանն առաջին անգամ է ներկայացրել այդ բնավորությունը, որը հետագայում ժողովրդականության է արժանացել լորդ Բայրոնի հանճարի շնորհիվ»[3]։ Իրականում իրենից և աշխարհից հիասթափված թափառականի նորամուտը եղել է Շատոբրիանի «Ռենե» կիսաինքնակենսագրական (1802) վիպակը[4], որն իր հերթին շարունակել է սեփական վշտերից հաճույք ստանալու սենտիմենտալիստական ավանդույթը, որը գալիս է Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» (1774) ստեղծագործությունից։ Ուշ շրջանի վիկտորյական գրականության բայրոնյան հերոսների օրինակներ են Հիտքլիֆն ու Ջեյն Էյրը Բրոնտե քույրերի վեպերից։ Բայրոնականության գծերով օժտված են նաև 19-րդ և 20-րդ դարերի բազմաթիվ արկածային վեպերի հերոսներ (օրինակ՝ Կոմս Մոնտե-Քրիստոն, կապիտան Նեմոն)։
Ռուս գրականության մեջ բայրոնյան հերոսին հատուկ է ռեֆլեքսիան. նա Համլետն ու Դոն Ժուանն է նույն մարդու մեջ։ Այդ տիպի հերոսներին հատուկ դեմոնիզմը լիակատար կերպով իր արտահայտությունն է գտել Լերմոնտովի «Դևում»։ Որպես բայրոնյան հերոս ռուս բանաստեղծների կողմից վերաիմաստավորվել է նաև հեռավոր կղզի աքսորված Նապոլեոնը[5]։ Եվգենի Օնեգինն ու Պեչորինը ներկայացնում են այդ տիպի հետագա զարգացումները ռուս հասարակության մեջ, այսինքն՝ ավելորդ մարդկանց[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vladimir Nabokov. Eugene Onegin: Commentary on preliminaries and chapters one to five. Part 2. Bollingen Foundation, 1964. Page 356.
- ↑ Кузьмин Б. А. Жанр лиро-эпической поэмы Байрона // Борис Кузьмин. О Голдсмите, о Байроне, о Блоке…— М.: Художественная литература, 1977. — С. 66-67.
- ↑ «ФЭБ: Ахматова. "Адольф" Бенжамена Констана в творчестве Пушкина. — 1936 (текст)». feb-web.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Peter Larsen Thorslev. Byronic Hero: Types and Prototypes. University of Minnesota Press, 1999. Page 216.
- ↑ Наполеоновский цикл // Лермонтовская энциклопедия / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкинск. Дом) ; науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия» ; гл. ред. В. А. Мануйлов ; редкол.: И. Л. Андроников … [и др.]. — М. : Сов. энцикл., 1981. — 746 с.
- ↑ "Лишние люди" // Литературная энциклопедия : в 11 т. — [М.], 1929—1939.
|