Jump to content

Յուրի Լյուբիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Լյուբիմով
Юрий Петрович Любимов
Դիմանկար
Ռուս ռեժիսոր, դերասան
Ծնվել է1917 թ. սեպտեմբերի 17
ԾննդավայրՅարոսլավլ
Մահացել էհոկտեմբերի 5, 2014(2014-10-05)[1][2][3][…] (97 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[4]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան,  ԽՍՀՄ,  Իսրայել,  ԽՍՀՄ և  Հունգարիա
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1939)
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր, դերասան, ռեժիսոր, օպերային ռեժիսոր և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրԽՍՀՄ ՆԳԺԿ երգի ու պարի համույթ, Վախթանգովի թատրոն, Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ և Տագանկայի թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlyubimov.info
 Yuri Lyubimov Վիքիպահեստում

Յուրի Պետրովիչ Լյուբիմով (ծն. 1917 թ. սեպտեմբերի 17 (30), Յարոսլավլ), ռուս և սովետական նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր: Ռուսական թատերական արվեստի բարեփոխիչ:[6]

Կյանքը և ստեղծագործությունը

Յուրի Լյուբիմովը ծնվել է Յարոսլավլում: Ունի ռուսական և մոր կողմից քառորդ գնչուական ծագում: Վաղ տարիքից ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, նրա ծնողները ստալինիզմի տարիներին ձերբակալվել են:[7] 1934 թ. ընդունվել է ՄԳԱԹ-2-ի ստուդիա: Առաջին դերը խաղացել է 1935 թ. ("Կյանքի աղերս"): 1936 թ. տեղափոխվում է Վախթանգովի թատրոնի Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտում է 1939 թ.: Նրա դերասանական կատարումը գրավում է Վսևոլոդ Մեյերխոլդի ուշադրությունը: 1940—1946 թթ. ծառայում է սովետական բանակում՝ Սովետա-ֆիննական պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի մասնակից: 1941-1946 թթ. ՆԳԺԿ-ի երգի-պարի համույթի արտիստ (ելույթներ էին ունենում պատերազմի ճակատում):

1946 թվականից՝ Վախթանգովի թատրոնի դերասան: Նշանավոր դերերից են՝ Օլեգ Կոշևոյ՝ Ա. Ֆադեևի "Երիտասարդ գվարդիա" (1947), Կիրիլ Իզվեկով՝ Կ. Ֆեդինի "Առաջին ուրախություններ" և "Անսովոր հրաշք" (1950, 1951), և այլն: Նկարահանվել է քսանից ավելի ֆիլմերում ("Մենամարտ", 1945; "Միչուրին", 1948; "Երեք հանդիպում", 1948; "Կուբանի կազակներ", 1949; "Կայեն XVIII", 1963; "Ընդամենը մի քանի խոսք պարոն դե Մոլիերի պատվին", 1975; և այլն): 1952 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: 1964-ին հիմնել է Տագանկայի նշանավոր թատրոնը: Այդ տարիների նրա հայտնի բեմադրություններից են՝ Բերտոլդ Բրեխտի «Բարի մարդը Սեզուանից» (1964), Սերգեյ Եսենինի «Պուգաչով» (1967), Մոլիերի «Տարտյուֆ» (1968), Շեքսպիրի «Համլետ» (1971), «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են…», Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», «Վլադիմիր Վիսոցկի» (1981): 1970-ականների կեսերին Լյուբիմովի թատրոնը աշխարհի ճանաչված թատերական կենտրոններից է. մինչև իսկ արտասահմանից հյուրեր են ժամանում հատուկ նրա բեմադրությունները դիտելու և հյուրախաղերի հրավիրելու համար:[8] 1976 թ. Լյուբիմովի բեմադրած "Համլետը" (գլխ. դերում՝ Վ. Վիսոցկի) հարավսլավական հեղինակավոր ԲԻՏԵՖ միջազգային փառատոնում արժանանում է գրան-պրիի: Լյուբիմովին է հանձնվում նաև Վարշավայի II միջազգային թատերական հանդիպման առաջին մրցանակը (1980): Վիսոցկու մահից և Տագանկայի թատրոնի շենքում Լյուբիմովի կազմակերպած համաժողովրդական սգո հրաժեշտից հետո նրա ներկայացումները արգելվեցին կոմունիստական ​​իշխանությունների կողմից, իսկ 1984 թվականին նա զրկվեց խորհրդային քաղաքացիությունից: Այնուհետև Արևմուտքում նա շարունակեց ռեժիսորի կարիերան: Նա աշխատում էր Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի լավագույն բեմերում (Քովեն-Գարդեն և այլն), թողարկում էր նաև փայլուն օպերային բեմադրություններ, այդ թվում` Լա Սկալայում և Գրան-Օպերայում: 1983 թ. Լոնդոնում Լյուբիմովի բեմադրած «Ոճիրն ու պատիժը» (ըստ Դոստոևսկու) արժանացավ Evening Standard մրցանակին: Այդ տարիներին ԽՍՀՄ-ում Լյուբիմովի անունն արգելված էր և նույնիսկ հանվել էր իր բեմադրած ներկայացումների աֆիշներից:[9]

1989 թ. Լյուբիմովը կրկին ղեկավարեց Տագանկայի թատրոնը, որտեղից հեռացավ 2011-ին՝ չկարողանալով այլևս հանդուրժել դերասանների պահվածքը: 2012 թ. բեմի 94-ամյա վարպետի մոնումենտալ 4-ժամանոց բեմադրությունը Վախթանգովի թատրոնում (Ֆ. Դոստոևսկու «Դևեր») քննադատների կարծիքով նրա կեսդարյա ռեժիսորական կարիերայում նոր էջ բացեց:[10]

Յու. Լյուբիմովը և բանաստեղծ Կ. Կեդրովը Լյուբիմովի աշխատասենյակում, 2007 թ.

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: ՌԴ ժողովրդական դերասան (1992)[11]:

Լյուբիմովը մեծ ներդրում ունի Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործական անհատականության կայացման գործում: «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք» գրքում Մարինա Վլադին գրում է. «Քո հարաբերությունները Լյուբիմովի հետ տարեցտարի խորանում են: Նա քեզ համար մի քիչ հայր է դառնում, որին դու իրականում երբևէ չես ունեցել: Դու հիանում ես նրանով և փոքր-ինչ վախենում: Նա քեզ սիրում է որպես տաղանդավոր որդու, որը, ճիշտ է, շատ հոգսեր է բերում: Դուք լրացնում եք միմյանց, և ինձ համար իսկական հաճույք է դառնում՝ լինել ձեր փորձերին»:[12] Լյուբիմովին են նվիրված Վիսոցկու մի քանի երգեր ("Еще не вечер", "Як - истребитель"[13]):

Բեմադրական ոճը

Տագանկայի թատրոնի շենքը

Ինչպես նշում է քննադատ Օ. Մալցևան՝ Լյուբիմովի բեմադրությունների բանաստեղծականությունը և ոճը ստեղծում են առանձնակի գեղարվեստական աշխարհ: Պոետ Անդրեյ Վոզնեսենսկու բնութագրմամբ` իր բացման օրվանից Տագանկայի թատրոնը դարձավ "ազատասեր մտավորականության էպիկենտրոնը":[14] Ու չնայած Լյուբիմովի կիրառած այդ ազատ արտահայտչամիջոցները խորհրդային իշխանությունների սևեռուն ուշադրության ու բազում արգելքների առարկան էին՝ թատրոնի լայն ընդունելությունը թե' երկրի ներսի, թե' արտասահմանյան թատերասերների շրջանում խանգարում էր ուղղակի հաշվեհարդար տեսնել թատրոնի և նրա գլխավոր բեմադրիչի հետ: Տագանկայի թատրոնի առաջին բեմադրությունը սկսվում էր նրա գեղագիտական ծրագրի ներկայացմամբ. "փնտրեք այն թատրոնը, որի արմատները գնում են դեպի փողոցի կյանքը, ամենօրյա, հազարադեմ թատրոնը...": 1965-ին Լյուբիմովը բեմադրեց մնջախաղի, բալետի և ակրոբատիկայի տարրեր պարունակող "Տաս օր, որ ցնցեցին աշխարհը" ներկայացումը (ըստ Ջ. Ռիդի), որն արդեն սկսվում էր թատրոնի դիմացի Տագանկայի հրապարակից, որտեղ հեղափոխական նավաստու համազգեստով ու զենքերով դերասանները կատարում էին 1917 թ. երգերից ու քառյակներից՝ այդ կերպ թատրոն հրավիրելով հանդիսատեսին:

Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունում (1971, ձևավորումը Դ. Բորովսկու) Համլետի դերը կատարող պոետ Վլադիմիր Վիսոցկին բեմի վրա կիթառի նվագակցությամբ կատարում է Պաստերնակի բանաստեղծությունը, երեք տարբեր մոտեցումներով կրկնում «Լինել, թե չլինել» մենախոսությունը: Ասկետիկ ձևավորված բեմում տիրում է խոշորամասշտաբ բրդե վարագույրը, որ բեմադրության վերջում սրբելու է բեմը դերասաններից, ինչպես և նրանց՝ աշխարհը հասկանալու փորձերից:[15]

Վիսոցկու մահից հետո Լյուբիմովը բեմադրում է "Վլադիմիր Վիսոցկի" պոետիկ ներկայացումը, որը բեմադրիչի բնորոշմամբ՝ "Համլետ" է առանց Համլետի: Բեմադրությունում ներկայացվում են նաև հատվածներ "Համլետից". դերասանների հարցադրումներին ի պատասխան հնչում են Վիսոցկու ձայնը, նրա կատարումները:

Ներկայացումների ժամանակ Լյուբիմովը հաճախ նստում է դահլիճում և ձեռքով մանիպուլյացիաներ է կատարում իր եռագույն լուսարձակի առջև, այդպիսով նպաստելով խաղի դինամիկային և ցույց տալով դերասաններին, թե ինչպես աշխատել:[16]

Իր բեմադրություններում օգտագործում է նաև հայկական տարրեր ("Մարատ և մարքիզ դե Սադ" և այլն):

Բեմադրություններ

Լյուբիմովը մեծաթիվ բեմադրությունների հեղինակ է: Դրանց թվում են.

  • 1963-1964

-Բերտոլդ Բրեխտ, "Բարի մարդը Սեզուանից"

-Միխայիլ Լերմոնտով, "Մեր ժամանակի հերոսը"

  • 1965

-Անդրեյ Վոզնեսենսկի, "Անտիաշխարհներ"

-Ջոն Ռիդ, "Տաս օր, որ ցնցեցին աշխարհը"

-"Ընկածներ և ողջեր", պոետիկ ներկայացում,

  • 1966

-Բրեխտ, "Գալիլեյի կյանքը"

  • 1967

-Վլադիմիր Մայակովսկի, "Լսե'ք"

-Սերգեյ Եսենին, "Պուգաչով"

  • 1968

-Բ. Մոժաև, "Ողջը", բեմադրությունն արգելվել է

-Մոլիեր, "Տարտյուֆ"

  • 1969

-Մաքսիմ Գորկի, "Մայրը"

  • 1971

-Բ. Վասիլև, "Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են"

-Շեքսպիր, "Համլետ"

  • 1977

-Միխայիլ Բուլգակով, "Վարպետն ու Մարգարիտան"

  • 1978

-Դոստոևսկի, "Ոճիր և պատիժ"

  • 1981

-Անտոն Չեխով, "Երեք քույր"

-"Վլադիմիր Վիսոցկի". պոետիկ ներկայացում, արգելվել է, վերականգնվել 1988 թ.

  • 1982

-Ալեքսանդր Պուշկին, "Բորիս Գոդունով"

  • 1984

-Ջուզեպպե Վերդի, "Ռիգոլետտո"

  • 1985

-Պուշկին, "Խրախճանք ժանտախտի ժամանակ"

  • 1988
Պատկեր:1-й день поэзии UNESCO афиша Театр Таганка 2000.jpg
Տագանկայի թատրոնի աֆիշներից (2000 թ.)

-Ռիխարդ Վագներ, "Ռեյնի ոսկին"

  • 1990

-Նիկոլայ Էրդման, "Ինքնասպանը"

  • 1993

-Բորիս Պաստեռնակ, "Ժիվագո (դոկտոր)"

  • 1995

-Էվրիպիդ, "Մեդեա"

-Չեխով, "Բալի այգին"

  • 1997

-Դոստոևսկի, "Կարամազով եղբայրներ"

  • 1998

-Պ. Վայս, "Մարատ և մարկիզ դե Սադ"

-Ալեքսանդր Սոլժենիցին, "Հյուղակ"

  • 2000

-Շեքսպիր, "Քրոնիկներ"

-Պուշկին, "Եվգենի Օնեգին"

  • 2001

-Կեդրով/Լյուբիմով, "Սոկրատես/Օրակուլ"

  • 2002

-Գյոթե, "Ֆաուստ"

  • 2006

-Սոֆոկլես, "Անտիգոնե"

  • 2007

-Ալեքսանդր Գրիբոյեդով, "Խելքից պատուհաս - Խելքը պատուհասվի - Խելքի պատուհասումը"

  • 2009

-Նիկոլայ Գոգոլ, "Արաբեսկներ"

  • 2010

-Տոնինո Գուերա, "Մեղր"

  • 2012

-Ֆյոդոր Դոստոևսկի, "Դևեր"

Աղբյուրներ

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Encyclopædia Britannica
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Archivio Storico Ricordi — 1808.
  5. Dettaglio decorato: Lyubimov Yuri Petrovich (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  6. (Ю. П. Любимов) Энциклопедический словарь. 2009
  7. Յուրի Պետրովիչ Լյուբիմով, Վեստի, 2009
  8. Կենսագրություն. Ով ով է մշակույթում
  9. Հարցազրույց Ազատություն ռադիոկայանին
  10. Ռուսական թատրոնի նահապետի նախազգուշացումն աշխարհին — «Вести ФМ»
  11. Указ Президента Российской Федерации от 28 сентября 1992 года
  12. «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք», Մարինա Վլադի, 1990
  13. Վլադիմիր Վիսոցկի. 1968 թվական
  14. Ольга Мальцева. "Юрий Любимов. Режиссерский метод", Москва, 2010 ISBN: 978-5-17-067080-2
  15. Կենսագրություն. Ով ով է մշակույթում
  16. Յուրի Լյուբիմով: Իմ ճանապարհը Բրեխտից մինչև Դոստոևսկի // Невское время, No 19(1660)

Արտաքին Հղումներ