շենքում։ Հայերը իրավունք ստացան զբաղվել արհեստներով և առևտրով, մասնակցել տոնավաճառներին։ Մ–Պ–ի հայերը հիմնականում զբաղվում էին ոգելից խմիչքների, երշիկեղենի, ապուխտի, մոմի, օճառի և կաշվի արտադրությամբ։ Արտադրած ապրանքները վաճառքի էին հանում Լեհաստանի, Ուկրաինայի ու Լիտվայի քաղաքներում, երբեմն նաև Ստամբուլում։ Բարձրորակ կաշվի արտադրությունը երկար ժամանակ հայերի մենաշնորհն էր։ Հայ կաշեգործները ստեղծել էին «Գրիգոր Լուսավորիչ» համքարությունը։ Մ–Պ–ում կային նաև հայկ․ երեք եղբայրություն [մեկը՝ երիտասարդական (կտրիճվորաց)]։ 1776-ին հայերը արդեն կազմում էին Մ–Պ–ի բնակչության մոտ կեսը (6000 մարդ)։ Մ–Պ–ում կառուցվեցին Ս․ Գրիգոր Լուսավորիչ (1742–43) փայտաշեն, Ս․ Երրորդության, Ս․ Մոր այցելության և Գրիգոր պատրիարքի (1772–91) եկեղեցիները։ Գաղութի պաշտոնական փաստաթղթերը (ծննդոց, մեռելոց և ամուսնության մատյանները) 1743–1826-ին կազմվում էին հայերեն։ Մ–Պ–ի հայ քահանա Շիմոն Քժիշտոֆովիչը (1729–1810) գրել է հայ գաղութի 35 տարվա պատմությունը, որը չի պահպանվել։ Հայկ․ գաղութի առաջին վոյթ Յան Քժիշտոֆովիչին վստահված էր ամբողջ քաղաքի կառավարումը։ Ռաֆայել Ուզունյանը (1800–63), որը մոտ քառորդ դար ապրել է Մ–Պ–ում, բնագրից թարգմանել է Հոմերոսի «Իլիականը», Վերգիլիոսի «Էնեականը», Եզովպոսի առակները են։ 1810-ին ռուս. կառավարության որոշմամբ Մ–Պ–ում ստեղծվեց հայկ․ կաթոլիկ եպիսկոպոսություն, որին ենթարկվեցին Ռուսաստանի բոլոր հայկ․ կաթոլիկ եկեղեցիները։ 1855-ին ռուս. կառավարության և Հռոմի պապի համաձայնությամբ այն վերացվեց, Պոդոլյեի հայկ․ կաթոլիկ եկեղեցիները ենթարկվեցին Կամենեց–Պոդոլսկի լեհ եպիսկոպոսին։
Մ–Պ–ի հայկ․ գաղութը զգալի վնասներ կրեց 1784-ի Դնեստրի վարարման և 1808-ի մեծ հրդեհի ժամանակ։ 1848-ին բռնված խոլերայի համաճարակին զոհ գնացին մեծ թվով հայեր, սկսվեց արտագաղթ։ Աստիճանաբար վատացավ նաև Մ–Պ–ի հայերի նյութական վիճակը։ 1871-ին նրանք համախոսական նամակով օգնություն խնդրեցին հայոց Գևորգ Դ կաթողիկոսից։ XX դ․ սկզբներին Մ–Պ–ի հայկ․ գաղութը դադարեց գոյություն ունենալ։
Գրկ․ Մինաս Բժշկյան, Ճանապարհորդութիւն ի Լեհաստան․․․, Վնտ․, 1830։ Գրիգորյան Վ․ Ռ․, Մոգիլյով–Պոդոլսկ քաղաքի հայկական գաղութի պատմությունից, «ՊԲՀ», 1972, № 4։ Նույնի, Մոգիլյով–Պոդոլսկ քաղաքի հայերի նամակը Գևորգ Չորրորդ կաթողիկոսին, «ԲՀԱ», 1973, № 3։ Նույնի, История армянских колоний Украины и Польши, Е․, 1980․
ՄՈԳՈՒԹՅՈՒՆ, կախարդության, հմայության, զանազան սնապաշտ գուշակությունների անվանումներից մեկը, որի ծագումը կապվում է հին Իրանում զրադաշտական կրոնը սպասարկող քրմերի՝ մոգերի անվանը։
ՄՈԴ ԹԱԳՈՒՀՈՒ ԵՐԿԻՐ (Queen Maud Land), Արևելյան Անտարկտիդայի մաս, արևմտյան երկայնության 20°-ի և արևելյան երկայնության 45°-ի միջև։ Իրենից ներկայացնում է դեպի հվ․ բարձրացող (ավելի քան 3500 մ) հզոր սառցադաշտային ծածկույթի մակերևույթ։ Առափնյա շրջանում առանձին լեռնաշղթաներ և գագաթներ բարձրանում են սառցադաշտի մակերեսից ավելի քան 3000 մ։ Ափերը ողողվում են Լազարևի, Ռիսեր–Լարսենի և Տիեզերագնացների ծովերով։ Գործում են ՍՍՀՄ, ՀԱՀ, Ճապոնիայի գիտական կայանները։ Մ․ թ․ ե․ հայտնագործել է Ռիսեր–Լարսենի ղեկավարած նորվ․ արշավախումբը՝ 1930-ին և կոչել նորվ․ թագուհու անունով։
ՄՈԴԱԼ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տրամաբանության բաժին, որն ուսումնասիրում է «անհրաժեշտության» և «հնարավորության» տրամաբանական կատեգորիաները։ Մ․ տ–ում ուսումնասիրվում են իրական, հատկապես, անհրաժեշտ և հավանական դատողությունները։ Մ․ տ–յան արդի ձևայնացված համակարգերում անհրաժեշտ և հավանական դատողությունները կազմվում են և տրամաբանական գործողությունների միջոցով, որոնց օգնությամբ, կամայական բանաձևից ելնելով թույլատրվում է կազմել («անհրաժեշտ է ») և («հնարավոր է ») բանաձևերը։ Մ․ տ–յան հիմնական համակարգ��րում այս գործողությունները արտահայտվում են միմյանց միջոցով, հետևյալ առնչությունների օգնությամբ՝ («-ն հնարավոր չէ այն և միայն այն դեպքում, եթե նրա բացասումը անհրաժեշտ է»),(«-ն անհրաժեշտ չէ այն և միայն այն դեպքում, եթե նրա բացասումը հնարավոր է»), որոնք նման են Օ․ դը Մորգանի օրենքներին։ Մ․ տ–յան հիմնական գործողությունները կարելի է մեկնաբանել բազմարժեք տրամաբանության տերմիններով։ Մ․ տ–յան որոշ համակարգեր առնչվում են կոնստրուկտիվ տրամաբանությանը։
Մ․ տ–յան առաջին օրինաչափությունները բացահայտել են Արիստոտելը, Թեոֆրաստեսը ու Եվդեմոսը։ Մ․ տ–յան ստեղծման և ձևայնացման գործում մեծ ավանդ են ներդրել ամերիկացի տրամաբան Կ․ Լյուիսը և գերմանացի տրամաբան Մ․ Կրիպկեն։
Գրկ․ Բրուտյան Գ․ Ա․, Տրամաբանության դասընթաց, Ե․, 1976։ Фейс Р․, Модальная логика, М․, 1974․
ՄՈԴԱԼՈՒԹՅՈՒՆ , 1․ տրամաբանության մեջ, դատողության բնութագիրը ըստ նրա հավաստիության, հնարավորության, անհավանականության, անհրաժեշտության ևն (տես Մոդալ տրամաբանություն)։ 2․ Լեզվաբանության մեջ «Մ․» տերմինն օգտագործվում է եղանակավորություն ձևով, որը բնութագրում է նախադասությունը ըստ բովանդակության կամ արտաքին լեզվական հատկանիշների՝ որպես ցանկություն, հրաման, խնդրանք կամ հավաստի, հնարավոր, անհնարին պնդում։
ՄՈԴԵԼ (ֆր․ modele, < լատ․ modulus – չափ, նմուշ, տիպար), 1․ զանգվածային կամ սերիական արտադրության նմուշ (ավտոմեքենայի Մ․, հագուստի Մ․ ևն), ինչպես նաև որևէ արտադրանքի, կոնստրուկցիայի տիպ, մակնիշ։ 2․ Փայտե, մոմե, գիպսե ևն նմուշ, որից կաղապար, դրոշմ է պատրաստվում որևէ իր այլ նյութով (քար, մետաղ ևն) վերարտադրելու կամ բազմացնելու համար (օրինակ, ձուլման արտադրությունում)։ 3․ Արվեստում՝ պատկերվող առարկա, նաև բնորդ։ 4․ Սարք, որը վերարտադրում և նմանակում է, սովորաբար փոքրացած չափերով, այլ սարքի՝ «իսկականի» կառուցվածքը և գործողությունը՝ գիտական (տես ստորև), գործնական (օրինակ, արտադրական փորձարկումներում), ուսուցողական (էլեկտրաշարժիչի Մ․ ֆիզիկայի լաբորատորիայում, քարտեզ, գլոբուս ևն) կամ սպորտային (օրինակ, ավիամոդելիզմի) նպատակներով։
Գիտական հետազոտության բնագավառում Մ․ հետազոտվող օբյեկտի (նախատիպի) փոխարինողն է, նմանակը։ Հաճախ օբյեկտի անմիջական հետազոտությունը հնարավոր կամ նպատակահարմար չէ (այն շատ մեծ կամ փոքր է, ունի զգալիորեն բարդ կառուցվածք, նրա հետազոտումը կապված է միջոցների կամ ժամանակի չարդարացված ծախսումների հետ ևն)։ Այդպիսի դեպքերում ուսումնասիրման է ենթարկվում օբյեկտի Մ․, որը նախատիպի հետ գտնվում է որոշակի համապատասխանության մեջ։ Այս հանգամանքը հնարավորություն է տալիս մոդելավորումից ստացված ինֆորմացիան տարածել նախատիպի վրա։ Նախատիպը և Մ․ կարող են տարբեր իրային օբյեկտներ լինել (օրինակ, կառուցվելիք հզոր կամուրջը և դրա փոքրացված նմանակը)։ Հաճախ նախատիպի և Մ–ի միջև թե՛ ձևի և թե՛ նյութի տեսակետից ոչ մի նմանություն չի լինում։ Օրինակ, որպես ամբարտակի Մ․ օգտագործվում է էլեկտրական շղթա։ Նյութական օբյեկտների Մ–ներ կարող են ծառայել նշանային համակարգը, մտապատկերը (օրինակ, ատոմի մոլորակային Մ․), մաթ․ բանաձևը, հավասարումը, տեսության մասը կամ ողջ տեսությունը և հակառակը, աքսիոմների որևէ համակարգի Մ․ կարող է լինել համապատասխան օբյեկտների համակարգը։ Երբեմն և՛ Մ․, և՛ նախատիպը տեսական կառույցներ են։ Այսպես, էվկլիդեսյան երկրաչափությունը օգտագործելով որպես Մ․, հիմնավորվեց, որ դրա անհակասականությունից հետևում է Լոբաչևսկու երկրաչափության անհակասականությունը։ Նման
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/662
Այս էջը սրբագրված չէ