Ֆենոտիպ (հուն․՝ φαίυω - պարզել, հայտնաբերել և տիպ), օրգանիզմի անհատական զարգացման պրոցեսում ձևավավորված արտաքին հատկությունների և հատկանիշների ամբողջություն։

«Ֆենոտիպ» տերմինն առաջարկել է դանիացի գենետիկ Վիլհելմ Յոհանսենը 1909 թվականին, ի տարբերուրություն գենոտիպ և գեներ հասկացությունների։ Հաճախ ֆենոտիպ տերմինն օգտագործվում է նեղ իմաստով՝ նշելու համար որևէ կոնկրետ գենի փոփոխության հետևանքն օրգանիզմում։ Ֆենոտիպը կախված է գենոտիպից, ձևավորվում է նրա և շրջապատող միջավայրի փոխազդեցության պրոցեսում՝ օնտոգենեզի ընթացքում։ Իր հերթին ֆենոտիպը կարող է ազդել գենոտիպի վրա․ օրինակ, ԴՆԹ-ի սինթեզը և մոդիֆիկացիաները վերահսկող ֆերմենտային համակարգերի գործունեության հետևանքով կարող են առաջանալ գեների կառուցվածքի կամ կարգավորման մեխանիզմների փոփոխություններ։ Ուստի, գենոտիպը և ֆենոտիպը գտնվում են դիալեկտիկական փոխկապակցության մեջ։

Ֆեների շարքում առաջնային դեր ունի որոշակի ՌՆԹ-ների (Նուկլեինաթթուներ) և պոլիպեպտիդների մոլեկուլների առկայությունը, նրանք գեների գործունեության անմիջական արգասիքներն են, ընդ որում յուրաքանչյուր այդպիսի մոլեկուլի գոյությունը հետևանք է մեկ գենի աշխատանքի։ Քանի որ պոլիպեպտիդները բջջի կարևորագույն տարրերի՝ սպիտակուցների, այդ թվում՝ ֆերմենտների, հիմնական (հաճախ՝ միակ) բաղադրամասերն են, ապա նրանք վերջին հաշվով պայմանավորում են մնացած բոլոր ֆեների ձևավորումը։

Հայտնի են մի շարք օրգանիզմների (բակտերիաներ, դրոզոֆիլ, մարդ և այլն) շատ ֆեների ձևավորման մեխանիզմները, սակայն դրանք ֆենոտիպի աննշան մասն են կազմում։ Ֆենոտիպի գոյացման մեխանիզմների պարզաբանումն ունի կարևոր տեսական և գործնական նշանակություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։