Քրիստափոր Հուսիկյանց
Քրիստափոր (Խաչատուր) Կիրիլի Հուսիկյանց (Կուսիկյան Քրիստափոր, 1840, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1910, Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն), հայ նկարիչ, ճարտարապետ, մանկավարժ։
Քրիստափոր Հուսիկյանց | |
---|---|
Ծնվել է | 1840 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1910 |
Մահվան վայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | ճարտարապետ, նկարիչ և մանկավարժ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի վարժարանը։ Ինստիտուտի խնամատար Խաչատուր Լազարյանի խնդրագրով՝ որպես «բարեկիրթ և աշխատասեր պատանի», ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ սովորել է 27 տարի ընդմիջումներով՝ որպես «ազատ ունկնդիր» կամ «ազատ այցելու»` նա սովորել է Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության (1859-1868), ապա` գեղանկարչության (1866-1886, այլ տվյալներով՝ 1873-1886) բաժիններում[1]։ 1874 թվականին Հուսիկյանցը Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի որոշմամբ արժանացել է արծաթե փոքր խրախուսական մեդալի՝ Մոսկվայից հյուսիս, Յարոսլավլից ոչ հեռու, Վոլգայի ափին գտնվող Ռիբինսկ քաղաքի թատրոնի շենքի նախագծի համար։ Ակադեմիայում սովորելու տարիներին մտերմացել է Իլյա Ռեպինի հետ։ 1867 թվականին Ռեպինը Գեղարվեստի ակադեմիայի սաների ընկերական երեկույթներից մեկի ժամանակ ստեղծել է Հուսիկյանցի գրաֆիկական դիմանկարը (գնվել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի կողմից)։ Պարբերաբար ստանձնել է Փոթի քաղաքի ճար��արապետի պարտականությունները[2]։ 1886 թվականի հունվարի 28-ին Գեղարվեստի կայսերական ակադեմիայի խորհրդի կողմից ստացել է ոչ դասային նկարչի կոչում։ 1891 թվականից Հուսիկյանցը մանկավարժական գործունեության է անցել Նոր Նախիջևանում[3]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՍտեղծել է գծանկարներ, վիմագիր և ջրաներկ աշխատանքներ։ Պահպանվել է հյուրանոցային նրա նախագիծը՝ համարներով, խանութներով և սրճարաններով՝ եռահարկ մի շինություն՝ արտաքին մասերի դեկորատիվ ներդաշնակ ձևերով, որտեղ կիսաշրջան պատուհանների լուծումների մեջ նկատելի են հայկական ճարտարապետության ավանդական տարրերը։ Դոնի Ռոստովի երկրամասային թանգարանի ֆոնդերում կարելի է տեսնել Հուսիկյանցի այլ աշխատանքներ՝ գերեզմանային ցանկապատերի նախագծեր՝ բարդ բուսական զարդանախշերով։
«Ավերակ վանք» փոքրադիր ջրանկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Դիմանկարներ
խմբագրել- Ֆեոդոր Դոստոևսկի, 1883
- Տարաս Շևչենկո, 1884
- Պետրոս Ադամյան, 1884, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
- Հովհաննես Այվազովսկի, 1890
- Մկրտիչ Խրիմյան, 1893, վիմագրություն
- Միքայել Նալբանդյան, 1904, ստվարաթուղթ, ջրաներկ
- Ռաֆայել Պատկանյան, 1906, վիմագրություն
- Րաֆֆի, 1906, թուղթ, տուշ
- Իվան Տուրգենև
- Ցարական պալատի որսապետ Միխայիլ Վոլկովի դիմանկարը, Վիշնի Վոլոչյոկի երկրամասային թանգարան
- Գնդապետ Նիկոլայ Մանզեյի դիմանկարը
- «Տիկին Մոկուռի դիմանկարը»
- Իշխան Վլադիմիր Բարյատինսկու դիմանկարը
Ջրանկարներ
խմբագրել- Ինտերիեր» (1870, ջրաներկ, պահվում է Էրմիտաժի ֆոնդերում)
- «Էջմիածնի վանքը»
- «Էջմիածնի լիճը և վանքը»
- «Գեղարդի վանքը»
- «Օշականի եկեղեցին»
- «Սուրբ Հռիփսիմե եկեղեցին»,
- «Աշտարակի Կարմրավոր եկեղեցին»
- «Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին»
- «Խոր Վիրապի վանքը»
Այս ջրանկարներն այժմ գտնվում են Սարդարապատի ազգագրության թանգարանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Юбилейный справочник императорской Академии художеств: 1764-1914. Сост. С. Н. Кондаков. Часть вторая – Список русских художников, с. 56; Художники народов СССР. Биобиблиографический словарь, с. 251)
- ↑ Валерий Рязанов, От первого приюта до наших дней. Из истории изобраз ительного искусства Нахичевани-на-Дону, Ростов-на-Дону, 2011, с. 18-21
- ↑ «Արարատ Աղասյան։ Մոռացված անուն. նկարիչ և ճարտարապետ Քրիստափոր (Խաչատուր) Հուսիկյանց (1840-1910)».