Ամիր-Քուրդ Արծրունի, (վրացական աղբյուրներում՝ Աբուլ-Հասան) (ծննդյան թվականը անհայտ, մահացել է մոտ 1191 թվականին), XII դարի երկրորդ կեսի պետական գործիչ, Արծրունի տոհմից (տես Արծրունիներ)։ Վրաց արքունիքում գրավել է բարձր պաշտոններ՝ իր տոհմի ժառանգական արտոնությամբ վարելով Տփղիսի ու Քարթլիի ամիրապետի (ամիրայից ամիրայի) և արքունի գանձարանապետի տեղակալի («Նուցվալի մեճուրճլեթ-ուխուցեսիսա») պաշտոնները։ Խնամիական կապերով կապված էր Զաքարյան տան հետ, քույրը՝ Սահակդուխտը, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի կինն էր։ Մեծ կապեր ուներ առևտրա-վաշխառուական շրջանների հետ։ Գործուն մասնակցություն է ունեցել ազնվականության տարբեր խմբավորումների միջև իշխանության համար մղած պայքարում, որն առանձնապես սրվեց Թամար թագուհու ամուսնության կապակցությամբ։ Խմբավորումներից յուրաքանչյուրը ձգտում էր, որ թագուհու ամուսինը լինի իր դրածոն։ Սկզբում հաղթեց Ամիր-Քուրդ Արծրունին։ Նրա միջնորդությամբ թագուհին 1185 թվականին ամուսնացավ ռուս իշխան Յուրի Բոգոլյաբսկու հետ, որն իր հոր՝ Անդրեյ Բոգոլյաբսկու սպանությունից հետո փախել էր Հյուսիսային Կովկաս և ապաստանել ղփչաղների մոտ։ Այդ ժամանակից վրաց արքունիքում Ամիր-Քուրդ Արծրունու դիրքերն ավելի ուժեղացան։ Նա դարձավ պետական խորհրդի՝ «դարբազիի» անդամ՝ ստանալով արքունի գանձարանապետի («մեճուրճլեթ-ուխուցեսի») պաշտոնը, ինչպես նաև Տփղիսից հարավ նոր հողային տիրույթներ՝ Ռուսթավի հետ միասին։ Մահկանաբերդի Արծրունիների այդչափ ուժեղացումից դժգոհ էին Զաքարյանները և ուրիշներ։ Զաքարյանների ճնշմամբ Յուրի Բոգոլյուբսկին 1188 թվականին հեռացվեց Վրաստանից, իսկ Թամարն ամուսնացավ օս (ալան) արքայազն Դավիթ Սոսլանի հետ։ Այդ պահից Ամիր-Քուրդ Արծրունիի ազդեցությունն ընկավ։ Ձգտելով վերականգնել նախկին վիճակը՝ նա միացավ վտարանդի Յուրի Բոգոլյուբսկուն, որը 1191 թվականին փորձեց վերագրավել վրաց գահը։ Սակայն, Զաքարյան եղբայրներ Զաքարեն ու Իվանեն պարտության մատնեցին Յուրիի բանակը։ Զաքարյանները դարձան վրաց պետության ամենաազդեցիկ իշխանները։ Ամիր-Քուրդ Արծրունին ապստամբության պարտությունից հետո առանձնացավ Մահկանաբերդում։ Այնտեղ էլ մահացավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 323)։
|