Փանդիռ (այլ ընթերցումներն են՝ փանդիռն, փանտիռ, փանդեռն, բամբիռն, բանդեռն, բանդիռն), լարային կոթավոր կսմիթահար նվագարան հին և միջնադարյան Հայաստանում։ Փանդիռի մասին հնագույն տեղեկությունները հաղորդում են պատմիչներ Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին։ Փանդիռի վրա նվագել են հայ հին վիպասանները՝ իրենք իսկ նվագակցելով իրենց երաժշտաարտասանական բնույթի պատումներին՝ վեպերին և «ցցոց ու պարուց» երգերին։

Փանդիռ

Հայկական հին թարգմանական գրականության էջերում հանդիպում են նաև «փանդեռնահարութիւն» և «փանդեռներգութիւն» խոսքերը։ Փանդիռը ծանոթ է եղել նաև Կիլիկիայում։ Այն հիշատակում է Գրիգոր Դ Տղան՝ «Ողբ Երուսաղեմի» քերթվածում։ Դատելով միջնադարյան առանձին ձեռագրերի տվյալներից՝ հայ իրականության տարբեր շրջանակներում «փանդիռ» ասելով երբեմն նույնիսկ տարբեր նվագարաններ են հասկացել։ Ուշ միջնադարում (XVI դ.) փանդիռը դուրս է եկել գործածությունից։

Փանդիռի կիրառման եղանակի, նրա լարերի թվաքանակի և լարվածքի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Սակայն, երաժշտական (մեղեդիական) արտասանության նվագակցության համար հին աշխարհի մի շարք քաղաքակիրթ ժողովուրդների կողմից կիրառված, այսպես կոչված, ներդաշնակության հենքի տիպի լարվածք ունեցող գործիքներից դատելով՝ կարելի է ենթադրել, որ փանդիռը նույնպես չորս և կամ, առնվազն, երեքլարանի մի նվագարան էր, c1-f1-g1-c2 կամ c1-f1-g1 տիպի լարվածքով։ Այդպիսի գործիքի օգնությամբ վիպասանները կարող էին շեշտաչափել իրենց երաժշտաարտասանական պատումները՝ դրանք նվագակցելով հնգյակ-քառյակային (կվարտ-կվինտային) կառուցվածքի համահնչյուններով։ Այս ենթադրությունն անուղղակիորեն հաստատվում է նրանով, որ սազ նվագող հայ աշուղները մինչև օրս էլ կիրառում են c-f-g տիպի հարաբերություններից բաղկացած «բազմալար պեդալներ», որի նախնական (արխաիկ) բնույթն ավելի քան անվիճելի է։ Սրանից հետևում է, որ մեր ժամանակակից հայ աշուղների կատարողական հիշյալ հնարանքը «փանդռնահարության» հնամենի արվեստի արձագանքներից է։

Գրականություն

խմբագրել
  • Թահմիզյան Ն., Ներդաշնակության հենքի ուսմունքը միջնադարյան Հայաստանում (V - VI դդ.), «ՊԲՀ», 1966, № 1։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։