Տեղեկատվական հասարակություն

Տեղեկատվական հասարակություն գաղափարը բնութագրում է հասարակության տեսակ, որտեղ տեղեկատվության և գիտելիքի ստեղծումը, օգտագործումը ու մշակումը հանդիսանում են կարևոր տնտեսական, քաղաքական և մշակութային գործոններ։ Բնութագրիչ գծերից են.

  • տեղեկատվության, գիտելիքի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մեծացումը հասարակական կյանքում
  • տեղեկատվական տեխնոլոգիաների, ապրանքների ու ծառայությունների, ինչպես նաև հաղորդակցության ոլորտներում աշխատող մարդկանց թվի աճը
  • հասարակության տեղեկատվայնացման (informatization) աճը՝ հեռախոսակապի, ռադիոյի, հեռուստատեսության, Ինտերնետի, ավանդական ու էլեկտրոնային ԶԼՄ-ների կիրառմամբ
  • գլոբալ տեղեկատվական միջավայրի զարգացումը, որն ապահովում է մարդկանց արդյունավետ տեղեկատվական փոխգործակցությունը, մատչումը համաշխարհային տեղեկատվական ռեսուրսներին և նրանց պահանջմունքների բավարարումը տեղեկատվական ապրանքներով ու ծառայություններով

Գիտելիքահենք տնտեսությունը (knowledge economy) տեղեկատվական հասարակության տնտեսական համարժեքն է, որտեղ հարստությունը ստեղծվում է գիտելիքի տնտեսական շահագործման միջոցով։
Տեղեկատվական հասարակությանը մասնակցելու կարողություն ունեցող մարդիկ երբեմն կոչվում են թվային քաղաքացիներ (digital citizens)։

Տեղեկատվական հասարակությունը դիտարկվում է իբրև ինդուստրիալ հասարակության իրավահաջորդը։
Մոտ գաղափարներ են նաև գիտելիքահենք հասարակություն, հետմոդեռն հասարակություն (post-modern), Դենիել Բելլի (Daniel Bell) կողմից հայտնիացված՝ հետարդյունաբերական հասարակություն (post-industrial), Մանուել Կաստելսի (Manuel Castells) կողմից առաջ մղված՝ ցանցային հասարակություն և այլ ձևակերպումները։

Մոդելի զարգացումը

խմբագրել

Տեղեկատվական հասարակություն գաղափարի պիոներներից է ավստրո-ամերիկյան տնտեսագետ Ֆրից Մախլուպը (Fritz Machlup), ով դեռ 1933 թ. սկսել է ուսումնասիրել գիտելիքը իբրև տնտեսական ռեսուրս (պատենտների ազդեցությունը գիտահետազոտական աշխատանքների վրա), իսկ 1962 թ. հրատարակել է «Գիտելիքի արտադրությունը և բաշխումը Միացյալ Նահանգներում» աշխատությունը։
Նա նաև առանձնացրել է գիտելիքահենք տնտեսության 5 հատվածներ՝ կրթություն, հետազոտություններ և զարգացում (research and development), ԶԼՄ-ներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական ծառայություններ։ Նշված դասակարգումն օգտագործելով նա հաշվարկել էր, որ արդեն 1959 թվականին ԱՄՆ ՀԱԱ-ի 29%-ը գիտատար ոլորտներից էր։

Տեղեկատվական հասարակություն եզրի ստեղծումը վերագրվում է Տոկիոյի Տեխնոլոգիական Ինստիտուտի պրոֆեսոր Յուջիրո Հայաշիին (Yujiro Hayashi)՝ 1969 թ. ճապոնական կառավարությանը ներկայացված «Ճապոնական տեղեկատվական հասարակություն. թեմաներ և մոտեցումներ» ու այլ աշխատանքների կոնտեքստում։ [1]

Ռադովան Ռիխտան (Radovan Richta 1977) փաստարկում է, որ գիտությունն ու տեխնոլոգիան դառնում են արտադրության անմիջական ուժեր, ուստի անցում է կատարվում գիտական քաղաքակրթության՝ հիմնված ծառայությունների, կրթության և ստեղծագործական գործունեության վրա։
Պիտեր Օտտոն և Ֆիլիպ Զոնտագը (Peter Otto and Philipp Sonntag 1985) ձևակերպում են տեղեկատվական հասարակությունը իբրև հասարակություն, որտեղ աշխատողների մեծամասնությունը ավելի շատ գործ ունեն տեղեկատվության, ազդանշանների, սիմվոլների ու նկարների հետ, քան էներգիայի և նյութի։
Նիկո Ստերը (Nico Stehr 2002a) նշում է նաև, որ զարգացման նշված միտումների պարագայում տեղի է ունենալու գիտելիքի մշակման հետ կապված մասնագիտությունների աճ և ճանաչողական ցածր հմտությունների ու անմիջականորեն (նյութական) արտադրության հետ կապված աշխատատեղերի նվազում։

Մարկ Պորատը (Marc Porat 1977) տարբերակում է տեղեկատվական տնտեսության առաջնային (տեղեկատվական ապրանքներ և ծառայություններ, որոնք ուղղակիորեն օգտագործվում են տեղեկատվության ստեղծման, բաշխման կամ մշակման մեջ) և երկրորդային (տեղեկատվական ծառայություններ՝ ներքին օգտագործման համար) հատվածներ։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (Organisation for Economic Co-operation and Development) ընդհանուր տնտեսության մեջ տեղեկատվական տնտեսության բաժինը հաշվարկելու համար իբրև ցուցանիշ կիրառում է Պորատի վերոնշյալ երկու հատվածների հանրագումարը։ Ըստ այդմ՝ տեղեկատվական տնտեսությունը սահմանվում է իբրև համակարգ, որտեղ ՀՆԱ կեսից ավելին արտադրվում և աշխատողների կեսից ավելին զբաղված են տեղեկատվական տնտեսության հատվածում (կամ ըստ Դ.Բելլի՝ աշխատողների մեծամասնությունը չի մասնակցում նյութական բարիքների արտադրությանը)։

Ալեն Թուրենը (Alain Touraine 1988) նշում է. «Անցումը հետարդյունաբերական տնտեսության տեղի է ունենում այն ժամանակ, երբ ներդրումները հանգեցնում են սիմվոլիկ բարիքների արտադրության, որոնք ավելի շատ են փոխակերպում արժեքները, կարիքները ու պատկերացումները, քան նյութական բարիքների արտադրությունը կամ ծառայությունների մատուցումը։ Ինդուստրիալ հասարակությունը փոխակերպեց արտադրության միջոցները, հետարդյունաբերական հասարակությունը փոխակերպում է... մշակույթը։ Որոշիչ պահը այստեղ այն է, որ հետարդյունաբերական հասարակության մեջ ողջ տնտեսական համակարգը հանդիսանում է հասարակության կողմից ինքն իր վրա ազդելու միջոց։ Ահա թե ինչու է այն անվանվում ծրագրավորված հասարակություն. նման հասարակությունը բոլոր մակարդակներով հանդիսանում է արդյունքը իր իսկ գործունեության, այլ ոչ թե բնության օրենքների կամ մշակութային առանձնահատկությունների։» Փաստորեն նման հասարակության մեջ արդյունաբերականացվում են մշակութային վերարտադրության դրսևորումները (օր.՝ կրթությունը)։

Գաղափարի մասսայականացմանն է ն��աստել նաև 1992 թ. ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի կոնֆերանսը և Բ.Քլինթոնի ու Ա.Գորի զեկույցը։
20-րդ դարի վերջից սկսած «տեղեկատվական հասարակություն» և «տեղեկատվայնացում» տերմինները ամուր դիրքեր են գրավում ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքական գործիչների, տնտեսագետների ու գիտակրթական ոլորտի գործիչների բառապաշարներում։
Գաղափարը հիմնականում ընկալվում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ հասարակության զարգացման նոր փուլ մտնելու իմաստով (չնայած որոշ հնացած և մակերեսային ընկալումներում սոցիալական կառուցվածքի նշված խորքային փոփոխությունը երբեմն հավասարեցվում է ինտերնետային ռեսուրսների պարզունակ օգտագործմանը)։
Ներկայումս հասարակական-քաղաքական մտքի մեջ տեղեկատվական հասարակության գաղափարը սկսում է զբաղեցնել 1970-ական թթ. հետարդյունաբերական հասարակություն գաղափարի տեղը (ընդհուպ մինչև հետարդյունաբերական հասարակություն հասկացության հեղինակ Դ.Բելլի աջակցությունը)։

2006 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց հռչակել մայիսի 17-ը Կապի և տեղեկատվական հասարակության միջազգային օր (World Telecommunication and Information Society Day | օրվա ընտրությունը կապված է 1865 թ. նշված օրը Միջազգային հեռագրական միության հիմնադրման հետ)։

Հարկ է նկատել, որ դեռևս գոյություն չունի համընդհանուր ընդունված կոնկրետ ձևակերպում, թե ինչ է տեղեկատվական հասարակությունը, չնայած տեսաբանները համաձայնվում են, որ 1970-ական թթ. սկսած նկատվում է փոփոխություն, որն ազդում է հասարակությունների գործունեության հիմքերի վրա (հաշվի առնելով հասարակական կյանքի և տնտեսական գործունեության ամենատարբեր ոլորտների տեղեկատվայնացման տեխնոլոգիական ու սոցիալական հետևանքների խորությունն ու մասշտաբները՝ այն երբեմն համալիր անվանում են տեղեկատվական հեղափոխություն)։
Հաշվի առնելով տեղեկատվական փոխաբերությունների ու տեխնոլոգիաների երկկողմանի կապը՝ կարելի է ասել նաև, որ մենք պատկերացնում ենք որոշ հասարակություններ (օր.՝ ճապոնական) իբրև տեղեկատվական հասարակություն, որովհետև այդպես ենք մտածում դրանց մասին։
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ դեռևս հստակ չեն կոնկրետ միջոցների (օր.՝ ինտերնետ) և արտադրաեղանակների ազդեցության իրական չափերը վերոնշյալ գործընթացների վրա։

Հիմնական գաղափարները

խմբագրել

Տեղեկատվական հասարակությունը կարելի է ընկալել նաև իբրև զարգացած հետարդյունաբերական հասարակություն, ուստի պատահական չէ նշվածի դրսևորումը հատկապես այն երկրներում (Ճապոնիա, ԱՄՆ, արևմտաեվրոպական երկրներ), որտեղ 1960-70-ական թթ. ձևավորվում էր հետարդյունաբերական հասարակություն (Ու.Մարտին | W.Martin)։

Դեպի տեղեկատվական հասարակություն անցման դրսևորումներից կարելի է նշել հետևյալները.

  • տնտեսության կառուցվածքային փոփոխություններ, հատկապես աշխատուժի բաշխման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում (օր.՝ ահռելի մասշտաբի մարդկային ռեսուրսների ու արտադրական/կազմակերպական կառուցվածքների կառավարման հնարավորություն)
  • համակարգչային գրագիտության անհրաժեշտության գիտակցման տարածում, կրթության տեղեկատվայնացում
  • հասարակության տեղեկատվայնացման տարածում
  • տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը աջակցություն կառավարության կողմից
  • բացասական դրսևորումների տարածում (օր.՝ համակարգչային վիրուսներ, հարձակումներ ենթակառուցվածքների տեղեկատվական բաղկացուցիչների վրա)

Տեղեկատվական հասարակության բնութագրիչներից են.

  • տեխնոլոգիական. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արտադրության, կազմակերպությունների գործունեության, կրթության ու կենցաղի մեջ
  • սոցիալական. տեղեկատվությունը հանդես է գալիս իբրև կենսամակարդակի բարձրացման կարևոր խթան, նաև՝ տեղեկատվության լայնամասշտաբ մատչումի շնորհիվ ձևավորվում է տեղեկատվական գիտակցություն
  • տնտեսական. տեղեկատվությունը հանդիսանում է վճռորոշ տնտեսական գործոն՝ իբրև ռեսուրս, ծառայություն, ապրանք, ինչպես նաև՝ ավելացված արժեքի ու զբաղվածության աղբյուր
  • քաղաքական. տեղեկատվության ազատությունը հանգեցնում է հասարակության տարբեր շերտերի աճող մասնակցությամբ և փոխհամաձայնությամբ քաղաքական գործընթացի
  • մշակութային. տեղեկատվության մշակութային արժեքի ճանաչում՝ անհատի և հասարակության զարգացման համար տեղեկատվական արժեքների հաստատման աջակցության միջոցով

Մանուել Կաստելսը (Manuel Castells 2000) վճռորոշ տեղ է հատկացնում նաև ցանցային տրամաբանությանը։ Ինչպես նշում է Յան վան Դիյկը (Jan Van Dijk 2006), ցանցերը դարձել են հասարակության ներվային համակարգը։
Ժան-Ֆրանսուա Լյոտարը (Jean-François Lyotard 1984) դիտարկում է նաև, որ գիտելիքի ապրանքայնացումը մատչելի է դարձնում այն շարքային քաղաքացիների համար, որովհետև դուրս է գալիս կենտրոնացված կառուցվածքների ու խմբերի ազդեցությունից։

Այսպիսով տեղեկատվական հասարակությունը կարելի է սահմանել իբրև հասարակություն, որտեղ կենսամակարդակն ու սոց-տնտեսական զարգացման հեռանկարները աճող տեմպերով կախված են տեղեկատվության տնտեսական շահագործումից։

Վերոնշյալը ունի նաև բացասական հետևանքներ, ինչպես օրինակ՝

Նշված բացասական հետևանքների ազդեցության չեզոքացման համար անհրաժեշտ են հաշվետվողականության, թափանցիկության և հակակշիռների ճկուն համակարգեր։

Քննադատությունը

խմբագրել

Տեղեկատվական հասարակություն գաղափարի հիմնական քննադատությունը առնչվում է դրա ռադիկալության աստիճանի հետ։ Ֆրենկ Վեբստերը (Frank Webster) նկատում է, որ նման մոտեցումները շեշտում են ոչ շարունակականությունը այնպես, կարծես՝ ժամանակակից հասարակությունը ընդհանուր ոչինչ չունի 100-150 տարի առաջ գոյություն ունեցած իր (կապիտալիստական) վիճակի հետ, մինչդեռ կարելի է պարզապես առանձնացնել կապիտալիզմի փուլեր՝ 19-րդ դարի ազատ (laissez-faire), 20-րդ դարի կորպորատիվ և 21-րդ դարի տեղեկատվական։
Այլընտրանքային ձևակերպումներից կարելի է նշել նաև միջազգային ցանցային կապիտալիզմ (Ֆուքս՝ Christian Fuchs 2007), թվային կապիտալիզմ (digital capitalism) (Շիլլեր՝ Schiller 2000, նաև Գլոց՝ Peter Glotz), վիրտուալ կապիտալիզմ (Դոուսոն/Ֆոստեր՝ Dawson/Foster 1998), բարձր-տեխնոլոգիական կապիտալիզմ (Ֆիցպատրիկ՝ Fitzpatrick 2002)։

Նեգրին և Հարդտը (Antonio Negri and Michael Hardt) մարքսիստական տեսանկյունից վերլուծում են ժամանակակից հասարակությունը իբրև ոչ նյութական աշխատանքի վրա հիմնված և կապիտալիզմի միասնական գլոբալ տրամաբանությամբ բնութագրվող կայսրություն։ Ոչ նյութական աշխատանքը դիտարկվում է իբրև աշխատանք, որը ստեղծում է գիտելիք, տեղեկատվություն, կապ, հարաբերություն կամ զգացմունքային արձագանք։ Այդ մեկնաբանության խնդիրներից է հասարակության նյութական անհրաժեշտ հիմքի անտեսումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Duff, Alistair S. (2000 առցանց՝ 5sVeM4FWEPsC&lpg=PP1&pg=PA3#v=onepage&q&f=false). Information society studies. {{cite book}}: External link in |year= (օգնություն)