Վիշապներ
Վիշապներ (Boidae), կեղծոտանիներ, օձերի ենթակարգի սողունների ընտանիք։ Այս ընտանիքին են պատկանում ժամանակակից ամենախոշոր օձերը։ Մարմնի երկարությունը 0,5-ից 10 մ է (ցանցավոր պիթոն, անակոնդա)։ Գլուխը պարզորոշ կերպով սահմանազատված է պարանոցից։ Կոյանցքի կողքերին պահպանվել են ետին ոտքերի, իսկ կմախքում՝ կոնքի և ազդրոսկրերի ռուդիմենտներ (այստեղից երկրորդ անվանումը)։ Գունավորումը բազմազան է, խայտաբղետ նախշերով։ Տարածված են Արևելյան և Արևմտյան կիսագնդերի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, գլխավորապես անտառներում, որոշ տեսակներ՝ տափաստաններում և անապատներում։ Ապրում են ծառերի վրա, ջրում, հողում։ Բազմանում են ձվադրությամբ կամ ձվակենդանածնությամբ։ Որսը (սովորաբար կաթնասուններ և այլ ողնաշարավորներ) բռնում են ատամներով և փաթաթվելով մարմնի շուրջը՝ խեղդում։ Արևադարձային շրջաններում օգտագործվում է վիշապների մաշկը և միսը։ Վիշապները բաժանվում են 2 ենթաընտանիքի՝ պիթոններ և բուն վիշապներ։ Հայտնի է վիշապներիի մոտ 80 տեսակ։
Հայաստանում հանդիպում է արևմտյան վիշապիկը (լատին․՝ E․ jaculus)։ Այս տեսակներն ընտանիքի ամենամանր ներկայացուցիչներից են (երկարությունը՝ մինչև 1 մ) ապրում են հիմնականում ավազոտ անապատներում և չոր տափաստաններում, վարում գիշերային կենսաձև։ Ցերեկը թաղվում են ավազի մեջ, որի շերտի տակով կարող են ազատ տեղաշարժվել։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 459)։ |