Վարիկոցելե (լատին․՝ varicocele), սերմնալարի ողկույզանման երակային ցանցի վարիկոզ լայնացում, որը հանդիպում է տղամարդկանց 11.7%-ի մոտ, և սերմի որակի խանգարում ունեցող տղամարդկանց 25.4%-ի մոտ։

Վարիկոցելե
Սերմնալարի ողկույզանման երակային ցանցը նորմայում
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
 Varicocele Վիքիպահեստում

Պատճառագիտությունը

խմբագրել

Վարիկոցելեն դեպքերի մեծ մասում՝ մոտ 92%-ում, հանդիպում է ձախից, երբեմն լինում է նաև երկկողմանի՝ 5%-ում, և 3% դեպքերում՝ աջից։ Աջ սերմնալարի ողույզանման երակային ցանցից արյան արտահոսքը իրականանում է աջ ամորձային երակով, որը թափվում է ստորին սիներակի մեջ։ Ձախ սերմնալարի ողույզանման երակային ցանցից արյան արտահոսքը իրականանում է ձախ ամորձային երակով, որը ուղիղ անկյան տակ թափվում է դեպի ձախ երիկամի երակի մեջ։

Վարիկոցելեի պատճառ կարող է լինել՝

  • Ամորձու երակի փականային ապարատի դեֆեկտը։
  • Երակային պատի բնածին թուլությունտը, որը չի կարող դիմակայել երակային արյան հիդրոստատիկ ճնշմանը։
  • Ձախ ամորձու երակի ուղիղ անկյան տակ թափվելը դեպի ձախ երիկամային երակ։

Վարիկոցելեի հանկարծակի առաջացումը թե աջ, թե ձախ կողմերից կարող է վկայել երիկամի ուռուցքի մասին, ուռուցքային թրոմբով երիկամային երակի խցանման մասին։ Վարիկոցելեն պետք է դիտել նաև որպես երիկամային երակում հիպերթենզիայի առաջին ախտանիշներից մեկը։ Կլինիկորեն հիվանդը կարող է ոչ մի գանգատ չնշել և վարիկոցելեն հայտնաբերվում է պատահական հետազոտման ժամանակ։ Հիվանդը կարող է նշել դիսկոմֆորտ փոշտում և ցավ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Նորմալ սպերմատոգենեզը ընթանում է մարմնի ջերմաստիճանից 2-3 աստիճան ցածր ջերմաստիճանային պայմաններում։ Վարիկոցելեյի դեպքում առաջացած երակային կանգը, բերում է փոշտում ջերմաստիճանի բարձրացման, որի նկատմամբ էլ շատ զգայուն է սպերմատոգեն էպիթելը։
Վարիկոցելեն ժամանակի ընթացքում կարող է բերել ամորձու կոնսիստենցիայի փոփոխման՝ տուրգորի իջեցման և հիպոպլազիայի։ Վարիկոցելեն բերում է սպերմատոգենեզի ընկճմանը, բայց որպես միայնակ գործոն չի կարող առաջացնել անպտղություն։

Դասակարգում

խմբագրել
 
3-րդ աստիճանի ձախակողմյան վարիկոցելե

Ըստ Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի (EAU) դասակարգման[1] տարբերում են վարիկոցելեի հետևյալ աստիճանները։ ՝

  • Սուբկլինիկական ձև - սերմնալարի երակները չեն շոշափվում, չկան փոշտի տեսանելի փոփոխություններ՝ ոչ հանգստի, ոչ Վալսալվայի փորձի ժամանակ, սակայն հատուկ հետազոտություններով (դոպպլեր ՈւՁՀ) հայտնաբերվում է սերմնալարի երակների լայնացում։
  • 1-ին աստիճան - սերմնալարի երակները շոշափվում են միայն Վալսալվայի փորձի միջոցով (Վալսալվայի փորձի ժամանակ ներորովայնային ճնշումը բարձրանում է, որի պատճառով վարիկոզ լայնացած երակների արտափքվածությունը ավելի արտահայտիչ է դառնում)։
  • 2-րդ աստիճան - սերմնալարի երակները շոշափվում են հանգիստ վիճակում, սակայն տեսանելի երակների լայնացում չի դիտվում։
  • 3-րդ աստիճան - հեռավորությունից նկատվող վարիկոցելե։

Բուժում

խմբագրել

Մշտական ցավերի դեպքում խորհուրդ է տրվում սուսպենզորիայի կրում (փոշտի բարձր դիրքի ապահովում)։

Վիրահատական բուժման ցուցումներն են՝

  1. Սիմպտոմատիկ վարիկոցելեն (ցավի, դիսկոնֆորտի առկայությունը)։
  2. Սերմի որակի խանգարումը։
  3. Վարիկոցելեն զուգորդված ամորձու փոքր չափերի հետ։
  4. Վարիկոցելեն համակցված գոնադոլիբերինային խթանման թեստի սուպրանորմալ պատասխանի հետ։
  5. Երկկողմանի վարիկոցելեն։

Վիրահատական բուժման էությունն այն է, որ ընդհատվում է ուղիղ երակային կապը ամորձու երակի և ստորին սիներակի միջև, դադարեցնելով երակային արյան հետհոսքը դեպի սերմնալարի ողկույզանման երակային ցանցը։ Գոյություն ունի վարիկոցելեյի վիրահատակն բուժման մի քանի տարբերակ, որոնց ընտրությունը հիմնականում կախված է միջամտության արդյունավետությունից և բժշկի փորձից։

Ներկայումս լայն տարածում են գտել հետևյալ վիրահատությունները՝
Բուժման տեսակները Կրկնման հավանականությունը Հնարավոր բարդությունները
Անտեգրադ (առաջընթաց) սկլերոթերապիա 9% 0,3-2,2%-ում հնարավոր է ալերգիկ ռեակցիա կոնտրաստ նյութի նկատմամբ, ամորձու ատրոֆիա, Էպիդիդիմիտ, փոշտի հեմատոմա, ձախ աճուկային շրջանի էրիթեմա (արյունազեղում)։
Ռետրոգրադ (հետընթաց) սկլերոթերապիա 9,8% Ալերգիկ ռեակցիա կոնտրաստ նյութի նկատմամբ, գոտկային ցավ, կրկնվող թրոմբոֆլեբիտ, անոթի վնասում։
Ռետրոգրադ ռենտգենոէնդովասկուլյար էմբոլիզացիա 3,8-10% Ցավ պայմանավորված թրոմբոֆլեբիտով, արյունահոսություն հեմատոմա, ինֆեկցիա, երակի վնասում, հիդրոցելեյի առաջացում, ալերգիկ ռեակցիա կոնտրաստ նյութի նկատմամբ, հետորովայնամզային հեմատոմա, ֆիբրոզ, որը կարող է բերել միզածորանի խցանման։
Աճուկային բաց վիրահատություն 13,3% Հնարավոր է որևէ լայնացած երակի բաց թողում՝ չնկատելու հետևանքով։
Ամորձային երակի բարձր լիգացիա (կապում) 29% 5-10% դեպքերում հիդրոցելեի առաջացում
Միկրովիրաբուժական եղանակ 0,8-4% Հետվիրահատական հիդրոցելե, զարկերակի վնասում
Լապարոսկոպիկ եղանակ 3-7% Ամորձու զարկերակի և լիմֆատիկ անոթների վնասում, աղիքի վնասում, անոթի և նյարդի վնասում, արյունահոսություն, հետվիրահատական ցավ աջ ուսի շրջանում, օդ փոշտում, վերքի թարախակալում։

Աղբյուրներ

խմբագրել
  • Smith's General Urology, Seventeenth Edition (Authors, Donald Ridgeway Smith, Emil A. Tanagho, Jack W. McAninch)
  1. «European Association of Urology (EAU), Guidelines». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել