Վատ արվեստի թանգարան
Վատ արվեստի թանգարան (անգլ.՝ Museum of Bad Art, MOBA), ամերիկյան մասնավոր թանգարան, որի նպատակն է «ցույց տալ այն նկարիչների աշխատանքները, որոնց աշխատանքները չեն գնահատվել որևէ այլ թանգարանում»[1]։ Ունի 3 մասնաճյուղ․ մեկը գտնվում է Մասսաչուսեթսի Դեդհեմ քաղաքում (անգլ.՝ Dedham, արվարձան Բոստոնի հյուսիս-արևմուտքում), մյուսը՝ հարևան Սոմերվիլում (անգլ.՝ Somerville, արվարձան Բոստոնի հյուսիսում), իսկ երրորդ մասնաճյուղը՝ Մասաչուսեթսի Բրուքլայն քաղաքում (անգլ.՝ Brookline)[2]։ Նրա մշտական հավաքածուն ներառում է արվեստի մոտ 500 ստեղծագործություն, որոնք «չափազանց վատն են, որպեսզի անտեսվեն», բայց սահմանափակ տարածքի պատճառով 2 տաղավարներից մեկում միանգամից ցուցադրվում է 30-40 օրինակ։ Նաև անցկացվում է արտագնա ցուցադրություն[3]։
Վատ արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Բոստոն |
Վայր | Dedham? |
Հիմնադրվել է | 1994 |
Կայք | museumofbadart.org(անգլ.) |
Թանգարանը հիմնադրվել է 1993 թվականին՝ այն բանից հետո, երբ հնահավաք Սքոթ Ուիլսոնն իր մի քանի ընկերներին ցույց տվեց հնոտիների կույտի մեջից գտնված նկարներ։ Ընկերները նրան առաջարկեցին հավաքածու ստեղծել։ Շուտով թանգարանը մեծացավ և Սքոթի բնակարանից տեղափոխվեց Դեդհեմի թատրոնի նկուղ։ Բացատրելով թանգ��րանի ստեղծման նպատակը՝ նրա հիմնադիրներից մեկը՝ Ջերրի Ռայլին, 1995 թվականին ասել է․ «Մինչ աշխարհի բոլոր քաղաքներում կա արվեստի լավագույն ստեղծագործություններին նվիրված գոնե մեկ թանգարան, MOBA-ը միակ թանգարանն է՝ նվիրված վատագույնի հավաքմանն ու ցուցադրմանը»[4]։ Վատ արվեստի թանգարանի հավաքածուում ներառվելու համար ստեղծագործությունը պետք է լինի յուրօրինակ և ստեղծված լինի լուրջ մտադրություններով (ոչ թե կատակի և թանգարանի ցուցադրությունում հայտնվելու համար), բայց դրանք նաև պետք է ունեն էական թերություններ և ձանձրալի չլինեն․ հոգաբարձուները հետաքրքրված չեն կանխամտածված կիտչերի պատկերներով։
«Վատ արվեստի թանգարանը» հիշատակվում է Բոստոնի ուղեցույցների տասնյակում և դարձել է ամբողջ աշխարհում համանման հավաքածուների շարք ստեղծելու ոգեշնչման աղբյուր։ Նյու Յորք Թայմս լրագրից Դեբորա Սողոմոնը նշել է, որ Վատ արվեստի թանգարանի նկատմամբ ուշադրությունն ու հետաքրքրությունը մեծացնում է թանգարանների՝ «լավագույն վատ արվեստի» ցուցադրման միտումը[5]։ Թանգարանը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ հակաարվեստի ցուցադրություն է, բայց կազմակերպիչները ժխտում են՝ ասելով, որ այդ հավաքածուն համարվում է հարգանքի տուրք այն նկարիչներին անկեղծություն համար, ովքեր անզիջող են իդեալին հասնելու իրենց ձգտումներում, չնայած նրան, որ արդյունքում ստացվում են սարսափելի նկարներ։ Ըստ համահիմնադիր Մերի Ջեքսոնի խոսքերի՝ «Մենք դա անում ենք, որպեսզի տոնենք նկարչի անհաջողության իրավունքը»[6]։
Ստեղծման պատմություն
խմբագրելՎատ արվեստի թանգարանը հիմնադրվել է 1993 թվականին հնահավաք Սքոթ Ուիլսոնի կողմից, որը, «Լյուսին ծաղիկներով դաշտում» նկարը տեսնելով Բոստոնի աղբամանից դուրս ցցված, որոշեց, որ նման ստեղծագործություններն անհրաժեշտ է հավաքել և պահպանել։ Ուիլսոնը նկարը դրեց իր ընկերոջ՝ Ջերրի Ռեյլիի տանը և ընկերներին կոչ արեց փնտրել ուրիշ «վատ արվեստ» և իրեն տեղեկացնել գտնված իրերի մասին[7] ։ Երբ Ուիլսոնը ձեռք բերեց ուրիշ «գլուխգործոց» և ցույց տվեց Ռեյլիին, նրանք որոշեցին հավաքածու ստեղծել։ Շուտով (1994 թվականի մարտին[8]) Ռեյլին և իր կինը՝ Մարիա Ջեքսոնը, իրենց տանն ընդունելություն կազմակերպեցին, որը կատակով անվանեցին «Վատ արվեստի թանգարանի բացում»[9]։ Ուիլսոնի, Ռեյլիի և Ջեքսոնի հավաքած ցուցադրանմուշների՝ մասերով կանոնավոր ցուցադրություններն ակներևաբար գերազանցում էին Ջեքսոնի փոքրիկ տան հնարավորությունները (Արևմտյան Ռոքսբերի, Մասաչուսեթս), քանի որ ընդունելություններին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ[10]։ Ցուցահանդեսի սահմանափակ տարածքի խնդրի լուծման նպատակով փորձեցին ստեղծել վատ արվեստի «վիրտուալ» թանգարան, 95 նկարիչների աշխատանքներով CD-ROM[11]։
1995 թվականին ցուցադրության հրապարակը տեղափոխվեց Դեդհեմի սիրողական թատրոնի նկուղ և, ինչպես նշում է The Boston Globe լրագիրը, արվեստի ստեղծագործությունների հավաքածուն դասավորված էր «տղամարդկանց զուգարանից ոչ հեռու»[12], որտեղ համապատասխան ձայներն ու հոտերն իբր թե «օգնում են պահպանել հավասարաչափ խոնավություն»։
Վատ արվեստի թանգարանի առաջին օրերին թանգարանում մի քանի ցուցահանդեսներ անցկացվեցին ոչ սովորական ձևաչափերով․ մի դեպքում «Արվեստ պատուհանից - պատկերասրահ անտառում» ցուցահանդեսի աշխատանքները կախված էին Քեյփ-Քոդի անտառի ծառերից (անգլ.՝ Art Goes Out the Window - The Gallery in the Woods), «Ջրածածկ վատ արվեստ» (անգլ.՝ Awash in Bad Art) խորագրով ցուցահանդեսի ժամանակ արվեստի 18 ստեղծագործությունները ծածկված էին ջերմամեկուսիչ, անջրաթափանց ժապավենով, 2001 թվականին տեղի ունեցավ «Սոսկ բաքս - ոչինչ նյուից բացի» (անգլ.՝ Buck Naked — Nothing But Nudes) ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին թանգարանի հավաքածուի նյու ոճի բոլոր նկարները, 2006 թվականին անցկացվեց «Ծեծված դիմանկարներ» (անգլ.՝ Portraits banals) խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Բոստոնի գեղարվեստի թանգարանում տեղի ունեցած Դևիդ Հոկնիի ցուցահանդեսի փակմանը[13]։
2008 թվականին Դևիս հրապարակի Սոմերվիլի թատրոնում (Սոմերվիլ, Մասաչուսեթսի նահանգ) բացվեց երկրորդ պատկերասրահը, որտեղ հավաքածուն նույնպես տեղավորված էր զուգարանի կողքին[14]։ Չնայած առաջին պատկերասրահն անվճար էր և բաց հասարակության համար, սակայն երկրորդ պատկերասրահ կարելի էր այցելել միայն թատրոնից գնված տոմսերով։ «Վառ գույներ / Մութ զգացմունքներ» (անգլ.՝ Bright Colors / Dark Emotions) և «Գիտեք, թե ինչ է ձեզ դուր գալիս / Նկարեք (կտավի վրա)՝ ինչպես եք ձեզ զգում» (անգլ.՝ Know What You Like / Paint How You Feel) խորագրերով ցուցահանդեսներ անցկացվեցին Մասաչուսեթս նահանգի Բևեռլիի արվեստի քոլեջի ակադեմիական պատկերասրահներում։ Վատ արվեստի թանգարանի ստեղծագործությունները ցուցադրվեցին նաև Վիրջինիայի, Օտտավայի և Նյու Յորքի թանգարաններում[15]։
2009 թվականի փետրվարին Վատ արվեստի թանգարանը դրամահավաք հայտարարեց Բրանդեյսի համալսարանի Ռոուզի թանգարանին օգնելու նպատակով, որը 2008-2011 թվականների Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով լրջորեն քննարկում էր գլուխգործոցների մի մասը վաճառելու և (ինչն ավելի վատ էր համալսարանի համար) Բերնարդ Մեյդոֆի ներդրումայի սխեմաներում հովանավորչական գումարների մի մասի կորստի հնարավորությունը։ Վատ արվեստի թանգարանի այժմյան հոգաբարձու, երաժիշտ Մայքլ Ֆրանկ Իբէյ աճուրդում տեղադրեց «Մարսողության հետազոտում» (անգլ.՝ Studies in Digestion) նկարը․ չորս վահանակների (պանելների) վրա ներկայացված էին մարդու աղեստամոքսային ուղու գործունեության չորս փուլերը։ Նկարը վերջնական արդյունքում վաճառվեց 152,53 դոլարով (սկզբնական գինը 24,99 դոլար էր)։ Այդ փոքր եկամուտը տրվեց Ռոուզի թանգարանին, միևնույն ժամանակ այն՝ որպես Վատ արվեստի թանգարան, հռչակ ձեռք բերեց[16]։
Գողություններ թանգարանից
խմբագրելԹանգարանի երկու ցուցադրանմուշների գողությունն իր վրա հրավիրեց զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը և բարձրացրեց թանգարանի համբավը[6][17]։ 1996 թվականին Ռ․ Անջելո Լիի (անգլ.՝ R. Angelo Le) «Էյլին» նկարն անհայտացավ Վատ արվեստի թանգարանից։ Թանգարանը նկարի վերադարձման համար առաջարկեց 6,50 դոլարի չափով գումար, և, չնայած հետագայում վարձատրության չափը դարձավ 36,73 դոլար, երկար տարիներ աշխատանքը չվերադարձվեց[18]։
Նկարների գողությունից հետո թանգարանի աշխատակիցները տեղադրեցին կեղծ տեսախցիկներ՝ հետևյալ գրությունով․ «Ուշադրություն։ Այս թանգարանը պաշտպանված է կեղծ տեսախցիկներով» (անգլ.՝ WARNING: These premises are protected by a fake security camera)[19]։ Չնայած արգելք հանդիսացող այդ գործոնին՝ 2004 թվականին թանգարանից գողացան Ռեբեկա Հարրիսի ինքնադիմանկարը։ Այն հանվել էր պատից և փոխարինվել 10 դոլարով վաճառելու պահանջի գրությունով, չնայած որ գողը մոռացել էր ավելացնել իր կոնտակտային տվյալները։ Անհետացումից քիչ անց 10 դոլարով նկարը վերադարձվեց[20]։ Հսկիչ Մայքլ Ֆրանկը գտնում է, որ գողի համար դժվար է եղել թաքցնել գողացված դիմանկարը, ընդ որում՝ «հեղինակավոր ինստիտուտները հրաժարվում են բանակցել հանցագործների հետ»[20]։
Հավաքածուում ընդունելու ստանդարտներ
խմբագրելՉնայած Վատ արվեստի թանգարանի նշանաբանն է․ «Արվեստը չափազանց վատն է, որպեսզի անտեսված լինի», բայց այն ունի շատ խիստ ստանդարտներ այն բանի հետ կապված, թե ինչ են ընդունում։ Ըստ Մերի Ջեքսոնի խոսքերի՝ 10 աշխատանքներից 9-ը չեն անցնում ընտրությունը, որովհետև բավականաչափ վատը չեն։ Այն, ինչը նկարիչը համարում է վատը, ոչ միշտ է համապատասխանում թանգարանի ստանդարտներին[21]։ Նկարչական վարպետության բացակայությունը աշխատանքի՝ հավաքածուում ներառվելու համար ամենաանհրաժեշտ հատկանիշը չէ։ Սքոթ Ուիլսոնը պնդում է, որ ստեղծագործությունների՝ Վատ արվեստի թանգարան ընդունումը նկարչի «խանդավառության տոն» է[15]։
Կարևոր ստանդարտ է նաև այն, որ նկարը կամ քանդակը ձանձրալի չլինեն։ Լուիզ Ռեյլի Սաքքոն այդ առիթով ասել է․ «Եթե ինչ-որ բան մենք ուրախությամբ ենք անում, ապա դա արտխմբի վաստակն է, և ոչ թե նկարչի։ Բայց սա իսկական թանգարան է։ 10 տարիներ։ 6000 մարդ առաքման ցուցակում։ Ճանաչում ամբողջ աշխարհում»[22]։
Վատ արվեստի թանգարանն ընդունում է անցանկալի աշխատանքներ, եթե դրանք համապատասխանում են իր ստանդարտներին։ Դրանք կարող են լինել արտահայտիչ, բայց չհաջողված աշխատանքներ կամ տեխնիկապես հմուտ նկարչի ստեղծագործություն, որ անհաջող ավարտված էքսպերիմենտի արդյունք է։ Մասաչուսեթսի արվեստի քոլեջի պրոֆեսոր (և Վատ արվեստի թանգարանի ցուցադրանմուշների ընտրության հարցերով գործադիր տնօրեն) Դին Նիմերը զուգահեռներ է անցկացրել Վատ արվեստի թանգարանի և մյուս հաստատությունների միջև․ «Նրանք (Վատ արվեստի թանգարանի կազմակերպիչները) վերցնում են գեղարվեստի մոդել և կիրառում նույնպիսի չափանիշներ վատ աշխատանքների ընդունման համար… [Նրանց կանոնները] շատ նման են այն պատկերասրահներին կամ թանգարաններին, որոնք ասում են․ «Դե, մեր տարածքը, ըստ էության, նախատեսված է ինստալյացիայի կամ ռեալիզմի ոգով նկարների կամ էլ նեո-պոստ-ժամանակակից աբստրակցիայի համար»[15]։
Վատ արվեստի թանգարանը չի հավաքում երեխաների կողմից արված, գործարանային և հատուկ զբոսաշրջիկների համար ստեղծված արվեստի գործեր։ Հոգաբարձուները հետաքրքրված չեն տնայնագործական շինվածքներով և համարում են, որ նման աշխատանքների ամենից հարմար տեղը կլինեն «Կասկածելի ճաշակի թանգարանը, Խալտուրայի միջազգային հավաքածուն կամ Տների ձևավորման ազգային կասկածելի գանձատունը»[23]։
Հավաքածուի համալրում
խմբագրելՎատ արվեստի թանգարանի հավաքածուի բազմաթիվ աշխատանքներ նվիրաբերել են հենց նկարիչները, մյուսները ձեռք են բերվել աճուրդների ընթացքում և Բարեգործական խանութներից, Քեմբրիջի Թափոնների հավաքորդների միությունը աշխատանքեր է տարել նկարներն անխուսափելի կորստից փրկելու համար։ Հաճախ նկարները տալիս են թանգարանի հայեցակարգը հավանած մարդիկ։ Երբեմն նկարները գնվում են, ժամանակին Վատ արվեստի թանգարանի քաղաքականությունը թույլ էր տալիս մեկ ցուցադրանմուշի ձեռքբերման համար ծախսել 6,50 դոլարից ոչ ավելի[6], բայց վերջին ժամանակներս «արտակարգ աշխատանքի» համար կարող են վճարել 2, նույնիսկ 3 անգամ ավելի[24]։
Հավաքածուի որոշ հայտնի ցուցադրանմուշներ
խմբագրելՅուրաքանչյուր ցուցադրանմուշի կցված է կարճ նկարագրություն, որում նշվում են օգտագործված նյութերը, չափը, հեղինակի անունը, նաև այն, թե ստեղծագործությունն ինչպես է ձեռք բերվել և սիմվոլիկայի վերլուծությունը։
«Լյուսին ծաղիկներով դաշտում»
խմբագրելՎատ արվեստի թանգարանի հավաքածուի բազմաթիվ աշխատանքներ այցելուների միջև բուռն քննարկումներ են առաջացնում։ «Լյուսին ծաղիկներով դաշտում» (կտավ, յուղաներկ, հեղինակն անհայտ է, նկարը գտնվել է Բոստոնում՝ աղբի միջից), շարունակում է մնալ սիրված նկար, որի վրա բևեռված է ԶԼՄ-ների և մեկենասների ուշադրությունը։ Որպես թանգարանի համար ձեռք բերված առաջին աշխատանք՝ «Լյուսին» սահմանում է հավաքածուում ներառվելու ստանդարտները և թանգարանի հիմնադիրներին կանգնեցնում հետևյալ հարցի առաջ․ Սքոթ Ուիլսո՞նը գտավ «Լյուսիին», թե՞՝ վերջինս նրան[25]։
Մոնրեալի «The Gazette» թերթից Քեյթ Սվոջերը «Լյուսիին» անվանում է «հիանալի սխալ»՝ նրան նկարագրելով որպես գարնանային փարթամ դաշտում պարող տարեց կնոջ, որի կախ ընկած կրծքերն ազատ շարժվում են, նա անբացատրելի ձևով մի ձեռքով հենված է կարմիր աթոռին, որին նստած է, իսկ մյուսով երիցուկների փունջ է բռնել[19]։ Քեշ Պետերսը, ավելի քիչ վերամբարձ լեզու օգտագործելով, նկարը բնութագրել է այսպես․ «Պառավը՝ հետևին կպած բազկաթոռով»[26]։ Պատկերասրահում «Լյուսիի» նկարագրությունն ասում է․ «Շարժումը, աթոռը, նրա կրծքի տատանումը, երկնքի նուրբ երանգները, նրա դեմքի արտահայտությունը․ յուրաքանչյուր մանրուք համակցվում է, որպեսզի ստեղծվի այս անմատչելի և համոզիչ դիմանկարը, յուրաքանչյուր մանրամասնություն գոռում է՝ գլուխգործո՜ց»[27]։
Իսկական «Լյուսիի» (նրան, ում նկարել են) թոռնուհին՝ բուժքույր Սյուզեն Լոլորը, որ ապրում էր Բոստոնում, թերթում տեսնելով դիմանկարը, դարձավ Վատ արվեստի թանգարանի երկրպագուն։ Նա նկարում ճանաչել էր իր տատիկին՝ Աննա Լալլի Կինին (1890-1968)։ Տեսնելով լուսանկարը՝ Սյուզենը զարմանքից քթից փռթկացրել էր կոկա-կոլան[28]։ Նկարը պատվիրել էր Սյուզենի մայրը և երկար տարիներ կախել էր մորաքրոջ տանը՝ չնայած նրան, որ նրա ընտանիքի անդամները սարսափում էին այդ աշխատանքից։ «Դեմքը ճշգրիտ է, բայց մնացած բոլորը սարսափելի են,- ասել է Լոլորը։- Թվում է՝ նա միայն մեկ կուրծք ունի, և անհասկանալի է, թե ինչ է եղել նրա ձեռքերին ու ոտքերին, ես չգիտեմ՝ որտեղից են եկել այդ բոլոր ծաղիկները և այդ դեղին երկինքը…»[29]։
«Խոտերից կիսաշրջազգեստով աճպարար շունը»
խմբագրել«Խոտերից կիսաշրջազգեստով աճպարար շունը» նկարի (տեմպերա և ակրիլային ներկեր, կտավ, նվիրել է նկարչուհի Մերի Նյումանը) հեղինակը Մինեապոլիսի պրոֆեսիոնալ նկարչուհի Մերի Նյումանն է, որը պատմել է, թե ինչպես է այդ նկարն ստեղծվել։ Նա գնել է օգտագործված կտավ, երբ աղքատ ուսանողուհի էր արվեստի քոլեջում։ Հստակ գիտեր, թե ինչպես օգտագործեր այդ չափի կտավը։ Իր տեսած գորշուկաշան ծաղրանկարով ոգեշնչված՝ նա որոշել է, որ շունը պետք է նկարի հիմքը լինի, բայց աշխատանքի «ուժից» և ստացած տպավորությունից դժգոհ է մնացել, քանի դեռ չի ավելացրել խոտերով կիսաշրջազգեստ, որ տեսել էր ամսագրում, և շան համար գունավոր ոսկորներ, որ տեսել էր կենդանիների խանութում։ Նյումենը գրել է հոգաբարձուներին՝ ասելով․ «Ես համարյա նետել էի այն, քանի դեռ չէի լսել Վատ արվեստի թանգարանի մասին։ Երկար տարիներ անց աշխատանքները դուրս նետելը դժվար է, ես հիմա ուզում եմ դրանք բոլորը պահել ձեզ համար»[30]։
«Ջորջը գիշերանոթի վրա կիրակի օրը»
խմբագրել«Ջորջը գիշերանոթի վրա կիրակի օրը» նկարը (ակրիլ կտավի վրա, հեղինակն անհայտ է, նվիրաբերել է Ջիմ Շուլմանը) «The Boston Globe» թերթի լրագրող Բելլա Ինգլիշի կողմից (անգլ.՝ Bella English) ճանաչվել է որպես «նշանակալի», այնպիսի աշխատանք, որը «100 տոկոսով երաշխավորված է, որ ձեզ կստիպի ծիծաղել»[9]։ Սքոթ Ուիլսոնը «Ջորջին» ներկայացնում է որպես տեխնիկապես լավ կատարված արվեստի ստեղծագործություն[29]։
Վատ արվեստի թանգարանի բազմաթիվ այցելուներ հիպնոսանում են «Y-պատկերով» ներքնազգեստ հագած, գիշերանոթի վրա նստած հաղթամարմին մարդու կերպարով, որ նկարված է պուանտիլիզմի ոճով և նման է Ժորժ Սյորայի ոճին։ Նկարիչ Էմի Լևինը աշխատանքի մեջ տեսնում է «Կիրակի օրը Գրանդ-Ժատ կղզում» նկարի (հայտնի է նաև «Կիրակի օրը Ջորջի հետ այգում» խորագրով) ծաղրապատկերը[31]։ Ենթադրաբար այդ նկարի օբյեկտը (ինչպես «Անհավանական հետազոտությունների տարեգրություն» ամսագրում «նախապես որոշել են» Շնոբելյան մրցանակի ստեղծողները) եղել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջոն Էշկրոֆտը[32]։
Այցելուներից մեկն այնքան է ազդվել «Ջորջով», որ իր երախտագիտությունն է արտահահայտել Դեդհեմի սիրողական թատրոնի նկուղում հայտնվելու համար՝ գրելով․ «Ինչ-որ մեկը լոգարան սողոսկեց, երբ ես նայում էի այդ նկարին, և սկսեց բարձրաձայն միզել զուգարանում։ «Ջորջին» նայելու ժամանակ շիթերի թնդացող ձայնը նկարին կյանք տվեց, իսկ երբ լսվեց ջրհոսի ձայնը, ես լաց եղա»[33]։ Նկարին կցված նկարագրությունը ներկայացնում է համառոտ վերլուծություն․ «Հնարավո՞ր է, որ գոլորշու ոլորուն ամպերում քողարկվի Ջորջի կորպորատիվ պատասխանատվության հսկայական զանգվածը։ Այս նկարը պատկերված է պուանտիլիզմի ոճով։ Հետաքրքրական և մանրազնին ուշադրություն փոքրիկ մանրամասնությունների նկատմամբ, ինչպիսիք են սրբիչի եզրերը, որին հակադրվում է սուբյեկտի՝ գրեթե անփութորեն անտեսված ոտքերը»[34]։
Դրդապատճառներ և մեկնաբանություններ
խմբագրելՔեշ Պիտերսն իր գրքում առանձնացնում է 6 բնութագրիչներ, որոնք ընդհանուր են թանգարանի հավաքածուի ստեղծագործությունների մեծ մասի համար․
- Նկարիչները չեն կարողանում ձեռքերը կամ ոտքերը ճիշտ պատկերել և դրանք քողարկում են՝ թաքցնելով հագուստի երկար թևքերի տակ կամ կոշիկները տեղադրելով բացահայտորեն ոչ հարմար ձևերով։
- Պետերսը նկարիչներ Ռեմբրանդին և Ջ․ Թերներին՝ բնանկարի վարպետներին, ովքեր «կարող էին, հավանաբար, նկարել փակ աչքերով», համեմատում է այն նկարիչների հետ, որոնց աշխատանքները դրված են թանգարանում․ ակնհայտ է, որ նրանք նույնպես նկարում են փակ աչքերով, քանի որ երկինքը հաճախ ներկվում է կապույտից բացի ցանկացած գույնով, իսկ բուսականն ու կենդանական աշխարհն ստեղծվում են առանց գոյություն ունեցող բույսերի ու կենդանիների։
- Նկարիչներն անհետևողականորեն հարմարեցնում են հեռանկարը (ինչպես մի նկարի շրջանակներում, այնպես էլ ստեղծագործություն ստեղծագործության հետևից)։
- Նկարիչների մոտ մեծ դժվարություններ են առաջանում քիթը ճիշտ նկարել փորձելիս․ Պետերսը գրում է, որ քիթ նկարելու փորձերը կրկնում են այնքան, որ աշխատանքը դառնում է եռաչափ՝ նրա վրա քսված ներկի հաստության պատճառով։
- Վատ նկարիչները կիրառում են «խառը տեխնիկա»․ եթե կասկած կա ստացվող աշխատանքի որակի շուրջ, նրանք նկարին սոսնձում են փետուրներ, փայլեր կամ էլ մազեր։
- Եվ վերջապես, Պետերսը ենթադրում է, թե նկարիչները գիտեն, որ նկարը վատ է ստացվել, բայց, կարծես, մտածում են, որ, կտավին կենդանիներ՝ կապիկներ կամ պուդելներ, ավելացնելով, այն կփրկվի[35]։
2008 թվականի վերջից Վատ արվեստի թանգարանն անցկացնում է գիտափորձ․ որոշ աշխատանքների անվանումն ու նկարագրությունը կարող են հորինել այցելուները։ Ինչպես հայտնում են թանգարանի աշխատակիցները, քանի որ որոշ աշխատանքներ անհավատալիորեն հանելուկային են, հասարակ գեղարվեստական մեկնաբանությունն անբավարար է լինում[36]։
Թանգարանի համբավը
խմբագրելՎատ արվեստի թանգարանը հիշատակվել է ամբողջ աշխարհի հարյուրավոր հրապարակումներում[37][38][39][40][41], ինչպես նաև որպես յուրօրինակ տեսարժան վայրեր նշված է Բոստոնի շրջանի ճանապարհորդական բազմաթիվ ուղեցույցներում։ Վատ արվեստի թանգարանը բազմաթիվ մարդկանց ոգեշնչել է նման ցուցադրություններ կազմակերպել Օհայոյում, Սիետլեում և Ավստրալիայում։ Մինեապոլիսի տեղական թատերախումբն այնքան էր ոգևորված Վատ արվեստի թանգարանի առաքելությամբ, որ նրա դերասանները գրեցին մեկ գործողությամբ պիես՝ թանգարանի՝ իրենց նախընտրած «գլուխգործոցի» հետ կապված այն մի քանի անգամ փոփոխելով։
Թանգարանի հայեցակարգ
խմբագրելՎատ արվեստի թանգարանում ցուցադրվող աշխատաքները հաճախ նկարագրվում են որպես Էդվարդ Վուդի դաժան ֆիլմերի նման «ակամա ծիծաղելի»[42]։ Այցելուները և նույնիսկ Վատ արվեստի թանգարանի աշխատակիցները հաճախ սկսում են բարձր ծիծաղել, Քեշ Պետերսը այդպիսի վարքը հակադրում է այն բանի հետ, թե ինչ կարելի է սպասել այցելուներից այնպիսի պատկերասրահներում, ինչպիսին է Հարավային [[Կալիֆոռնիայի Գետտի թանգարանը, թեև շատ այցելուներ Գետտիի արվեստը կարող են նույնքան ծիծաղելի համարել, եթե այն դուրս նետված լիներ[43]։
2006 թվականին Լուիզա Սաքքո Ռեյլին մասնակցել է ստանդարտ գեղեցկության և այլանդակության ազդեցությունն արվեստում թեմայով բանավեճին, որը տպագրվել է «Բոստոնի ճարտարապետություն» ամսագրում։ Նա նշել է, որ նկարչական դպրոցների ուսուցիչներն աշակերտներին տանում են Վատ արվեստի թանգարան, այնուհետև՝ գեղարվեստի թանգարան և պնդում են, որ Վատ արվեստի թանգարանը երեխաներին «ազատություն է շնորհում»՝ նրանց հնարավորություն տալով ծիծաղել արվեստի ստեղծագործությունների վրա և տալիս է հենարան, որպեսզի ունենան իրենց սեփական կարծիքը և բանավիճեն[44]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Frank & Sacco 2008, էջ. vii
- ↑ Piepenburg, Erik (2010 թ․ սեպտեմբերի 22). «Loving the Lowbrow (It Has Its Own Hall of Fame)». Նյու Յորք Թայմս.
- ↑ ««Необычные музеи мира»». Արխիվացված է օրիգինալից 2018-01-27-ին. Վերցված է 2016-08-11-ին.
- ↑ Art From the Bottom of the Heap: A «Museum» Devoted to Bad Painting
- ↑ «In Praise of Bad Art»
- ↑ 6,0 6,1 6,2 "The Gallery of the Garish Masterpieces of Bad Art Արխիվացված 2012-10-13 Wayback Machine". The Irish Times, September 18, 1999. 9
- ↑ Gaines, Judith. "Exhibiting Works of Trial and Error: Museum Finds Landscapes Gone Awry" Արխիվացված 2012-10-25 Wayback Machine. The Boston Globe, May 4, 2003. 9
- ↑ «a little MOBA history». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 9,0 9,1 English, Bella. "High Standards for Low Art". The Boston Globe, April 29, 2007. Reg7
- ↑ Frauenfelder, Mark (1995 թ․ հուլիս). «Canvas Catastrophes». Wired Magazine.
- ↑ MOBS CD-ROM
- ↑ Bella English. Doing a good deed with bad art
- ↑ Johnson, Carolyn. "So Bad It's Good: Dedham Museum Is Proud Home to Unforgettable Art That's Anything But Fine". The Boston Globe, June 25, 2006. 1
- ↑ Smykus, Ed. "Museum of Bad Art Will Open Second Branch at the Somerville Theater" Արխիվացված 2012-09-17 archive.today. Wicked Local, May 5, 2008
- ↑ 15,0 15,1 15,2 Goldberg, Carey. "Arts In America: Art So Bad a Museum in Boston Relishes It". The New York Times, October 14, 1998. E2
- ↑ Bolton, Morgan Michele. "'Bad' Art Sells for Good Cause". The Boston Globe, February 15, 2009
- ↑ Wulff, Julie "All Things Bad and Beautiful". The Boston Globe, December 13, 2006. SID2
- ↑ Belanger, Moran & Sceurman 2008, էջ. 59
- ↑ 19,0 19,1 Swoger, Kate. "Art Only a Mother Could Love: No Picture is Too Imperfect for Massachusetts Museum". The Gazette, Montreal, Quebec, February 13, 2000. H6
- ↑ 20,0 20,1 Michael Frank, "Art Theft Hits Home in Dedham", letter to the editor, The Boston Globe, February 11, 2006. 10
- ↑ Swoger, Kate. "Bad Art Finds a Good Home at This Anti-Museum". Ottawa Citizen, February 26, 2000. K6
- ↑ Cobb, Nathan. "In Dedham, This Museum is Exhibiting 'Bad" Taste". The Boston Globe, February 28, 2004. C1
- ↑ Frank & Sacco 2008, էջ. x
- ↑ Belanger, Moran & Sceurman 2008, էջ. 158 ։
- ↑ Stankowicz & Jackson 1996, էջ. 82
- ↑ Peters 2003, էջ. 67
- ↑ Portraiture #1 Lucy In the Field With Flowers Արխիվացված 2009-02-26 Wayback Machine. Museum of Bad Art, 2009. Retrieved on March 4, 2009.
- ↑ Stankowicz & Jackson 1996, էջ. 2
- ↑ 29,0 29,1 Caro, Mark, "Not a Pretty Picture—Boston-Area Museum a Monument to the Absolute Worst in Art". Chicago Tribune, May 20, 1997. 1
- ↑ Frank & Sacco 2008, էջ. 52 ․
- ↑ Levin, 198
- ↑ «The George / John Controversy». Annals of Improbable Research. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
- ↑ Stankowicz & Jackson 1996, էջ. 97
- ↑ Portraiture #2 Sunday on the Pot With George Արխիվացված 2009-02-26 Wayback Machine. Museum of Bad Art, 2009. Retrieved on March 4, 2009.
- ↑ Peters 2003, էջեր. 71–72
- ↑ Frank and Sacco, xiv
- ↑ ТОР-10 самых странных музеев: плохого искусства, странных носков, фаллологии и т.п
- ↑ Десять самыx удивительных музеев США
- ↑ «10 самых необычных музеев мира». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Необычные музеи мира». Արխիվացված է օրիգինալից 2018-01-27-ին. Վերցված է 2016-08-11-ին.
- ↑ «Топ 10 самых интересных музеев мира». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ "Exhibit Preview: The Museum of Bad Art" Արխիվացված 2008-07-20 Wayback Machine. Fast Forward Weekly, September 17, 1998
- ↑ Peters 2003, էջ. 68
- ↑ Architecture Boston (2006 թ․ մայիս), Pretty Ugly (PDF), էջեր 18–24, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 9-ին
Գրականություն
խմբագրել- Citro, Joseph A; Foulds, Diane E. Curious New England: The Unconventional Traveler’s Guide to Eccentric Destinations. University Press of New England, 2004. ISBN 1-58465-359-0
- Frank, Michael J; Sacco, Louise Reilly. Museum of Bad Art: Masterworks. Berkeley: Ten Speed Press, 2008. ISBN 1-58008-911-9
- Levin, Amy K. Defining Memory: Local Museums and the Construction of History in America’s Changing Communities. Series title: American Association for State and Local History book series. Lanham, Maryland: Rowman & Littlefield, Altamira, 2007. ISBN 0-7591-1050-6
- Stankowicz, Tom; Jackson, Marie. The Museum of Bad Art: Art Too Bad to Be Ignored. Riverside, New Jersey: Andrews and McMeel, 1996. ISBN 0-8362-2185-0
Արտաքին հղումներ
խմբագրել- Վատ արվեստի թանգարանի պաշտոնական կայքը
- Դեդհեմի թատրոնի կայքը
- Սոմերվիլի թատրոնի կայքը
- Վատ արվեստի թանգարանի նկարների մեկնաբանություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատ արվեստի թանգարան» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |