Սպիտակաայտ ջրածիծառ
Սպիտակաայտ ջրածիծառ
Սպիտակաայտ ջրածիծառ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Որորներ (Laridae)
Ցեղ Ճահճային ջրածիծառներ (Chlidonias)
Տեսակ Սպիտակաայտ ջրածիծառ (C. hybrida)
Միջազգային անվանում
Chlidonias hybrida
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սպիտակաայտ ջրածիծառ (Chlidonias hybridus), ջրածիծառների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Chlidonias hybrida hybrida

Բնադրող-չվող թռչուն է, որի մարմնի երկարությունը 23-25 սմ է, թևերի բացվածքը՝ 74-78 սմ։ Հասունի կտուցը մուգ կարմիր է։ Բնադրման շրջանում թասակը սև է, այտերը՝ սպիտակ, կոկորդը, փորը, կողքերը՝ մուգ մոխրագույն, գոտկատեղը՝ մոխրագույն։ Հետբնադրման շրջանում գլուխը սպիտակ է, աչքերի հետնամասի սև շերտերը միաձուլվում են ծոծրակի հատվածում։ Երիտասարդի մեջքը մոխրագույն է, փետուրները՝ սև ու բաց դեղին երիզներով, կտուցը սև է։ Սպիտակաայտ ջրածիծառները թռչում են մեծ երամներ կազմած, ջրի մակերեսից ոչ բարձր։ Խիտ (հաճախ այլ ջրածիծառների հետ), խառը խմբեր կազմած կամ որորների հարևանությամբ (հատկապես օրվա շոգ ժամերին) հանգստանում են ափամերձ ծանծաղուտում։ Կարող են խիտ շարքերով թառել ափից ոչ հեռու՝ տանիքների էլեկտրալարերին՝ հայացքները դեպի ջուրը։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Հարավային և Միջին Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Պոլինեզիայում։ Հայաստանում բնադրում է Արմավիրի, Արարատի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Բնադրում է տափաստանային և կիսաանապատային շրջանների ջրային և մերձջրային բուսականությամբ կանգուն և թույլ հոսքով հարթավայրային ջրավազաններում։

Գաղութային տեսակ է։ Հայաստանում չվող է, հանդիպում է ապրիլ-մայիսից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Գաղութները տեղակայվում են բուսականությամբ ջրավազաններում, իսկ բները հաճախ տեղադրված են լողացող տերևների վրա։ Ձվադրումը` մայիսի վերջից մինչև հունիսի կեսերը։ Դնում են 2-3 ձու։ Զարգացումը տևում է 18-20 օր[1]։

Պահպանություն

խմբագրել

Հայաստանում մասնատված արեալով բնադրող, սակավաթիվ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում քիչ մտահոգող կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ[1]։

Թվաքանակը փոքր է, բնադրավայրերում հանդիպում է առանձին զույգերով կամ ոչ մեծ գաղութներով, հաճախ` այլ ջրածիծառների հետ խառը գաղութներում։ Բնորոշ բիոտոպերում ամենուրեք հազվադեպ է կամ սակավաթիվ։

Վտանգման հիմնական գործոններից են տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի ոչնչացումը, ենթադրվող բնադրավայրերի մոտ անասունների արածեցումը, որսագողությունը։

Տեսակը խիստ պահպանման կարիք ունի։

Բնադրավայրերի մի մասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաայտ ջրածիծառ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաայտ ջրածիծառ» հոդվածին։