Սուրբ Կարապետ եկեղեցի (Թբիլիսի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ եկեղեցի (նաև՝ Զառիվայրի Սուրբ Կարապետ եկեղեցի, վրացական անվանումը՝ վրաց.՝ ყოველთა ქართველთა წმიდანთა სახელობის ტაძარი (Բոլոր վրացի սրբերի տաճար) կամ Կվելա Ծմինդանեբիս), վրացականացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասի հյուսիսային մասում՝ Կուր գետի ձախ ափին, Ելենե Ախվլեդիանի (նախկին Սուրբ Կարապետ) փողոցի և համանուն նրբանցքի միջև գտնվող բլրակի վրա։

Սուրբ Կարապետ եկեղեցի
վրաց.՝ წმინდა კარაპეტის ეკლესია
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹբիլիսի Թբիլիսի
ՏեղագրությունՎրաստան Վրաստան
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի և Հայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Վրաստանի թեմ
Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի Մցխեթի և Թբիլիսիի թեմ (1995թ.-ից)
Հոգևոր կարգավիճակԳործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1705
Ներկա վիճակԿանգուն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1400 թ.
Հիմնադրված1705
Գմբեթ1
ՇինանյութԱղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Saint Karapet Armenian church, Tbilisi Վիքիպահեստում

Հանդիսանում է Հայ առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա, քանի որ մինչև 1990-ական թվականները եղել է հայկական, իսկ այնուհետև վրացականացվել է[1][2][3][4][5][6][7][8][9]։

Ճարտարապետություն

խմբագրել

Սուրբ Կրապետ եկեղեցին կառուցվել է հայկական ճարտարապետական ոճով և նման է Թբիլիսիում կառուցված մի շարք այլ աղյուսաշեն հայկական եկեղեցիներին։ Կենտրոնագմբեթ է։ Մինչև 1991 թվականը տանիքին գմբեթից քիչ հեռու եղել է զանգակատուն[1]։

Եկեղեցու երկու մուտքերի աստիճանները կառուցված են աղյուսից, դռները, նախքան վրացիների կողմից փոխարինվելը, համարվում էին հայկական արվեստի եզակի նմուշներ[6]։

Ներսից եկեղեցին պատված է եղել որմնանկարներով[6]։

Պատմություն

խմբագրել

Հիմնում

խմբագրել

Սուրբ Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1400 թվականին իշխան Թումանյանցների նախնիների կողմից[1]։

Նորոգություն և բարեկարգում

խմբագրել
Սուրբ Կարապետ եկեղեցի
 
Տեսքը հարավ-արևմուտքից մինչ 1917թ.

Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1705 թվականին ազնվական Ղամազովյանցի կողմից[1]։ 1870 թվականին նորոգվել է հասարակության միջոցներով[1]։

19-րդ դարի վերջին մեծահարուստ Հարություն Հախնազարյանը գնել է եկեղեցու աջ կողմով հոսող գետակի շրջակա կալվածքը՝ կառուցելով ջրանցք, երկհարկանի սեփական տուն և եկեղեցուն միացնող աղյուսե աստիճաններ, որը եկեղեցուն հաղորդել է ավելի գեղեցիկ տեսք։ Այդ շինարարությունից հետո Սուրբ Կարապետն ունեցավ երկու մուտք. գլխավորը Սուրբ Կարապետի (Սուրբ Կարապետովսկայա) զառիվերից էր, որը ծառայում էր բարձունքի՝ Նար-Դոսի «Մեր թաղի» և Կազարմի թաղի հավատացյալներին, իսկ մյուսը՝ Պեսկովսկայա փողոցի, Ճուղուրեթի և Սուրբ Կարապետովսկայա կամ «Խևի» (ձորի) թաղի հավատացյալներին»[6]։

Խորհրդային ժամանակաշրջան

խմբագրել

Եկեղեցին մեծ խոչընդոտների առկայության պայմաններում գործել է մինչև 1937 թվականը Տեր Սաղոյանց (բնակվել է Սբ. Կարապետի փողոցի N 9 տանը)[8] և Տեր Գաբրիել քահանաների գլխավորությամբ։ Այնուհետև տեղական կոմունիստ իշխանությունները այն դարձրել են հանրակացարան, որտեղ տեղավորել են Վորոնեժի մարզից տեղափոխված մոլոկան շինարարների։ 1980 թվականներին ինչպես եկեղեցին, այնպես էլ հարակից թաղամասը ենթարկվել է վերակառուցման, իսկ մոլոկանները, ստանալով բնակարաններ, դուրս են եկել եկեղեցուց։ 1982 թվականից այն հանձնվել է Վրաստանի նկարիչների ակադեմիային և վերածվել նկարչական արհեստանոցի[1]։

Սուրբ Կարապետ եկեղեցու բակում գործել է ծխական դպրոց, որտեղ սովորել են բազմաթիվ ականավոր հայեր, ինչպիսին է հայտնի գրող Նար-Դոսը[1][3][6][9]։

Վրացականացում

խմբագրել

Սուրբ Կարապետ եկեղեցու վրացականացման գործընթացը տևել է մի քանի տասնամյակ և ընդգրկել մի քանի փուլ։

Վրացական ԽՍՀ ժամանակաշրջան

խմբագրել

Սուրբ Կարապետ եկեղեցու վրացականացման գործընթացը սկսվել է Վրաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո, երբ ոչնչացվեցին բազմաթիվ հայկական եկեղեցիներ։

1930-ական թվականներին ոչնչացվել է Հարություն Հախնազարյանի կողմից եկեղեցու մուտքերի մոտ աստիճաններ, ինչպես նաև հարևանությամբ ջրանցք կառուցելու մասին արձանագրության մարմարե սալիկը[6]։

Սուրբ Կարապետ եկեղեցու վրացականացման հիմնական աշխատանքները սկսվել են 1980-ական թվականներին։ Յուրացման սկզբում նախ քանդել և հողին են հավասարեցրել հայկական եկեղեցիներին բնորոշ բարձր բեմը (խորան), իսկ բեմի կենտրոնում կանգնեցված սեղանի վեմաքարը որպես անպետք կամ ավելորդ բան նետել էին դուրս։ Այն մինչև 1991-1993 թվականները տեղադրված է եկեղեցու հյուսիսային կողմում գտնվող ծառի տակ և ծառայում էր որպես նստարան։ Վեմաքարի վրա առկա էր ոմն Պլատոն աբեղայի կատարած նվիրատվության 1882 թվականի հայատառ արձանագրություն։ 1980 թվականին եկեղեցու բակից անհետացավ ոմն Մարգարտի հայատառ արձանագրությամբ շիրմաքարը և բլրի ստորոտից Սուրբ Կարապետ բարձրացող աստիճանների 1891 թվականի շինարարական ընդարձակ արձանագրությունը[1]։ 1980-ից 1990 թվականների ընթացքում հանվեցին և անհայտ ուղղությամբ տեղափոխվեցին եկեղեցու բակում գտնվող բոլոր գերեզմանաքարերը, ոչնչացվեցին Թումանյան իշխանների գերեզմանները, այդ թվում՝ իշխան Յազոն Թումանովի մրամրե տապանաքարը, ինչպես նաև ոչնչացվեցին դամբարանները[3][6][8][9]։ Հայկական գերեզմանոցի ոչնչացումը ուղեկցվում էր ընդգծված հակահայկականությամբ ու դիակապտությամբ։ Օրինակ հոգևորականներից մեկի դամբարաններից հանել են հանգուցյալի հագուստ և ցուցադրաբար այրել։ Գերեզմանների ոչնչացման ժամանակ հանգուցյալների ոսկորները նույնպես հանել և աղբանոց են շպրտել[1][4][5][6][9]։ Ճարտարապետական ձևափոխությունները կատարվել են Վրաստանի հուշարձանների պահպանման և օգտագործման գիտաարտադրական վարչության կողմից վարչության նախագահ ակադեմիկոս Իրակլի Ցիցիշվիլիի ղեկավարությամբ վերանորոգման պատրվակով[1][3][10][11]։

Եկեղեցու ներսի որմնանկարները ծածկելու նպատակով ներքին պատերը ներկել են սպիտակ գույնով[6]։

1980-ական թվականների կեսերին Սուրբ Կարապետ եկեղեցին դեռևս արտաքուստ պահպանում էր հայկական առանձնահատկությունները. կանգուն էր արևմտյան ճակտոնի գագաթին կանգնած սյունազարդ զանգակատունը, հարավային մուտքից փոքր-ինչ վեր խաչաձև լուսամուտը և այլն[1][9][11]։

Խորհրդային ժամանակաշրջանի վերջին տասնամյակում եկեղեցուց ամբողջովին անհետացավ քիչ քանակությամբ դեռևս այնտեղ մնացած եկեղեցական մասունքները, այդ թվում՝ մարմարյա մկրտարանը, որի վրա քանդակված էին հրեժտակներ[1]։

Վրաստանի անկախության ժամանակաշրջան

խմբագրել

1990 թվականից սկսված եկեղեցու ձևափոխման ու վրացականացման աշխատանքները ավարտվեցին 1991 թվականի ապրիլի 4-ին, երբ ոչնչացվեց զանգակատունը[7]։ Իսկ մինչ այդ Վրաստանի հուշարձանների պահպանման և օգտագործման գիտաարտադրական վարչության աշխատակիցները սվաղի շերտով ծածկել էին ճակատների բոլոր հարդարանքները՝ փոխարենը ավելացնելով «վրացական» ոճի խաչեր[1][3][11]։

Հետագա տարիներին վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները Սուրբ Կարապետ եկեղեցու վրացականացումը ամրապնդելու ուղղությամբ կատարել են հսկայական աշխատանք։ Եկեղեցուն հարակից տների հայ բնակիչներին տարբեր պատրվակներով հեռացրել են թաղամասի այլ վայրեր և նրանց փոխարեն բնակեցրել Աբխազիայից ժամանած վրացիների, որոնց համար այն դարձրել են գլխավոր աղոթատեղի[1][3][9]։

Ներկայումս Սուրբ Կարապետ եկեղեցին գործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի՝ վերանվանվելով Կվելա Ծմինդանեբիս[2]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
  2. 2,0 2,1 ყოველთა ქართველთა წმიდანთა სახელობის ტაძარი.(վրաց.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 "Голос Армении", 21 мая 1998 г. N 54.(ռուս.)
  4. 4,0 4,1 Ղազար (Ակբեբյանի) Հակոբյանի ձեռագիր վկայություն, 1994թ.:
  5. 5,0 5,1 Աննա Պրիկուլովա Ստեփանովնայի ձեռագիր վկայություն, 19.11.1994թ.:
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Խաչատուր Գևորգյան, «Լրագիր», 23 մայիս, 1995, երկուշաբթի, N 81:
  7. 7,0 7,1 Հռիփսիմե Սողոմոնյանի ձեռագիր վկայություն. 9 մարտի 1995։
  8. 8,0 8,1 8,2 Քնարիկ Հակոբի Գևորգյանի ձեռագիր վկայություն. 5.03.1995թ.:
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Խաչատուր Գևորգյանի ձեռագիր վկայություն. hունվար 1998 թ.:
  10. «Սովետական Վրաստան», 1981, թիվ 85, 16 հուլիսի (տես Անահիտ Բոստանջյանի հարցազրույցը ակադեմիկոս Իրակլի Ցիցիշվիլիի հետ)։
  11. 11,0 11,1 11,2 «Ազատամարտ», 1994, Ն 26, Սամվել Կարապետյան։