Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Զահլե)

հայկական եկեղեցի Զահլե քաղաքում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Զահլե քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին։ Կազմակերպում է Լիբանանի Բեկաայի մարզի Զահլե քաղաքում բնակվող առաքելական հայության հոգևոր կյանքը, հանդիսանում է լիբանանահայ համայնքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը[1]։ Մարզում գտնվող մեկ այլ խոշոր հայկական գաղթօջախ է Անջարը, որում գտնվում է թեմապատկան առաքելական սուրբ Պողոս եկեղեցին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունԶահլե
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԼիբանանի թեմ
Հիմնական ամսաթվերը1929
Ժառանգության կարգավիճակՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1929
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Տեղադրություն

խմբագրել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Բեկաայի մարզի Զահլե քաղաքի կենտրոնական մասում։ Դրանից ոչ հեռու գտնվում է ասորի ուղղափառ սուրբ Գևորգ եկեղեցին և առաջնորդարանը, հույն կաթոլիկ սուրբ Նիկոլաս տաճարը, երկու ավետարանական եկեղեցիներ։

Պատմություն

խմբագրել

Զահլե քաղաքում հայերը հիմնականում հաստատվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո նրանց մեծ մասը վերադարձել է Կիլիկիա: Կիլիկիայի հայաթափումից հետո, սակայն, Զահլեում հայերի թիվը կրկին աճել է: 1927 թվականին այստեղ բնակվել է շուրջ 2 հազար հայ: 21-րդ դարի սկզբին նրանք կազմում են շուրջ 150 ընտանիք:

Սկզբնական շրջանում տեղացի հայ առաքելականներն իրենց կրոնական արարողությունները կատարել են հույն ուղղափառ համայնքի սուրբ Նիկոլաս եկեղեցում: 1929 թվականից գործում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, 1927 թվականից՝ Ազգային Պալըգճյան վարժարանը, 1954 թվականից՝ Յուզպաշյան մանկապարտեզը, 1936 թվականից՝ Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի «սիրտ Հիսուսի» վարժարանը (ընդհատումներով), 1922 թվականից հայ ավետարանական վարժարանը: Հետագայում այդ վարժարանները փակվել են: Գործում է նաև հայ կաթոլիկ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Զահլեում իրենց մասնաճյուղերն ունեն ՀԲԸՄ-ն (1927 թվականից), ՀՄՄ-ն (1927 թվականից), Լիբանանի Օգնության Խաչը (1934 թվականից) և ՀՄԸՄ-ն (1927 թվականից): 1969 թվականից ՀԲԸՄ Զահլեի մասնաճյուղն ունի ակումբի առանձին շենք ու մարզադաշտ: 1944-52 թվականներին Զահլեում գործել է նաև «Բաղրամյան» մարզական միության մասնաճյուղը:

Եկեղեցի

խմբագրել

Հույն ուղղափառ արաբախոս համայնքի առաջնորդ տեր Նիֆոն Սաբա եպիսկոպոսը ընդառաջեց Զահլեի հայության ցանկությանը և արտոնություն տվեց հայերին արարողություններ կատարելու Մեյդան թաղի Սուրբ Նիկոլա տաճարի մեջ։ Հետագայում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ Խապայանը Խաչատուր ծայրագույն վարդապետ Տեր-Ղազարյանին նշանակեց շրջանի հոգևոր հովիվ:

1927 թվականին եգիպտահայ բարերար Բարսեղ Պալըգճյանի նվիրատվությամբ ապահովվեց եկեղեցու հողատարածքը, որի վրա գնտվող հողաշեն սենյակները միացան և վերածվեցան մատուռի։ 1928 թվականի ամռանը միևնոյն բարերարը իր ննջեցեալ հոր՝ Գրիգորի հիշատակին ստանձնեց նույն հողին վրա կառուցել քարաշեն եկեղեցի: Եկեղեցին մկրտվեց հանուն սուրբ Գրիգոր Լուսավորչի։ Տեր Մաշտոց քահանա Ոսկերիչյանի ժամանակ և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության միջոցներով կառուցվեց «Յուզպաշյան» սրահը, իսկ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի հովանավորությամբ բարձրացան երեք յարկերը, ինչպես նաև հաստատվեց երիցատունը և ընդարձակվեց խորհրդարանի սրահը: Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանի բարերարութեամբ մարմարապատվեց եկեղեցու խորանը:

Անձնակազմ

խմբագրել

Եկեղեցու հոգևոր հովիվներն են՝

  • Տեր Խաչատուր ծայրագույն վարդապետ Տեր Ղազարյան
  • Տեր Սարգիս քահանա Պետրոսյան (1925 – 1927)
  • Տեր Եղիշե քահանա Տողրամաճյան
  • Տեր Դիոնիս քահանա Կրեզյան
  • Տեր Մաշտոց քահանա Ոսկերիչյան
  • Տեր Նշան քահանա Ժասթաճյան
  • Տեր Վաչե քահանա Թաթոյյան
  • Տեր Ներսես քահանա Ճերմակյան
  • Տեր Ռուբեն քահանա Միսիսյան
  • Հայր Եզեկիել աբեղա Սելլումյան:

Եկեղեցու այժմյան թաղական խորհուրդի անդամներն են՝ Հակոբ Քյուրումյան (ատենապետ), Գաբրիել Ճլըգյան, Ավետիս Փամպուքյան, Կարո Թորգոմյան, Վարդան Մակարյան, Սարգիս Թոփուզյան, Րաֆֆի Հակոբյան, Անդո Դեքիրմենջյան եւ Րաֆֆի Չինչինյան։

2023 թվականի մարտի 12-ին, տեղի ունեցավ Թաղական խորհուրդի ընտրություն: Նորընտիր Թաղական խորհուրդի անդամներն են՝ Հակոբ Քյուրումյան (ատենապետ), Գաբրիել Ճլըգյան, Կարո Թորգոմյան, Թոնի Թաթինյան եւ Րաֆֆի Չինչինյան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լիբանանի թեմ. «Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զահլէ)». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։