Սիզախոտ (լատին․՝ Phleum), կատվաձետ, ճիլ, ֆլեոն, տիմոֆեեվկա, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ սիզախոտ մարգագետնային (Ph.pratense), սիզախոտ տափաստանային (Ph.phleoides), սիզախոտ ալպիական (Ph.alpinum), սիզախոտ հուրանավոր (Ph.panikulatum)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետնատափաստանային, հետանտառային, ենթալպյան գոտիներում, չոր և խոնավ հողերում և այլն։
Կոճղարմատը կարճ է։ Ցողունը հիմնականում կանգուն է, սնամեջ, բարձրությունը՝ 20-155 սմ։ Տերևները նշտարաձև են, սրածայր, խորդուբորդ եզրերով, բաց կանաչավուն։ Ծաղկաբույլը հասկանման հուրան է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը բարակ, կաշեկերպ ծաղկիկային թեփուկի մեջ պարփակված ձվաձև հատիկ է։ Արժեքավոր կերաբույս է։ Հայաստանում շրջանացված են Կրասնոդարի 1 և Ստեփանավանի տեղ. սորտերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|