Մարդու վերարտադրողական համակարգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բազմացման նշանակությունը
խմբագրելԿյանքի հարատևման հիմնական պայմանը օրգանիզմների իրենց նմաններին վերարտադրելու ֆունկցիան է։ Դա իրականանում է բազմացման միջոցով։ Գոյություն ունի բազմացման երկու հիմնական եղանակ՝ անսեռ և սեռական։
Հայտնի է, որ անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմը զարգանում է մայրական օրգանիզմի մեկ բջջից կամ բջիջների խմբից։ Բազմացման առավել կատարյալ եղանակաը սեռական բազմացումն է, որին մասնակցում են երկու՝ արական և իգական անհատներ։ Յուրաքանչյուրում զարգանում են սեռական բջիջներ, իգականում՝ ձու կամ ձվաբջիջ, արականում՝ սպերմիում կամ սպերմատոզոիդ։ Սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլումից առաջանում է բեղմնավորված ձու՝ զիգոտ, որը զարգանալով առաջացնում է նոր օրգանիզմ։
Սաղմի զարգացման ընթացքում աստիճանաբար խիստ հաջորդականությամբ առաջանում են տվյալ օրգանիզմի բնորոշ առանձնահատկություններ։
Արական սեռական համակարգ
խմբագրելՄարդու արական սեռական համակարգի օրգաններն են ամորձիները, սերմնածորանները, սերմնաբշտերը, շագանակագեղձը և առնանդամը։
Ամորձիները՝ սերմնարանները, զույգ, խառը գեղձեր են, տեղավորված են ամորձապարկի մեջ և կազմված են գալարուն խողովակներից, որոնցում զարգանում են սպերմատոզոիդներ և սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Սպերմատոզոիդը մանրադիտակային մեծություն ունի է։ Այն ունի պոչ, որի գալարուն շարժումների շնորհիվ այն ինքնուրույն տեղաշարժվում է։ Սերմնարաններում արտադրված սեռական հորմոնները նպաստում են արական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշների՝ ցածր ձայնի, դեմքի և մարմնի մազածածկույթի, մարմնակազմվածքի ձևավորմանը և կարգավորում են սեռական ֆունկցիաները։ Ամորձուց սպերմատոզոիդներն անցնում են սերմնածորանի մեջ, որն ամորձու հետին մակերեսով բարձանում է վեր ու սերմնալարի կազմում մտնում որովայնի խոռոչ, ապա իջնում կոնքի խոռոչ։
Սերմնաբշտերը սպերմատոզոիդների պահեստ են, գտնվում են կոնքի խոռոչում, արտադրվում են նրանց կենսունակությունն ապահովող հեղուկ, որի մեջ վերջնականապես հասունանում են։ Սերմնաբշտիկց սկսվում է արտազատող ծորան, որը միանալով նույն կողմի սերմնածորանին, շագանակագեղձի սահմանում բացվում է միզուկի մեջ։
Շագանակագեղձն իր անվանումն ստացել է շագանակի ձև ու մեծություն ունենալու շնորհիվ։ Այն տեղավորված է միզապարկի տակ, արտադրում է սպերմատոզոիդների ակտիվությունն ու կենսունակությունն ապահովող հեղուկ, որը ծորաններով լցվում է գեղձի հաստության միջով անցնող միզուկի մեջ։ Սպերմատոզոիդների և նշված հեղուկների խառնուրդը կոչվում է սերմնահեղուկ (սպերմա)։
Իգական սեռական համակարգ
խմբագրելԻգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը։
Ձվարանները զույգ խառը գեղձեր են, տեղավորված են որովայնի խոռոչում։ Նրանցում զարգանում են իգական սեռական բջիջներ՝ ձվաբջիջներ և սինթեզվում սեռական հորմոններ։ Վերջիններս ապահովում են իգական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշները (բարձր ձայն, կաթնագեղձերի մեծացում, մարմնի որոշ մասերում ճարպի կուտակում, մարմնակազմվածքի ձևավորում) և սեռական ֆունկցիաները։ Ձվարանը կազմված է կեղևային և միջուկային շերտից։ Կեղևային շերտում կան ձվարանային բշտեր՝ պարկուճներ (ֆոլիկուլներ),որոնց մեջ զարգանում են ձվաբջիջներ։ Նորածին աղջկա ձվարանում կա 400000 չհասունացած ձվաբջիջ, որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300-500-ը։ Մնացածներն ապաճում են։ Հասունացած ձվաբջիջը կենդանական աշխարհի ամենամեծ բջիջն է և երևում է անզեն աչքով։ Ձվարանի միջուկային շերտը կազմված է շարակցական հյուսվածքից և պարունակում է արյունատար անոթներ,նյարդեր։
Արգանդափողերը (ձվատար փողերը) սկսվում են արգանդից և մոտենում ձվարաններին։ Նրանք ճկույթի հաստությամբ խողովակներ են, ձվարանին մոտեցնող ծայրը ձագարաձև է, ծոպավոր, որի մեջ ձվարանից անցնում է հասունացած ձվաբջիջը։ Արգանդափողի խոռոչը ծածկված է թարթչավոր էպիթելային հյուսվածքով։ Թարթիչների տատանողական շարժումների ու փողերի գալարակծկումների շնորհիվ ձվաբջիջը մղվում է արգանդի խոռոչ։
Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է, որի խոռոչը ծածկված է լորձաթաղ��նթով։ Խոռոչում զարգանում է պտուղը, ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը։ Արգանդի ստորին նեղ մասը՝ վզիկը, տեղավորված է հեշտոցում։ Հեշտոցը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է, որն իր ծայրով ընդգրկում է արգանդի վզիկը, իսկ ստորին ծայրով բացվում է ամոթույքային ճեղքի մեջ։ Նրա խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Հեշտոցով սպերմատոզոիդն��րը թափանցում են արգանդի խոռոչ, ապա արգանդափողերի մեջ։ Հեշտոցը ծննդաբերական ուղու բաղկացուցիչ մասն է։
Կույսերի հեշտոցի ստորին բացվածքը ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ կուսաթաղանթով։ Նրա վրա կա փոքր անցք դաշտանային արյունը դուրս գալու համար։ Հեշտոցի մուտքի մոտ գտնվում է միզուկի արտաքին բացվածքը։ Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հիպոֆիզի հորմոնի ազդեցությամբ հասունանում է մեկ ձվաբջջով ֆոլիկուլ։ Ձվաբջջի հասունացումից հետո ֆոլիկուլի արտաքին շերտը խիստ բարակում է, երկրորդ շաբաթվա վերջում պատռվում, և ձվաբջիջն արտամղվում է ֆոլիկուլից, որը կոչվում է ձվազատում։ Այդ պահին արգանդափողի ծոպերը դասավորվում են ձվարանի շուրջը, և արտամղված ձվաբջիջն ընկնում է արգանդափողի մեջ, որտեղ ավարտվում է նրա հասունացումը և կարող է բեղմնավորվել։ Յոթ օրվա ընթացքում այն մղվում է արգանդի մեջ։ Պատռված ֆոլիկուկի խոռոչը լցվում է դեղնավուն ճարպանման նյութ պարունակող բջիջներով ու վերածվում դեղին մարմնի, որը ժամանակավոր ներզատական գեղձի դեր է կատարում։ Նրա արտազատված հորմոնը կասեցնում է հաջորդ ֆոլիկուլի հասունացումը, արգանդի լորձաթաղանթը նախապատրաստում ընդունելու բեղմնավորված ձվաբջջից զարգացող սաղմին։ Արգանդի արյան մազանոթներն արյունալեցվում են սաղմի սնուցումն ապահովելու համար։ Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվել, ձվազատման 13-14-րդ օրը դեղին մարմինը դադարում է արտազատել հորմոն, արգանդի լորձաթաղանթը պոկվում է և պատռված մազանոթների արյան ու քայքայված ձվաբջջի հետ արտամղվում դեպի հեշտոց և հեռանում օրգանիզմից։ Դա տևում է 3-5 օր և կոչվում է դաշտանային շրջան։ Դրանից հետո արգանդի լորձաթաղանթը վերականգնվում է։ Դաշտանային փուլը կրկնվում է յուրաքանչյուր 28-30-րդ օրը և կապված է ֆոլիկուլի և ձվաբջջի հասունացման հետ։