Ռոբերտ Լանտոս
Ռոբերտ Լանտոս (անգլ.՝ Robert Lantos, ապրիլի 3, 1949[1], Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն), հունգարական ծագմամբ կանադացի կինոպրոդյուսեր, Կանադայի օրդենի անդամ[2]։ 1970-ական և 1990-ական թվականներին կարևոր դեր է խաղացել կանադական կինոարտադրության զարգացման գործում[2]։ Ատոմ Էգոյանի հետ միասին եղել է «Արարատ» (2002) ֆիլմի պրոդյուսերը։
Ռոբերտ Լանտոս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 3, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն |
Քաղաքացիություն՝ | Կանադա Հունգարիա |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0487190 |
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Լանտոսը ծնվել է 1949 թվականի ապրիլի 3-ին Բուդապեշտում, Լազլո և Ագնես (օրիորդական ազգանունը՝ Բոդոր) Լանտոսների ընտանիքում։ Հայրը եղել է մեխանիկ և բեռնափոխադրումներով զբաղվող տրանսպորտային ընկերության սեփականատեր[3]։ Ռոբերտ Լանտոսի մանկությունն անցել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, ուր նրա ծնողները մեկնել էին 1956 թվականի Հունգարական հեղափոխությունից հետո։ 1963 թվականին Լանտոսների ընտանիքը տեղափոխվել է Կանադա[3]։ 1970 թվականին Ռոբերտ Լանտոսն ավարտել է ՄաքԳիլի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 1972 թվականին նույն համալսարանում ստացել է գրականագիտության մագիստրոսի աստիճան[2]։ 1972 թվականին Լանտոսը հիմնադրել է Vivafilm դիստրիբյուտերական ընկերությունը, որ արտասահմանյան ֆիլմերը տարածում էր կանադական շուկայում[2]։ 1975 թվականին նա ստեղծել է RSL Entertainment պրոդյուսերական ընկերությունը, որի միջոցով հանդես է եկել որպես 15 ֆիլմերի պրոդյուսեր[2]։ Հետագայում Vivafilm и RSL Entertainment ընկերության հիման վրա Ռոբերտ Լանտոսն ստեղծել է Alliance Communications Corporation ընկերությունը, որը դարձել է կանադական խոշորագույն հեռուստա- և կինոընկերությունը[2]։ Մինչև 1998 թվականը Լանտոսը եղել է ընկերության գլխավոր տնօրենը[2], այնուհետև վաճառել է իր ակցիաների վերահսկիչ փաթեթը, ինչից հետո որպես ֆիլմերի պրոդյուսեր հանդես է գալիս Serendipity Point Films ընկերության միջոցով։
Ռոբերտ Լանտոսը եղել է ավելի քան 30 գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսեր, որոնց թվում են «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի» ներկայացված «Արևելյան խոստումներ» (անգլ.՝ Eastern Promises) և «Թատրոն», «Ոսկե գլոբուսի» ներկայացված «Արևի լույս» (անգլ.՝ Sunshine), «Օսկարի» ներկայացված և Կաննի կինոփառատոնի ժյուրիի գրան պրիի արժանացած «Փառավոր ապագա» (անգլ.՝ Sweet Hereafter), Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակի արժանացած «Էկզիստենցիա» (անգլ.՝ eXistenZ), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի արժանացած «Ավտովթար», 1994 թվականին Կաննի կինոփառատոնում Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի հատուկ մրցանակի արժանացած «Տարաշխարհիկություն» (անգլ.՝ Exotica), «Ջինի» մրցանակի արժանացած «Որտեղ է թաքնված ճշմարտությունը» (անգլ.՝ Where the Truth Lies), «Սև թիկնոց» (անգլ.՝ Black Robe) ու «In Praise of Older Women» ֆիլմերը, ինչպես նաև Կանադայում մեծ հաջողություն ունեցած «Ցախավելներով տղամարդիկ» (անգլ.՝ Men With Brooms) և Հռոմի կինոփառատոնում տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակի արժանացած «Փշուրներ» (անգլ.՝ Fugitive Pieces) ֆիլմերը։ «Joshua Then and Now» (1985), «Ֆելիցիայի ճանապարհորդությունը» (1999), «Աստղային հիվանդություն» (2000) և «Արարատ» (2002) ֆիլմերն ընդգրկվել են Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրության ծրագրում։
Ռոբերտ Լանտոսը Կանադայի օրդենի անդամ է (երկրի բարձրագույն քաղաքացիական մրցանակ), ՄաքԳիլի համալսարանի պատվավոր դոկտոր[4] և Indigo Books and Music և Entertainment One ընկերությունների նախագահների խորհրդի անդամ։
2015 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ հայտարարվել է, որ Ռոբերտ Լանտոսը Canadian Media Production Association-ի կողմից ճանաչվել է խաղարկային ֆիլմերի լավագույն ռեժիսոր[5]։
Ռոբերտ Լանտոսը կրիշնայական գուրու Սվամի Շիվարամայի ազգականն է[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Robert Lantos». thecanadianencyclopedia.com. Historica. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 3,0 3,1 Robert Lantos Biography (1949-)
- ↑ «Robert Lantos Serendipity». serendipitypoint.com. Serendipity Point. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Robert Lantos Wins CMPA Feature Producer Award». variety.com. Variety. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Brian D. Johnson Hungarian rhapsody: Canadian mogul Robert Lantos returns to his birthplace to make an epic starring Ralph Fiennes // MacClean's Magazine. — November 2, 1998. Архивировано из первоисточника 1 Դեկտեմբերի 2008.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռոբերտ Լանտոսը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Canadian Film Encyclopedia Արխիվացված 2007-09-29 Wayback Machine (անգլ.)
- Maclean’s Magazine profile(չաշխատող հղում) at The Canadian Encyclopedia (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Լանտոս» հոդվածին։ |