Ռադդեի ժայռային մողես
Ռադդեի ժայռային մողես (լատին․՝ Darevskia raddei), ադրբեջանական ժայռային մողես, նաիրյան ժայռային մողես, Ռադդեի դարևսկիա, Ադրբեջանական դարևսկիա, Նաիրյան դարևսկիա, իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա ցեղի մողես։ Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում, Երևանի շրջակայքում։ Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ վայրերում, նաև շինությունների պատերի ճեղքերում, թփուտային, նոսրանտառային, անտառային, տափաստանային, լեռն, նոսրանտառային բուսականությամբ, նաև ցածրադիր ու բարձրլեռնական վայրերում։ Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,1-7,6 սմ), պոչը կրկնակի երկար է, ինքնահատվող։ Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով։ Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են։ Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, մոխրագույն, ձիթապտղագույն և շագանակագույն երանգները։ Մեջքի երկայնքով ձգվում է մուգ, տձև, լայնակի ձգված բծերից բաղկացած, գրեթե ողջ մեջքով տարածված լայն, ցանցանման նախշ կամ այս կամ այն չափով արտահայտված լայն կամ նեղ երկայնակի զոլ։ Կողմնային մուգ զոլերը կազմված են գրեթե միաձուլված օղանման խալերի 3-4 երկայնակի շարքերից, ունենում են սպիտակավուն կենտրոնական խալ և մուգ եզրագիծ։ Կողմնային գծի կրծքային հատվածում կան կապույտ խալեր։ Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով։ Զուգավորման շրջանում արուների մոտ այն սպիտակավուն է, դեղնավուն, վառ դեղին կամ կանաչավուն, իսկ եզրային վահանիկները կրում են վառ կապույտ խալեր։ Ներկայումս Հայաստանում տարբերակվում է այս խմբի 2 ենթատեսակ՝ Ռադդեի դարևսկիա և նաիրյան դարևսկիա։ Կարող է հանդիպել համատեղ հայկական, Դալի, Ռոստոմբեկովի, միասեռ Պորչինսկու և Վալենտինի ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնահատկություններով։ Սնվում է մանր հոդվածոտանիներով, փափկամարմիններով, մողեսներով։ Առանձնասեռ է, զուգավորումը տեղի է ունենում մայիս-հունիսին։ Հունիսի վերջից հուլիսի սկիզբը էգը դնում է 3-4 ձու (12x6 մմ)։ Ձագերը ծնվում են օգոստոսի կեսերից սեպտեմբերի սկիզբը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |