Պետական կապիտալիզմ, երկրի տնտեսական զարգացմանը նպաստող պետական միջոցառումների ամբողջություն, որոնց էությունը որոշվում է պետության դասակարգային բնույթով, պատմական կոնկրետ պայմաններով և այս կամ այն երկրի տնտեսության յուրահատկություններով։

Պետական կապիտալիզմը տարբերակվում է ըստ ժամանակաշրջանի՝

  • մինչմոնոպոլիստական կապիտալիզմի դարաշրջանի պետական կապիտալիզմ
  • զարգացող երկրներում անցման ժամանակաշրջանի պետական կապիտալիզմ
  • կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանի պետական կապիտալիզմ։

Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի դարաշրջանի պետական կապիտալիզմ

խմբագրել

Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի դարաշրջանում պետության միջամտությունը երկրի տնտեսական կյանքին հանգեցնում էր պետական կապիտալիզմի, որի նպատակը կապիտալիստական ընդլայնված վերարտադրության պրոցեսի արագացումն էր և բուրժուազիայի դիրքերի ամրապնդումը։

Բուրժուական բոլոր հեղափոխությունների ժամանակ պետությունները վերացնում էին առևտրի միջնադարյան կարգորոշումները, գիլդիաների և ցեխերի մենաշնորհային իրավունքները, ազդարարում մրցակցության ազատություն։ Կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանում պետական, եկեղեցական և համայնական հողերը պետությունները վերածում էին մասնավոր սեփականության, դաժան օրենքներ սահմանում և ընչազուրկներին բռնի աշխատեցնում կապիտալիստական ձեռնարկություններում։ Նվաճում էին գաղութներ։ Մասնավոր կապիտալի անբավարարության պատճառով իրենք էին կառուցում և շահագործում խոշոր ձեռնարկություններ, երկաթուղիներ, ճանապարհներ, ջրանցքներ և այլն, կամ այդ նպատակի համար կապիտալիստներին տրամադրում սուբսիդիաներ և վարկ։

Պետական սեփականությունը դառնում էր պետական կապիտալիզմի գլխավոր բովանդակությունը։ Պետությունները հանդես էին գալիս որպես խոշորագույն կապիտալիստներ։ Սահմանում էին սպառողական որոշ ապրանքների (ծխախոտ, օղի և այլն) արտադրության և վաճառահանման մենաշնորհ, կիրառելով պրոտեկցիոնիզմ՝ ազգային բուրժուազիային պաշտպանում արտասահմանյան մրցակցությունից։

Կապիտալիզմի տիրապետության հաստատմամբ, երբ սրվեց ��աև պրոլետարիատի դասակարգային պայքարը, բուրժուական պետությունները սահմանափակեցին երեխաների և կանանց աշխատանքի կիրառումը, կրճատեցին աշխատօրվա տևողությունը և դրեցին սոցիալական ապահովագրության սկիզբը։ Նշված ժամանակաշրջանում տնտեսական կյանքին պետական միջամտությունը կրում էր մասնակի բնույթ։ Մոնոպոլիստական կապիտալիզմի փուլին բնորոշ է պետական–մոնոպոլիստական կապիտալիզմը, որը սկզբունքորեն տարբերվում է պետական կապիտալիզմից։

Զարգացող երկրներում անցման ժամանակաշրջանի պետական կապիտալիզմ

խմբագրել

Զարգացող երկրներում պետական կապիտալիզմը տնտեսական ոլորտում պետական ձեռնարկությունների և հիմնարկությունների ստեղծումն է, ինչպես նաև մասնավոր ազգային և արտասահմանյան ձեռնարկատիրության կարգավորմանը, աշխատուժի վերարտադրությանը, ընդհանուր պետական նշանակություն ունեցող կարևորագույն օբյեկտների ֆինանսավորմանն ու վարկավորմանն ուղղված տնտեսական միջոցառումների համակարգ։

Պետական կապիտալիզմը տնտեսությանը պետության ակտիվ միջամտության, գաղութային և կիսագաղութային կախվածության ժամանակ ստեղծված տնտեսական կառուցվածքի վերափոխման կարևոր միջոց է, ապահովում է հետամնաց երկրների տնտեսական զարգացումը, թուլացնում նրանց տնտեսական և քաղաքական կախվածությունը համաշխարհային կապիտալիստական համակարգից։

Պետական սեկտորի ստեղծումը և ընդլայնումը Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների մեծամասնության տնտեսական զարգացման բնորոշ գիծն է՝ անկախ դրանց քաղաքական կողմնորոշումից։ Մի շարք երկրներում (Բիրմա, Գվինեա, Ալժիր, Կոնգոյի Հանրապետություն) պետական սեկտորը և տնտեսական կյանքի պետական կարգավորումն ուղղված են իմպերիալիզմի և ազգային խոշոր բուրժուազիայի դեմ, նպաստում են անկախ էկոնոմիկայի ստեղծմանը և սոցիալական բարդ խնդիրների լուծմանը։

Այն երկրներում, որտեղ պետության տնտեսական քաղաքականությունը որոշում է ազգային խոշոր բուրժուազիան, պետական սեկտորի զարգացումը հաճախ սահմանափակվում է մասնավոր ձեռնարկատիրության աճին նպաստող ճյուղերով ու ձեռնարկություններով։ Պետական սեկտորը ստեղծվում է գաղութային իշխանությունների, նաև տեղական ընկերությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների ազգայնացման, ընդլայնվում՝ նորերի կառուցման ուղիով։ Հատուկ նշանակություն ունի արտաքին առևտրի լրիվ կամ մասնակի մենաշնորհի կիրառումը, ինչպես նաև պետության դիրքերի ամրապնդումը բանկային գործի ու վարկի ոլորտում են։

Կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանի պետական կապիտալիզմ

խմբագրել

Կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանի պետական կապիտալիզմը հասարակական-տնտեսական կացութաձև է, որը թույլատրում և կարգավորում է պրոլետարիատի դիկտատուրայի պետությունը։ Դրսևորվում է արտասահմանյան կապիտալի կոնցեսիաների, ներքին մասնավոր կապիտալի կողմից պետական ձեռնարկությունների վարձակալման, խառն ընկերությունների, կոմիսիոն սկզբունքով մասնավոր առևտրի, կոոպերացիաների և այլն ձևերով։ Կարող է կարևոր դեր խաղալ էկոնոմիկայի սոցիալիստական վերափոխման գործում։

ԽՍՀՄ–ում պետական կապիտալիզմի առանձնահատկությունն այն էր, որ պետական կապիտալիստական ձեռնարկությունները համաժողովրդական սեփականություն էին և ենթակա չէին առք ու վաճառքի։ Կոնցեսիոներ–վարձակալներին էին մնում միայն պատրաստի արտադրանքը և դրամական միջոցները։ Հարաբերությունները կապիտալիստական էին, բայց վերահսկվում և կարգավորվում էին պրոլետարական պետության կողմից։ ԽՍՀՄ–ում պետական կապիտալիզմը զարգացում չստացավ և երկրի էկոնոմիկայի համար չունեցավ էական նշանակություն (1923–1924 թվականներին տալիս էր ժողտնտեսության համախառն արտադրանքի միայն 0,1%-ը), որովհետև արագ տեմպերով աճեց սոցիալիստական խոշոր արդյունաբերությունը։ Բացի այդ, պետական կապիտալիզմը սոցիալիստական վերափոխման համար օգտագործելու խորհրդային պետության փորձերը հանդիպեցին բուրժուազիայի ակտիվ դիմադրությանը և, վերջինի սեփականազրկման ուղիով, այն վերացվեց։

Պետական կապիտալիզմի տարբեր ձևերն առաջացել և ժամանակավոր օգտագործվել են եվրոպական սոցիալիստական երկրների մեծ մասում, ինչպես նաև՝ ԿԺԴՀ–ում, ՎՍՀ–ում ու ՉԺՀ–ում։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Մարքս ԿԿապիտալ, հատոր 1–3, Երևան, 1933–1949
  • Լենին Վ․ Ի․, Խորհրդային իշխանության հերթական խնդիրները��� Երկերի լիակատար ժողովածու, հատոր 36
  • Լենին Վ․ Ի․, Էկոնոմիկան և քաղաքականությունը պրոլետարիատի դիկտատուրայի դարաշրջանում, Երկեր, հատոր 30
  • Зомбарт В․, Современный капитализм, пер․ с нем․, т․ 1–3, М․–Д․, 1903–1930
  • Мирзоян С․ М․ и Орехов Л․ Н., Государственный сектор в экономике освободившихся стран, М․, 1965
  • Юферова Е․ В․, Ленинское учение о госкапитализме в переходный период к социализму, М․, 1969
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 241