Պարտավի եկեղեցական ժողով
Պարտավի եկեղեցական ժողով, գումարվել է 768 թվականին, Հայոց կաթողիկոս Սիոն Ա Բավոնեցու նախաձեռնությամբ, Մեծ Հայքի Ուտիք նահանգի Պարտավ քաղաքում, որն այդ ժամանակ Աղվանից կաթողիկոսության աթոռանիստն էր։ Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ Դվինը գրավել էին արաբները, և դրանով է Սիոն Ա Բավոնեցին բացատրել ժողովը Պարտավում անցկացնելու հանգամանքը։ Մասնակցել են եպիսկոպոսներ, երեցներ, ինչպես նաև ազատներ ու նախարարներ՝ սպարապետ Սահակ Բագրատունու գլխավորությամբ։ Այն հոգևորականները, որոնք չեն կարողացել գալ Պարտավ, գրով հայտնել են իրենց համաձայնությունը ժողովի կայացնելիք որոշումներին։ Մասնակցել են նաև Աղվանից Դավիթ կաթողիկոսը, Աղվանից աշխարհի իշխաններ և ազատներ։ Ժողովն ընդունել է 24 կանոն, որ Կանոնագիրք Հայոց-ում հայտնի է Սիոն կաթողիկոսի կանոնախումբ անունով։ Կանոնները վերաբերում են եկեղեցական կարգ ու կանոնին, եկեղեցականների պարտավորություններին և իրավունքներին։ Եպիսկոպոսներին արգելվել է մյուռոն օրհնել, բռնի տուգանքներ գանձել, տուգանքները և հարկերը գրպանել, իրենց չենթարկվող վիճակների համար քահանաներ ձեռնադրել, եկեղեցական հասույթներով հարկեր վճարել։ ԺԱ կանոնն արգելել է հեթանոսների հետ ամուսնությունը, ԺԳ կանոնը՝ երրորդ ամուսնությունը։ ԺԶ կանոնով արգելվել է ազգականների միջև ամուսնությունը՝ մինչև չորրորդ սերունդ (նույն արգելքը հայոց եկեղեցական իրավունքում մինչ Պարտավի եկեղեցական ժողովը սահմանել են նաև Շահապիվանի ժողովի ԺԳ, Աղվենի ժողովի Ժ կանոնները)։ ԺԷ կանոնը խստիվ արգելել է ուրիշ վիճակներից եկած թափառաշրջիկներին ողորմություն տալը, մուրացիկներին պետք է օգնություն ցույց տրվեր ըստ իրենց թեմի տարածքի։ Դրա համար պատվիրվել է կառուցել անկելանոցներ՝ հիվանդներին և անկարողներին մի տեղ հավաքելու և թույլ չտալու, որ նրանք մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվեն։ Մեկ այլ կանոնով թեմի առաջնորդներն ու ազատները պարտավոր էին հոգալ ավերված անկելանոցները, բարեխնամ հաստատությունները նորոգելու, նշանակված տուրքը ժողովրդից հավաքելու և դրանով կարոտյալներին խնամելու մասին։ ԻԴ կանոնով կանոնական են ճանաչվել Հին կտակարանի գրքերից 37-ը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |