Պատասխանատվության ապահովագրություն
Պատասխանատվության ապահովագրությունը ոչ կյանքի ապահովագրության լայն տարածում ունեցող ճյուղերից է, որտեղ ապահովագրության օբյեկտ է հանդիսանում ապահովադրի՝ օրենքով կամ պայմանագրերով սահմանված պատասխանատվությունը երրորդ անձանց պատճառված վնասների գծով։ Ձեռնարկությունները, կազմակերպությունները կամ քաղաքացիները իրենց գործունեության ընթացքում կարող են վնաս հասցնել երրորդ անձանց կյանքին, գույքին կամ առողջությանը, ինչը ենթակա է փոխհատուցման։ Պատասխանատվության ապահովագրության էությունն այն է, որ ապահովադիրները, վճարելով ապահովագրավճար, ապահովագրողներին են փոխանցում երրորդ անձանց իրենց կողմից հասցված վնասի փոխհատուցումը։ Պատասխանատվության ապահովագրությունը ունի երկակի նշանակություն. առաջին հերթին այն պաշտպանում է ապահովադիրներին կորուստներ կրելուց, երբ անհրաժեշտություն է առաջանում փոխհատուցելու իրենց գործունեության արդյունքում տուժածներին հասցված վնասը։ Երկրորդ, տուժածներին երաշխավորում է կրած վնասի փոխհատուցումը։ Հատկապես այս հանգամանքը հաշվի առնելով, շատ երկրներում պատասխանատվության ապահովագրության որոշ տեսակներ կրում են պարտադիր բնույթ, քանզի անկախ վնաս հասցնողի վճարման հնարավորությունից և կամքից, պետք է երաշխավորված լինի տուժողի կողմից կրած վնասի փոխհատուցումը։
Պատասխանատվության ապահովագրության տեսակները
խմբագրելՊատասխանատվության ապահովագրությունը բաժանվում է տարբեր դասերի, մասնավորապես.
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն
խմբագրելԱյն ներառում է գործատուների, տրանսպորտային միջոցների (ցամաքային, օդային, ջրային), նախագծային կամ շինմոնտաժային կազմակերպությունների կողմից երրորդ անձանց կյանքին և առողջությանը հասցված վնասների գծով պատասխանատվության ապահովագրությունը
Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն
խմբագրելԱյս ապահովագրական պաշտպանվածություն է ընձեռնում այն անձանց, որոնք զբաղվում են իրենց հաճախորդներին մասնագիտական ծառայությունների մատուցմամբ և իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում ակամայից թույլ են տալիս անզգուշություններ, սխալներ, չկանխատեսված բացթողումներ, ինչի հետևանքով վնաս են հասցնում հաճախորդներին, որոնք ի սկզբանե վստահում էին նրանց, համոզված լինելով վերջիններիս մասնագիտական հմտության նկատմամբ։ Ապահովագրվում է աուդիտորների, հաշվապահների, փաստաբանների, նոտարների, բժիշկների և այլ մասնագետների կողմից ծառայությունների մատուցման դեպքում նրանց գործողությունների կամ անգործության հետևանքով առաջացած քաղաքացիական պատասխանատվության ռիսկը։
- Շրջակա միջավայրի աղտոտման գծով պատասխանատվության ապահովագրություն, որի պարագայում էկոլոգիական ռիսկով օժտված կազմակերպությունները ապահովագրում են իրենց գործունեության արդյունքում շրջակա միջավայրին կամ երրորդ անձանց հնարավոր պատճառվելիք վնասը։
- Պատասխանատվության այլ տեսակների ապահովագրություն, օրինակ ապրանք արտադրողների կամ վաճառողների, ապրանքների որակի և անվտանգության պահպանման, պայմանագրային պարտավորությունների չկատարման գծով պատասխանատվության ապահովագրություն։
Ապահովագրության այս տեսակները կարող են իրականացվել պարտադիր կամ կամավոր եղանակներով։ 2011 թ.-ից Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրության է ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը(ԱՊՊԱ), ինչպես նաև նոտարների մասնագիտական պատասխանատավությունը, գնահատողների մասնագիտական պատասխանատվությունը և լուծարային մասնագետների պատասխանատվության ապահովագրությունը։ ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտն, այլ մեքենայի վարորդ, մեքենայի ուղևոր) պատճառված գույքային և անձնական վնասները։
Գրականություն
խմբագրել- Կիրակոսյան Կ. «Ապահովագրական գործ», ուս. ձեռնարկ, 2-րդ հրատ., Երևան, 2011, 352 էջ
- Աբգարյան Կ., Ճուղուրյան Ա. «Ապահովագրական գործ», ուս. ձեռնարկ, Երևան, 2007, 576 էջ
- Гвозденко А. "Страхование", учеб., Москва, 2004, 464 стр.