Որսորդությունը Հայաստանում

Որսորդություն, վայրի կենդանիների ու թռչունների որս, որը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է։ Սկզբնապես որսորդությունը (նաև որսի սպառումը) կրել է կոլեկտիվ բնույթ և սովորաբար զուգակցվել է հավաքչության, ձկնորսության, ավելի ուշ՝ երկրագործության ու անասնապահության հետ։ Որսորդության հնագույն զենքեր են ծառայել քարը, քարե, փայտե, ոսկրե կացինը, տեգը, նիզակը, պարսատիկը, ցանցը, թակարդը, իսկ մետաղամշակությունից հետո՝ մետաղե սուրը, թուրը, դաշույնը, կացինը և այլն։ Որսորդության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նետ ու աղեղի գյուտը, մինչև հրազենի երևան գալը (12-րդ դար) այն եղել է որսորդության հիմնական զենքը։ Նոր քարի դարաշրջանից որսորդության համար օգտագործել են շներ, հետագայում՝ նաև ձիեր, որսկան թռչուններ, խայծեր և այլն։

Որսորդ որսը ձեռքին

Պատմություն

խմբագրել

Հայաստանում որսորդության լայն տարածման մասին վկայում են նեոլիթի և բրոնզի դարաշրջանների ժայռապատկերները, մ. թ. ա. 11-1 հազարամյակների առարկաներն ու որմնանկարները, որոնցում պատկերված են որսի տեսարաններ։ Հայ ժողովրդի անվանադիր նախնի Հայկը հնագույն ավանդազրույցներում ներկայացվում է որպես քաջ որսորդ։ Ավատատիրական դարաշրջանում զինվորական դասի և ազնվականության համար որսախաղերը, զվարճանքից ու հրապուրանքից բացի, եղել են նաև ռազմական դաստիարակության յուրահատուկ միջոց։ Հին Հայաստանում, բնական որսատեղերից (Շահապիվան, Մասյացոտն, Կոգովիտ և այլն) բացի, ստեղծվել են արքունի և իշխանական որսատեղեր (Ծննդոց անտառ, Խոսրովակերտ և այլն)։

Որսորդությունն այժմ

խմբագրել

Ըստ օգտագործվող որսորդական գործիքների՝ տարբերում են հրացանով, որոգայթներով, որսկան կենդանիներով (շուն, թռչուն, ձի), ըստ նպատակի՝ արդյունագործական, սիրողական, սպորտային ու գիտական որսորդության տեսակներ։ Որսորդության զարգացմանը նպաստում են որսորդական տնտեսությունները, որոնք Հայաստանում կազմակերպված են Եղեգնաձորում, Կապանում, Ապարանում։ Հայաստանում ամենուր հանդիպող որսարդյունագործական կենդանիներ են. կաթնասուններից՝ գայլը, աղվեսը, քարակզաքիսը, ջրային առնետը, թռչուններից՝ կռնչան բադը, սուլող ու չքչքան մրտիմները, կարմրագլուխ ու փուփուլավոր սուզաբադերը, լորը, կտցարը, թխակապույտ աղավնին, երկկենցաղներից՝ լճագորտը, փոքրասիական գորտը, ձկներից՝ լոքոն, կարմրախայտը։

Հայաստանում թույլատրված որսի կենդանատեսակներից են եվրոպական այծյամը, վայրի խոզը, լուսանը, գորշուկը, շնագայլը, նապաստակը, կաքավը, լորը, փասիանը և այլն։ Հայաստանում որսորդները միավորված են «Որսորդների և ձկնորսների միություն», «Որսորդ» ՍՊԸ և «Հայկական զինվորական որսորդական ընկերություն» կազմակերպություններում, որոնց գործունեությունը վերահսկում է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։