Նոր Ամբերդի միջազգային դպրոց
Նոր Ամբերդի միջազգային դպրոց, Նոր Ամբերդի տեսական և փորձարարական ֆիզիկայի դպրոց, տարրական մասնիկների ֆիզիկայի արդի հարցերին նվիրված տասնօրյա դասընթացներ, որոնք կազմակերպվել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի նախաձեռնությամբ՝ տիեզերական ճառագայթների հետազոտման Նոր Ամբերդի կայանում և Երևանում։ Դպրոցի նստաշրջանները կայացել են ամեն տարի՝ 1961–66-ի ընթացքում, ինչպես նաև 1972-ին և 1975-ին։ Նոր Ամբերդի միջազգային դպրոցի խնդիրն էր երիտասարդ գիտաշխատողների լայն շրջաններին հասցնել տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառի վերջին կարևոր նվաճումները։ Դասախասություններ կարդալու են հրավիրվել սովետական և արտասահմանյան ականավոր ֆիզիկոսներ։ Դպրոցի աշխատանքներին մասնակցել են ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ Ա․ Միգդալը, Բ․ Պոնտեկորվոն, Վ․ Համբարձումյանը, Յա․ Զելդովիչը, թղթակից անդամներ Ա․ Ալիխանյանը, Լ․ Օկունը, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոսներ Գ․ Ղարիբյանը, Հ․ Վարդապետյանը, ԱՄՆ–ից՝ Մ․ Գել Մանը, Ջ․ Բյորկենը, Լ․ Լեդերմանը, Լ․ Յուանը և շատ ուրիշներ։ Դասախոսությունները և դրանց քննարկումները համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների մասնակցությամբ զգալիորեն նպաստել են Սովետական Միության առաջատար գիտական կենտրոններից գործուղված երիտասարդ գիտնականների որակավորման բարձրացմանը, գիտական մտահորիզոնի ընդլայնմանը։
Նոր Ամբերդի միջազգային դպրոցը իր տեսակի մեջ առաջինն էր Սովետական Միությունում, և նրա հաջողությունը խթան ծառայեց գիտական որակավորման բարձրացման այդ նոր ձևի զարգացման համար։ Դպրոցի նստաշրջանների կազմակերպման և զեկուցումների (որոնցից մի քանիսը թարգմանվել են անգլերեն) հրատարակման գործում կարևոր դեր են կատարել Ա․ Ի․ Ալիխանյանը, Երևանի, Մոսկվայի և Լենինգրադի մի շարք գիտնականներ («Ուժեղ և թույլ փոխազդեցությունների տեսության հարցեր», 1962, ռուս․, «Տարրական մասնիկների ֆիզիկայի հարցեր», 1962, 1963, 1964, 1966, 1975, ռուս․)։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 349)։ |