Նիկոլ Փաշինյանի երրորդ կառավարություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկոլ Փաշինյանի երրորդ կառավարություն, ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երրորդ կառավարությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում, և նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի օրը` նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով որպես մեծամասնության թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ[1]։ Նոր կառավարությունը սկսել է ձևավորվել օգոստոսի 2-ին և վերջնականապես ձևավորվել օգոստոսի 19-ին, երբ նշանակվեց արտաքին գործերի նախարար։
Կառուցվածք
խմբագրելԿառավարության ձևավորում
խմբագրել2021 թվականի օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը նշանակվում է ՀՀ վարչապետ։ Նույն օրը նշանակվում է փոխվարչապետ և նախարարներ։ Փոխվարչապետ է նշանակվում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը[2]։ Պաշտպանության նախարար է նշանակվում նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` նախարարի առաջին տեղակալ Նարեկ Մկրտչյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ռոմանոս Պետրոսյանը վերանշանակվում է շրջակա միջավայրի նախարար։ Օգոստոսի 3-ին իրենց պաշտոններում վերանշանակվում են` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշանակվում է արդարադատության նախարար, էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը` ֆինանսների նախարար։ Օգոստոսի 4-ին Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ, տնտեսագետ` Վահագն Խաչատուրյանը նշանակվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Կառավարությունը վերջնական ձևավորվում է օգոստոսի 19-ին, երբ ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվում է արտաքին գործերի նախարար։
Հետագա փոփոխություններ
խմբագրել2021 թվականի նոյեմբերի 15-ին պաշտոնից ազատվում է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Սուրեն Պապիկյանը նշանակվում է պաշտպանության նախարար, ազատվելով փոխվարչապետի պաշտոնից։ Նոյեմբերի 25-ին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվում է փոխվարչապետ։ Դեկտեմբերի 9-ին Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, պետական վերահսկողության ծառայության ղեկավար նշանակվելու կապակցությամբ։ Հակոբ Սիմիդյանն նշանակվում է շրջակա միջավայրի նախարար, ազատվելով վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
2022 թվականի մարտի 11-ին Վահագն Խաչատուրյանը ազատվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից, Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ապրիլի 27-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվում նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը։
2022 թվականի ապրիլի 1-ին պաշտոնից ազատվում է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ապրիլի 13-ին արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվում է արտակարգ իրավիճակների նախարար։
2022 թվականի հոկտեմբերի 5-ին իր հրաժարականի դիմումի հիման վրա պաշտոնից ազատվում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Հոկտեմբերի 6-ին նա ազգային ժողովի կողմից ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ հոկտեմբերի 7-ին ԲԴԽ-ում կայացած փակ գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին իրենց պաշտոններից հրաժարական են տալիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Դեկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարար է նշանակվում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
2022 թվականի դեկտեմբերի 19-ին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ազատվում է պաշտոնից և նշանակվում ՀՀ փոխվարչապետ։ Դեկտեմբերի 20-ին ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշանակվում է ֆինանսների նախարար։
2022 թվականի դեկտեմբերի 26-ին արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշանակվում է արդարադատության նախարար։
2022 թվականին Ազգային ժողովը որոշում է ընդունում ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության և միգրացիայի ծառայության միավորմամբ ստեղծել ներքին գործերի նախարարություն։ 2023 թվականի հունվարի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշանակվում է ՀՀ ներքին գործերի նախարար։
2023 թվականի հունիսի 30-ին Արմեն Փամբուխչյանը ազատվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից, նախարարության լուծարման կապակցությամբ։
2023 թվականի դեկտեմբերի 29-ին Ռոբերտ Խաչատրյանը ազատվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից։ Մխիթար Հայրապետյանը նշանակվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
2024 թվականի փետրվարի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տալիս։ 2024 թվականի մարտի 5-ին ՔՊ վարչության փոխնախագահ, ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Գևորգ Պապոյանը նշանակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար։
2024 թվականի սեպտեմբերի ամսին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նախաձեռնում են ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու նպատակով ստորագրահավաք։ Մինասյանը հրաժարական է տալիս հոկտեմբերի 1-ին, և ազատվում պաշտոնից հաջորդ օրը` հոկտեմբերի 2-ին։ 2024 թվականի հոկտեմբերի 29-ին ՔՊԿ վարչությունը որոշում է արդարադատության նախարարի թեկնածու առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին։ Նոյեմբերի 4-ին Գալյանը ազատվում է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, իսկ նոյեմբերի 5-ին նշանակվում է ՀՀ արդարադատության նախարար։
2024 թվականի նոյեմբերի 18-ին հրաժարական են տալիս, իսկ նոյեմբերի 19-ին իրենց պաշտոններից ազատվում են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
2024 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշանակվում է ՀՀ ներքին գործերի նախարար։
2024 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը նշանակվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ».
- ↑ «Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.