Նիկոլայ Նեկրասով
Նիկոլայ Նեկրասով (ռուս.՝ Николай Алексеевич Некрасов, նոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1821[1][2], Նեմիրով, Bratslavsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 27 1877 (հունվարի 8 1878)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուս բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ։
Նիկոլայ Նեկրասով Николай Некрасов | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1821[1][2] |
Ծննդավայր | Նեմիրով, Bratslavsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 27 1877 (հունվարի 8 1878)[1][2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, ինքնակենսագիր, գրական քննադատ, լրագրող և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1841) և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Աշխատավայր | Հայրենական գրառումներ |
Ամուսին | Zinaida Nekrasova? |
Համատեղ ապրող | Ավդոտյա Պանաևա |
Նիկոլայ Նեկրասով Վիքիդարանում | |
Nikolay Nekrasov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄանկությունն անցկացրել է Յարոսլավլի մոտ գտնվող Գրեշնևո (այժմ՝ Նեկրասովո) գյուղում, հոր կալվածքում։ 1832-1837 թվականներին սովորել է Յարոսլավլի գիմնազիայում։ 1839 թվականին ապարդյուն փորձել է ընդունվել Պետերբուրգի համալսարանը (1839-1840 թվականներին եղել է ազատ ունկնդիր)։ Զրկվելով հոր նյութական օժանդակությունից՝ Նեկրասովը կիսաանապաստան կյանք է վարել։ 1840 թվականին լույս է տեսել նրա «Երազներ և հնչյուններ» առաջին ժողովածուն, որն արժանացել է Վ․ Բելինսկու խիստ բացասական գրախոսությանը։
Նեկրասովի գաղափարական-ստեղծագործական ձևավորման համար վճռական գործոն եղավ ծանոթությունը Վ․ Բելինսկու հետ, որի ազդեցությամբ նա հեռացավ իրականության պատկերման կեղծ ռոմանտիկական դիրքերից և հարեց «նատուրալ դպրոցին»։ Նրա բանաստեղծությունները տոգորվեցին սոցիալական բովանդակությամբ («Ճանապարհին», «Հայրենիք»)։
Հոդվածներ, գրախոսություններ
խմբագրելՆեկրասովն իր հոդվածներում ու գրախոսություններում վճռականորեն պաշտպանել է գրականության մեջ ռեալիզմի և ժողովրդայնության գեղագիտական սկզբունքները, մերժել «արվեստը արվեստի համար» տեսությունը։ 1847 թվականից Ի․ Պանաևի հետ Նեկրասովը հրատարակել է «Սովրեմեննիկ» ամսագիրը։ 50-ական թվականների կեսերի հասարակական վերելքի շրջանում, երբ «Սովրեմեննիկ»-ում, Նեկրասովի նախաձեռնությամբ, ղեկավար դեր են ստանձնել Ն․ Չեռնիշեսկին և Ն․ Դոբրոլյուբովը, ամսագիրը դարձել է ռուս ազատագրական շարժման հետ սերտորեն կապված հեղափոխական դեմոկրատիայի մարտական օրգանը։ Նրանց հետ համագործակցությունը նպաստել է Նեկրասովի հեղափոխական-դեմոկրատական հայացքների ամրապնդմանը։ Խմբագրության ներսում գաղափարական սահմանազատման ժամանակ Նեկրասովը հրաժարվել է լիբերալ գրողների խմբի հետ համագործակցելուց, նրա համակրանքը եղել է Չեռնիշևսկու կողմը։ 1856 թվականին լույս է տեսել Նեկրասովի «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը դարձել է ռուս առաջավոր գրականության հեղափոխական-դեմոկրատական ուղղության մանիֆեստը։ «Պոետն ու քաղաքացին» ծրագրային բանաստեղծության մեջ հաստատվել է Նեկրասովի՝ որպես հասարակական տրիբունի, քաղաքացիական ակտիվությունը․ աստիճանաբար նրա քնարերգության մեջ ուժեղացել են հեղափոխական մոտիվները («Խորհրդածություններ շքամուտքի առաջ», «Երգ Երյոմուշկային», «Մանուկների լացը», «Ասպետ մեկ ժամով»)։ 1859-1861 թվականների հեղափոխական իրադրության շրջանում խորացել է գյուղի, ժողովրդի կյանքի թեման։ Ճնշված գյուղացու նկատմամբ անկեղծ ցավով են տոգորված նրա «Մտորում», «Թաղում», «Կալիստրատ�� բանաստեղծությունները և «Գեղջուկ երեխաներ» (1861), «Փերեզակներ» (1861), «Սառնամանիք-կարմիր քթիկ» (1863) պոեմները։ Ետռեֆորմյան Ռուսաստանում մարդկանց ծանր, ուժից վեր աշխատանքի դեմ ուղղված բողոք է արտահայտում, «Երկաթուղին» (1864) պոեմը, որը միաժամանակ լի է հավատով ժողովրդական ստեղծարար ուժերի նկատմամբ։ «Դոբրոլյուբովի հիշատակին» բանաստեղծությունը (1864) մարդկության ազատությանն ու երջանկությանը նվիրված հիմն է։ 60-ական թվականների սկիզբը Ներսակովի համար եղել է դաժան փորձությունների շրջան՝ Դոբրոլյուբովի մահը (1861), Չեռնիշևսկու և «Զեմլյա ի վոլյա» հեղափոխական գաղտնի կազմակերպության շատ անդամների ձերբակալությունը (1862), «Սովրեմեննիկ»-ի փակվելը (1866)։ Այս բարդ իրադրության մեջ նա հուսահատ փորձ է արել փրկելու ամսագիրը՝ հանդես գալով ինքնակալությանը հնազանդություն քարոզող բանաստեղծությամբ, որի համար հետագայում դառնորեն զղջացել է։ 1868 թվականին Նեկրասովն իր ձեռքն է վերցրել «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագիրը, որը և խմբագրել է մինչև իր կյանքի վերջը։
70-ական թվականներ
խմբագրելՆեկրասովի 70-ական թվականների ստեղծագործություններում արտացոլվել են դեմոկրատական շարժման նոր վերելքի ժամանակաշրջանի, հեղափոխական նարոդնիկության, հեղափոխականորեն տրամադրված մտավորականության՝ դեպի ժողովուրդը գնալու շարժման կարևորագույն գծերը։ Նա գրել է Ռուսաստանի հեղափոխական անցյալին նվիրված պոեմներ, երգել դեկաբրիստների սխրանքը («Պապը», 1870), նրանց հավատարիմ ու հայրենասեր կանանց անձնազոհությունը («Ռուս կանայք», 1872-1873)։ Ավելի սուր է դարձել Նեկրասովի երգիծանքը․ բարեմիտ չինովնիկներին ու ազնվատոհմ երեսպաշտներին մերկացնող վաղ շրջանի բանաստեղծություններից նա անցել է քաղաքական ոչնչացնող ծաղրի, ծաղրել է ինքնակալական կարգերը, բուրժուա գործամոլներին ու բյուրոկրատներին, ճորտատեր-կալվածատերերին ու լիբերալ գործիչներին, ցարական գրաքննությունը, մամուլի կեղծ ազատությունը («Լրագրային», «Երգեր ազատ խոսքի մասին», «Դատարան», «Մոտ անցյալը», 1871, «ժամանակակիցներ», 1875-1876)։
Նեկրասովի գլուխգործոցը
խմբագրելՆեկրասովի ստեղծագործության գլուխգործոցը «Ո՞վ է Ռուսիայում լավ ապրում» (1866-1876) պոեմն է, որը 19-րդ դարի կեսերի ժողովրդական կյանքի իսկական բանաստեղծական հանրագիտարան է։ Նրա հիմնական թեման, ըստ Վ․ Ի․ Լենինի, գյուղացիության արթնացումն է «դարավոր քնից», նրա ձգտումը՝ «պայքար մղել լիակատար ազատության համար»։ Նեկրասովը ստեղծել է ճնշված գյուղացիների կերպարների մի ամբողջ պատկերասրահ։ Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Գրիշա Դոբրոսկլոնովը, որը մարմնավորում է գյուղացի հեղափոխականի, ազատության ժողովրդական իդեալը կրողի գծերը։ Ե՛վ բովանդակությամբ, և՛ ձևով նորարարական այս ստեղծագործության մեջ լայնորեն օգտագործված է ժողովրդական բանավոր պոեզիան։ Նեկրասովը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն իր ժամանակի դեմոկրատական ուղղության բանաստեղծների, այլև ընդհանրապես ռուս պոեզիայի հետագա զարգացման, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունների վրա։
Նեկրասովի պոեզիան
խմբագրելՆեկրասովի պոեզիան լայն ընդունելություն է գտել նաև հայ իրականության մեջ։ Բանաստեղծի նկատմամբ հայերը հետաքրքրություն են ցուցաբերել դեռես նրա կենդանության օրոք։ Գրող և լրագրող Ի․ Պանաևի միջոցով, որի մայրը հայուհի էր, Պետերբուրգի առաջավոր հայ երիտասարդությունը համախմբվել է «Սովրեմեննիկ»-ի շուրջը։ Ռ․ Պատկանյանը Նեկրասովի ստեղծագործությունների հայ առաջին թարգմանիչներից է։ Իր գաղափարական ուղղությամբ նեկրասովյան «Սովրեմեննիկ»-ին առավել մոտ էր կանգնած «Հյուսիսափայլ»-ը, որը Նեկրասովից թարգմանաբար մի շարք նյութեր է հրապարակել։ Նեկրասովի «Լռիր դու, մուսա վշտի, վրեժի» ստեղծագործությունը բարերար ազդեցություն է ունեցել «Հյուսիսափայլ»-ի շուրջը համախմբված բանաստեղծներ Միքայել Նալբանդյանի, Սմբատ Շահազիզի, Գ․ Բարխուդարյանի, Մ․ Մադաթյանի, Գ․ Բուդաղյանի և ուրիշների վրա։ 70-ական թվականներից սկսած՝ Նեկրասովի բանաստեղծությունները և նրա մասին հոդվածներ հաճախ են տպագրվել հայ պարբերական մամուլում («Հայկական աշխարհ», «Բազմավեպ», «Աղբյուր», «Տարազ», «Մուրճ», «Մշակ», «Արձագանք», «Արարատ», «Թատրոն», «Լումա» և այլն)։ Նախահեղափոխական տարիներին Նեկրասովին թարգմանել են Խորեն Ստեփանեն, Ք․ Քուշներյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հովհաննես Թումանյանը, Գ․ Բարխուդարյանը, Աթաբեկ Խնկոյանը և ուրիշներ։ Այս գործում մեծ է հատկապես Ալեքսանդր Ծատուրյանի դերը, որը «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի (1906) երկրորդ գրքում ընդգրկել է նաև Նեկրասովից իր կատարած թարգմանությունները։ Խորհրդային շրջանում Նեկրասովին թարգմանել են Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը, Նաիրի Զարյանը, Գեղամ Սարյանը, Սողոմոն Տարոնցին, Պարույր Սևակը, Գևորգ Էմինը, Թաթուլ Հուրյանը և ուրիշներ։ 1971 թվականին՝ բանաստեղծի ծննդյան 150-ամյակի առթիվ, Երևանում հրավիրվել է համամիութենական գիտական կոնֆերանս՝ «Նեկրասովը և ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունը» թեմայով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 համացանցային հանրագիտարան
- ↑ 3,0 3,1 3,2 http://allart.biz/photos/image/ivan_kramskoi_23_Nekrasov_during_the_period_of_Last_songs_1877_78.html
- ↑ 4,0 4,1 4,2 Некрасов Николай Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Նեկրասով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Նեկրասով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 216)։ |