Ներքին Չարբախ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներքին Չարբախ, Երևանի թաղամասերից, որը սակայն բացակայում է Երևանի հատակագծում, քարտեզում, վարչատարածքային բաժանումներում և համարվում է որպես գյուղ[1]։
Թաղամաս | |||
---|---|---|---|
Ներքին Չարբախ | |||
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Երևան | ||
Վարչական շրջան | Շենգավիթ | ||
Համայնք | հայեր (97%), եզդիներ (3%) | ||
Հիմնադրված է | 1924 թ. | ||
Բնակչություն | 6000 մարդ | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 0003 | ||
|
Ներքին Չարբախի պատմությունը
խմբագրելՆերքին Չարբախը հիմնադրվել է 1924 թվականին։ Գյուղն իր անունը ստացել է շնորհիվ 4 այգիների, որոնք եղել են նրա հիմնադրման տարիներին։ Այդ այգիների անունից էլ գյուղն անվանակոչել են չարի բաղ, որից էլ առաջացել է Չարբախ տեղանունը։ Չար կամ չահար պարսկերեն նշանակում է չորս, իսկ բաղ պարսկերեն նշանակում է այգի։ Երևանի Շենգավիթ համայնքում է գտնվում նաև Վերին Չարբախ թաղամասը, որը սկսվում է Արտաշիսյան և Չեխովի փողոցների հատույթից և տարածվում Շիրակի, Շարուրի և Արարատյան փողոցներին հարակից բնակելի և արտադրական հատվածները։ Ժողովուրդը Փոսի Չարբախ ա��վանումն է տվել Հրազդանի կիրճի ձախափնյա սեփական տներով կառուցապատված հատվածին, որն սկսվում է նախկին Ձեռնոցների գործարանի մոտից և շարունակվում մինչև Կարմիր Բլուր հնավայրը։ Չարբախ անունով ևս մի փողոց կա Իրանի Սպահան քաղաքում, Նոր Ջուղային բավականին մոտիկ։
Սկզբում Ներքին Չարբախում բնակություն են հաստատել Նախիջևանից ներգաղթած գյուղաբնակները, հենց նրանք էլ եղել են Ներքին Չարբախի հիմնադիրները։ Այդ ընթացքում գյուղի հիմնադիր և առաջին նախագահն էր Սերոբ Պողոսյանը (1983 - 1991 թթ.), իսկ գյուղատնտեսը՝ Արշալույս Խաչատրյանը։ Սերոբ Պողոսյանը 1920-ականների սկզբին, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին տարիներին, Նախիջևանի ինքնապաշտպանությունն իրականացնող զորավար Անդրանիկ Օզանյանի հորդորով, թուրք-թաթարական սպառնալիքից փրկվելու համար, տեղահանել էր Նորսի, Շուռութի և Նախիջևանի մյուս բնակավայրերի բնակիչներին` բնակեցնելով Երևանի հարավային հատվածում։ Նախիջևանցիներից հետո այստեղ են եկել վանեցիներ, իսկ հետո աստիճանաբար նաև այլ շրջանների գյուղաբնակներ։
Գյուղն աստիճանաբար մեծացել է և հիմնադրվել է կոլտնտեսություն՝ Լենինի անվան կոլխոզ։ 1950-ական թթ. սկզբին Ներքին Չարբախը Բերիայի շրջանի մի մասն էր կազմում, իսկ 1953 թվականին Բերիայի մահից հետո ընդգրկվել է Շահումյանի շրջանի կազմում։
Բնակիչները զբաղվել են գյուղատնտեսությանբ և անասնապահությամբ։ Կոլտնտեսականները զբաղվել են բրնձի, բամբակի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Բրնձի և բամբակի մշակման վերացումից հետո նրանք ստեղծել են խաղողի այգիներ, ծիրանի և դեղձենու տնկարաններ։ Նաև զբաղվել են շերամապահությամբ. այդ նպատակով թաղամասում մեծ թվով թթենու ծառեր տնկվեցին։
Սերոբ Պողոսյանից հետո գյուղի նախագահ է նշանակվել Նորագավթի բնակիչ Սամվելը։ Նա գյուղը ղեկավարել է մինչև 1948 թվականը։ Այնուհետև գյուղի նախագահ է ընտրվել Սուրեն Մովսիսյանը։ Նրա նախագահության տարիներին գյուղատնտես է եղել Իգնատը, ապա՝ Մերուժան Հովսեփյանը։ Այդ ընթացքում գյուղի կուսկազմակերպիչն էր Գրիգոր Պետրոսյանը։ Սուրեն Մովսիսյանից հետո կոլտնտեսության նախագահ ընտրվեց Կառլեն Հակոբջանյանը, որը գյուղը ղեկավարեց մինչև անկախության տարիները։ Անկախության տարիներին գյուղում անցկացվեց գյուղապետի ընտրություն, որտեղ նախ ընտրվեց Գագիկ Գալստյանը, ապա ընտրվեց Ազատ Հայրապետյանը (1925 - 2008 թթ.)։ 1990-ական թթ. տեղի ունեցավ Ներքին Չարբախի հողերի սեփականաշնորհում։ Հետագայում գյուղապետ է նշանակվել Սամվել Շառոյանը։ Նրան հաջորդել է Ալբերտ Պողոսյանը։ Ներկայումս Ներքին Չարբախը մտնում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի կազմում։
Գյուղում 1936 թ-ին հիմնադրվել է 5-ամյա դպրոց, որի իրավահաջորդը ներկայիս թիվ 99 հիմնական դպրոցն է։ 1954-1955 թթ. դպրոցը դարձել է ութնամյա, իսկ որպես միջնակարգ դպրոց առաջին շրջանավարտները տվել է 1973 թ-ին։ Տարբեր ժամանակներում դպրոցի տնօրենն են եղել տիկին Գայանեն, Մուշեղ Սահակյանը, Ո. Ոսկանյանը, Մանուկ Գալստյանը, Լևոն Ազիզյանը, Կարո Առաքելյանը (1965 - 1973 թթ.), Սարիբեկ Մաթոսյանը (1973 - 1997 թթ.)։ 1997-98 ուստարվանից դպրոցը ղեկավարում է Լյուդմիլա Մարգարյանը։
1996 թ. Ներքին Չարբախ թաղամասում սկսվեց ավանդական ճարտարապետական ոճի, գմբեթավոր Սուրբ Խաչ եկեղեցու (Ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան) կառուցումը։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2006 թ. նոյեմբերի 10-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։
Ներքին Չարբախում է ծնվել Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Աբրահամը[փա՞ստ]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ «Թողարկում 14-րդ. Միայն ծանոթով». 2010 թ․ հուլիսի 22. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.