Նեոգաղութատիրություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Նեոգաղութատիրություն, զարգացող սուվերեն երկրներին իմպերիալիստական պետությունների կողմից պարտադրվող անհավասար տնտեսական և քաղաքական հարաբերությունների համակարգ, որի նպատակն է պահպանել այդ երկրների ժողովուրդների իմպերիալիստական շահագործումն ո�� կախյալ վիճակը։ Զարգացող երկրներում նեոգաղութատիրության նյութական հիմքը՝ օտարերկրյա ընկերությունների (կամ դրանց մասնաճյուղերի), բանկերի մոնոպոլիստական կապիտալն է։ Իմպերիալիստական երկրները նեոգաղութատիրական նպատակներով օգտագործում են նախկին գաղութների և կիսագաղութների տնտեսական և գիտատեխնիկական հետամնացությունը։ Նեոգաղութատիրության գաղափարական հիմքը՝ նեոգաղութատիրական տարբեր տեսություններն են («կապիտալիզմի տրանսֆորմացիայի», «շահերի ներդաշնակության», «խառը էկոնոմիկայի», «փոխադարձ կախման» և այլն)։ Նեոգաղութատիրությունը առաջացել է իմպերիալիզմի գաղութային սիստեմի քայքայման, սոցիալիզմի համաշխարհային սիստեմի ստեղծման և զարգացման հետևանքով՝ ուղղակի գաղութային կախման լիակատար վերացման պայմաններում։ Ժամանակակից կապիտալիզմը, հարմարվելով աշխարհում ստեղծված նոր իրավիճակին, դիմում է ազատագրված երկրների ստրկացման նոր եղանակների։ Նեոգաղութատիրությունը դրսևորվում է տարբեր կերպ, օտարերկրյա մոնոպոլիստական կապիտալի ներթափանցումը երիտասարդ սուվերեն պետություններ, «օգնություն» վարկերի և դրամական հատկացումների ձևով (որով նրանք փաստորեն վերահսկողություն են հաստատում այդ երկրների տնտեսական զարգացման վրա), նրանց ընդգրկումը իրենց ենթակա տնտեսական, քաղաքական և ռազմական խմբավորումների մեջ, անհավասար պայմանագրերի պարտադրում, միջամտություն ներքին գործերին, հետադիմական հեղաշրջումներ ու խամաճիկ վարչակարգերի հաստատում, ազգամիջյան ու ցեղամիջյան բախումների հրահրում և այլն։ Նեոգաղութատիրությունը օգտագործում է նաև գաղութատիրության «ավանդական» եղանակները՝ ռազմական ճնշում, բացահայտ ռազմական միջամտություն և այլն։ Երբեմնի գաղութներն ու կիսագաղութները որպես զարգացած կապիտալիստական երկրների էկոնոմիկայի գյուղատնտեսական-հումքային կցորդ պահելու նախկին ձգտմանը զուգընթաց, ուժեղանում է զարգացող երկրները համաշխարհային կապիտալիստական տնտեսության «արտադրական կցորդը» դարձնելու նոր միտումը։ Իմպերիալիստական մոնոպոլիաները աշխատում են իրենց մոտ նվազ շահութաբեր, շրջակա միջավայրը աղտոտող արտադրությունները փոխադրել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներ։ Օգտագործելով զարգացող երկրների էժան բանվորական ուժը՝ մոնոպոլիստական կապիտալը փորձում է այդ երկրներում ստեղծել արտադրության ամբողջ ցիկլեր, որոնք առավել բարձր շահույթներ են ապահովում, քան զարգացած կապիտալիստական երկրներում։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների առաջադեմ ուժերը պայքարում են նեոգաղութատիրության բոլոր դրսևորումների, նախ և առաջ, մոնոպոլիստական կապիտալի ներթափանցման ու ճնշման դեմ։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 224)։ |