Մկրտիչ Ջանան

հայ ռեժիսոր, դրամատուրգ, դերասան

Մկրտիչ Ջանան (Մկրտիչ Միհրանի Ջանանյան, հուլիսի 5, 1892(1892-07-05), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 18, 1938(1938-07-18)), հայ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1932 թվական), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։

Մկրտիչ Ջանան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1892(1892-07-05)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 18, 1938(1938-07-18) (46 տարեկան)
Ազգությունհայ
ԵրկերԽասփուշ, Երկու գիշեր և Քրդեր-Եզդիներ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, թատերական գործիչ և դրամատուրգ
ԱշխատավայրԳուսան[1], Երևանի բանվորական թատրոն[1] և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն[1]
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Պատանեկան հասակից իր կյանքը կապել է հայ բեմի հետ։ Նա իր գործունեությունն սկսել է 1910 թվականից, Կ. Պոլսի Վարիեթե թատրոնում աննշան մի դերի կատարումով։ Հետո հանդես է գալիս Ա. Ազյանի և Հ. Զարիֆյանի թատերախմբերում (1913 թվական և 1914 թվական)։ Մեծ եղեռնից, առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Պոլսում մի կարճ ժամանակով վեր��տին կենդանություն առավ հայ մշակութային կյանքը, «Պոլսո հայ դրամատիկ ընկերությունը» բեմադրում էր տալիս պիեսներ, որոնց մասնակցում էր նաև Ջանանը՝ գտնելով և՛ հաջողություն, և՛ մամուլի գնահատություն։ 1920 թվականին երիտասարդ դերասանը եղել է Փարիզում։ Եթե այստեղի հայկական թատերախմբերում խաղացած դերերն էական նշանակություն չունեցան նրա առաջադիմության համար, ապա այդպիսի նշանակություն ունեցավ շփումը գեղարվեստական մեծ կյանքի հետ։ Մի որոշ ժամանակ լինում է Լոնդոնում, Շեքսպիրի հայրենի քաղաք Ստրեդֆորդում, ապա և եվրոպական ուրիշ երկրներում։ 1921 թվականին Ջանանը վերադառնում է Պոլիս և ոգևորությամբ մասնակցում հայ թատերական միության ներկայացումներին։ Պոլսահայ թատրոնի այս վերջին առկայծման մեջ շատ որոշակի էր անսպառ եռանդի տեր երիտասարդ դերասանի կատարած դերը։ Որքան էլ ուշագրավ էր դերասանի գործունեությունն այս շրջանում, որի մեջ պետք է նշել «Օթելլոյի» նրա բեմադրությունը և Յագոյի դերակատարումը, հայկական գեղարվեստական կյանքը Պոլսում այլևս չուներ հեռանկար։ Երևույթը դառնում է ավելի ու ավելի ակներև։ Եվ Մկրտիչ Ջանանը, 1922 թվականի վերջին, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի և մի քանի ուրիշների հետ բռնում է Խորհրդային Հայաստանի ճամփան։

Շատ ժամանակ պետք չեղավ Ջանանին նոր հասարակարգի նոր արվեստի սկզբունքները ոչ միայն հասկանալու և ընդունելու, այլև դրանց կրողն ու կենսագործողը դառնալու համար։ 1923 թվականին Ամո-Խարազյանի հետ նա «Կոլեկտիվ թատրոնի» նախաձեռնողն էր, 1928 թվականին՝ Հայաստանի ադրբեջանական թատրոնի հիմնադիրը, հետագայում՝ Երևանում Պատանի հանդիսատեսի և Հայաստանի քրդական թատրոնների հիմնադրման գործի մասնակիցը։ Կազմակերպման գործերի հետ՝ ռեժիսորական աշխատանք, որի հետաքրքիր արտահայտությունն էր «Պաղտասար աղբարի» բեմադրությունը Բանվորական թատրոնում, ապա և Առաջին պետթատրոնում։ Ռեժիսորական գործերի հետ՝ թատերագրությունը, որ ունեցավ այնպիսի արդյունք, ինչպիսին «Շահնամեն» էր։ թատերագրության հետ՝ եռանդուն լրագրող, ակնարկների ու արվեստաբանական հոդվածների հեղինակ[2]։

Նրա լավագույն դերերից են Յագո («Օթելլո»), Բարխուդար («Նամուս»), Սեյրան («Նամուս»), Գիժ Դանիել («Չար ոգի»), Էլիզբարով («Պատվի համար»), Լորենցո («Վենետիկի վաճառականը»), Մակբեթ («Մակբեթ»)։

Նկարահանվել է «Խասփուշ» (Սեիդ), «Քրդեր-Եզդիներ» (Խանո), «Երկու գիշեր» (պրեմիեր-մինիստր) կինոնկարներում։

Վահան Թոթովենցի հետ գրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» ինսցենիրովկան։ 1932 թվականին բեմադրվել է նրա «Սիրելն արվեստ է» պիեսը։ Գրել է «Շահնամե» և «Բանվոր քեռին Արևելքում» (մանկական) պիեսները։ Անհիմն բռնադատվել և գնդակահարվել է 1938 թվականին՝ ստալինյան մաքրագործումների օրերին[3]։

Մ. Ջանանի երկերի մատենագրություն

խմբագրել
  • Շահնամե (դրամա), Երևան, Պետհրատ, 1935 թվական, 158 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 475.
  2. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թվական
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 377-378.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Ջանան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 475