Մարտիրոս Մնակյան
Մարտիրոս Մնացականի Մնակյան (սեպտեմբերի 9, 1837, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - փետրվարի 22, 1920[2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։
Մարտիրոս Մնակյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1837 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 22, 1920[2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ |
Աշխատավայր | Արևելյան թատրոն[1] և Օսմանյան դրամատիկ թատերախումբ[1] |
Կենսագրություն
խմբագրելՄարտիրոս Մնակյանը ծնվել է Կ․Պոլսում, Բալաթ թաղամասում 1837 սեպտեմբերի 9։ Ավարտել է Պոլսի Ներսիսյան դպրոցը։ 1857 թվականից սկսում է խաղալ թատրոնում որպես սիրողական դերասան։
Բեմ է բարձրացել որպես կայացած դերասան 1859 թվականին՝ Կ․ Պոլսում։ Եղել է «Արևելյան թատրոնի» առաջատար դերասաններից (1861-1867). «Արիստոտեմ» պիեսում նրա դերը դարձավ առաջին լուրջ աշխատանքը (1862)։ Ապա խաղում է Վասպրոկանի (Իզմիր) թատրոնում։ Երբ 1864 թվականին նա վերադառնում է Պոլիս սկսում խաղալ ֆրանսիական օպերետներում։ 1866 թվականին Մնակյանը որոշում է ընդմիջել դերասանական գործունեությունը․ այդ ընթացքում ամուսնանում է և տեղափոխվում է Կեսարիա, որտեղ աշխատում է որպես ուսուցիչ։ Նա երկու տարի անց վերադառնում է Պոլիս, և փորձում է շարունակել իր դերասական իր հին խմբերի հետ, բայց այդ խմբերը շուտով լուծարվում են։ Մնակյանը և նրա ընկերները (այդ թվում նաև Գյուլլու Հակոբը) աշխատում են Գեդիկփաշա թատրոնի։ Այստեղ խաղում և ստեղծագործում էին հիմնականում հայեր, և նրանց աշխատանքի շնորհիվ ձևավորվում է օսմանյան թատրոն հասկացությունը։ Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում (1877-1878) Ադրիանապոլիսում օպերաներ և օպերետներ էր բեմադրում։
1872-1879 թվականներին աշխատել է Պետրոս Մաղաքյանի և Հակոբ Վարդովյանի թատրոններում, 1880-1882 թվականներին՝ Թիֆլիսի հայ թատերախմբում։ Կատարել է սալոնային դերեր։ Մելոդրամայի վարպետ էր՝ հոգեբանական ծայրահեղ վիճակների, անսպասելի անցումների ստեղծումով։ 1880 թվականին Մնակյանը զբաղեցնում Օսմանյան թատրոնի (Theater-i Osmani) ղեկավարի պաշտոնը, բայց շուտով նա լքում է այդ թատրոնը։
Դասական խաղացանկում ճանաչում է ստացել բնահատուկ դերերի կատարմամբ՝ Պետրուչիո, Շայլոկ (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վենետիկի վաճառականը»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Վիշնևսկի (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Դոն Ժուան (Մոլիերի «Դոն Ժուան»)։ Առավել հաջողություն է ունեցել ռոմանտիկական դրամաներում՝ Քին (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»)։ 1883-1885 թվականներին Մնակյանը Արշակ Պենկլյանի օպերետային խմբում էր։
1884 թվականին (այլ աղբյուրներում՝ 1882) նա ստեղծում Օսմանյան դրամատիկ թատերախումբ, որտեղ նա տնօրեն, ռեժիսոր և առաջատար դերասան էր։ Այստեղ նա բեմաադրել է մոտ 250 օպերա, պիես և օպերետ։ Թատերախումբը դառնում է ողջ կայսրության մեջ ամենահայտնին, որը և պատճառ է դառնում թուրքական կառավարության հետապնդման համար։ Թատրոնը աշխատում է ընդհատումներով մինչ 1908 թվականը։ Այդպիսի "ընդհատում" է տեղի ունեցել, երբ 1904 Շեհրեմինի Ռիդվան փաշան թատրոնների գործունեությունը ապօրինի է դարձնում, քանի որ այն գլխավորում էին հայերը։
1909 թ․ Մնակյանը միանում է «Tasfiye-i Ahlak» ընկերությանը, իսկ 1912 թվականին ձևավորում է 80 մարդուց կազմված խմբակ։ Նույն 1912 խնջույք է կազմակերպում իր թատերական գործունեության հոբելյանի՝ 50 ամյակի առթիվ։ Մեհմեդ Ռեշադը շնորհում է Մարտիրոսին գիտության շքանշան ("Maarif Nişanı"): 1914 թվականին Մարտիրոսը աշխատել է որպես Օսմանյան ռազմածովային ընկերության Ներկայացուցիչների կոմիտեի գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև աշխատել է որպես Դարուլբեդայի դերասանական վարպետության ուսուցիչ։
1916 թվականին Մարտիրոս Մնակյանը ընդմիշտ լքում է թատրոնը։ 1920 թվականին «Թեմաշա» ամսագրի կողմից ընթերցողներին հարց է ուղղվել, թե 50 տարվա ընթացքում ով է թուրքական թատրոնում ամենանշանակալի դերը կատարել։ Մնակյանը ստացել է ձայների մեծամասնությունը։
Բեմադրել և խաղացել է եվրոպական մելոդրամաներում, թարգմանել է դրանք թուրքերենի, երբեմն նաև հայերեն։ Մնակյանի խումբը պոլսահայ վերջին թատերախումբն էր, որ նպաստել է նաև թուրք արհեստավարժ դրամատիկական թատրոնի զարգացմանը։
Նրա գլխավոր դերերից են՝ Պապ (Մ․ Վանանդեցու «Մեծն Ներսես»), Նեոկլես (Պ․ Մետաստազիոյի «Թեմիստոկլես»), Ռուդոլֆո (Վիկտոր Հյուգոյի «Անջելո»)։
Գրականություն
խմբագրել- Հովհաննիսյան Հ., Մարտիրոս Մնակյան, Երևան, 1969։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 651.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարտիրոս Մնակյան Արխիվացված 2021-12-12 Wayback Machine,
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 651)։ |