Մարիա Դոստոևսկայա
Մարիա Դմիտրիևնա Դոստոևսկայա (ռուս.՝ Мари́я Дми́триевна Достое́вская, ի ծնե՝ Կոնստանտ, առաջին ամուսնությունում՝ Իսաևա, սեպտեմբերի 11 [23], 1824, Տագանրոգ - ապրիլի 15 [27], 1864, Մոսկվա)[2], Ֆեոդոր Դոստոևսկու առաջին կինը։ Ամուսնությունը տևել է 7 տարի։ Մարիա Դոստոևսկայայի բնավորության գծերը և կենսագրության առանձին դրվագներ արտացոլվել են գրողի ստեղծագործությունների մեջ։
Մարիա Դոստոևսկայա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11 (23), 1824[1] |
Ծննդավայր | Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 15 (27), 1864[1] (39 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ռուսաստան |
Ամուսին | անհայտ և Ֆեոդոր Դոստոևսկի |
Ծագում և կրթություն
խմբագրելՄարիա Կոնստանտը ֆրանսիական արմատներ ուներ։ Հայրական կողմի պապը՝ Ֆրանսուա Ժերոմ Ամադեյ դե Կոնստանտը, Ռուսաստան էր տեղափոխվել 1794 թվականին։ Ստանալով ռուսական հպատակություն և Ստեպան անունը՝ նա բնակություն հաստատեց Եկատերինոսլավում։ Այնտեղ որդին՝ Դմիտրին, բավականին հաջող կարիերա սկսեց․ տեղի գիմնազիան ավարտելուց հետո աշխատանքի տեղավորվեց Ազնվական ժողովում, այնուհետև՝ գեներալ Իվան Ինզովի հետևազորի շտաբում[3]։
1820-ական թվականներին Դմիտրի Ստեպանովիչին տեղափոխեցին Տագանրոգ։ Մարիան՝ դուստրերից կրտսերը, նախնական կրթությունն ստացավ Տագանրոգի գիշեօթիկ դպրոցում։ 1838 թվականին՝ մոր մահից հետո, հոր, եղբայրների և քույրերի հետ տեղափոխվեց Աստրախան, որտեղ սկսեց դաստիարակչուհի աշխատել ազնվական օրիորդների ինստիտուտում։ Այն մասին, որ Դմիտրի Կոնստանտի դուստրերը տպավորություն էին թողնում հասարակության մեջ, գրում էր Աստրախանի թերթերից մեկը․ այսպես, ինստիտուտի ավարտական երեկոյին նրանք գերեցին ներկաներին իրենց նվագով և պոեզիայի գերազանց իմացությամբ[3]։ Դմիտրի Ստեպանովիչը սրտաբաց էր, հաճույքով էր հյուրերի ընդունում, որոնց թվում էր նաև Դյումա հայրը, որը 1856 թվականին Պետերբուրգից Աստրախան էր մեկնել։ Դոստոևսկին աներոջն ուղղված նամակներից մեկում հաղորդել է, որ Մարիա Դմիտրիևնան հաճախ է ջերմությամբ հիշել Աստրախանի իրենց տանը տիրող մթնոլորտը, իսկ հոր մասին միշտ խոսել է «անկեղծ սիրով»[4]։
Առաջին ամուսնություն․ Սեմիպալատինսկ
խմբագրելԺամանակակիցները Մարիա Դմիտրիևնային նկարագրում էին որպես բարեկազմ, «բավականին գեղեցիկ» շիկահեր՝ առանձին նշելով նրա «կրակոտությունը, հուզավառվածությունը, աշխուժությունը և զգայունությունը»[5]։ 1846 թվականին նա ամուսնացավ հոր ենթականերից մեկի՝ Մաքսային ծառայության աշխատակից 24-ամյա Ալեքսանդր Իսաևի հետ․ մեկ տարի անց ծնվեց որդին՝ Պավելը[6]։ 1850-ական թվականներից ընտանիքն սկսեց ճանապարհորդել․ սկզբում Մարիա Դմիտրիևնան որդու հետ մեկնեց ամուսնու ետևից Պետրոպավլովսկ, այնուհետև՝ Սեմիպալատինսկ, ավելի ուշ՝ Կուզնեցկ[7]։
1854 թվականի գարնանը Սեմիպալատինսկ ժամանած Դոստոևսկին Իսաևների հետ ծանոթացավ փոխգնդապետ Բելիխովի տանը։ Այդ ժամանակ Ալեքսանդր Իվանովիչը ծանոթների շրջանում այլևս խոստումնալից կարիերա ունեցող մտավորականի համբավ չուներ։ Եղբորն ուղղված նամակում Ֆեոդոր Միխայլովիչն ասում էր, որ իր նոր ծանոթը՝ ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով կորցրել է պաշտոնը, «ընկել ընդհանուր կարծիքով», ընտանիքը չքավորության մեջ է․ «Իմիջիայլոց, նա ուժեղ զարգացած, բարի անձնավորություն էր»[8]։ Կարեկցելով Իսաևին և հարբեցողության հակվածությունը բացատրելով վերջինիս աշխատանքային խնդիրներով՝ Ֆեոդոր Միխայլովիչը միևնույն ժամանակ խոստովանում էր, որ «ոչ թե ինքն է գերում ինձ, այլ նրա կինը՝ Մարիա Դմիտրիևնան»[8]։
Այս տիկինը՝ դեռ երիտասարդ, 28 տարեկան, գեղեցիկ է, շատ կրթված, խելացի, բարի, սիրալիր, նազանի, բարեհոգի։ Նրան բաժին ընկած ճակատագիրը նա տանում էր հպարտ, անտրտունջ, աշխատում էր որպես ծառա, խնամում ամուսնուն, ում ընկերը լինելով շատ էի խրատներ տալիս, և փոքրիկ որդուն[5]։ - Ֆ․ Դոստոևսկի
|
1854 թվականի աշնանը Սեմիպալատինսկ ժամանեց ներշրջանային դատախազը՝ Ալեքսանդր Վրանգելը, որը հետագայում գրել է հուշեր Դոստոևսկու՝ Սիբիրում գտնվելու մասին։ Հետևելով Ֆեոդոր Միխայլովիչի և Մարիա Դմիտրիևնայի հարաբերությունների զարգացմանը՝ Վրանգելը նշել է, որ Իսաևայի կողմից ավելի շատ խղճմտանք կար «դժբախտ, ճակատագրի կողմից ծեծված մարդու» հանդեպ, քան անկեղծ զգացմունք, մինչդեռ Դոստոևսկին «սիրահարվել էր ամբողջ հոգով»[9]։
Տեղափոխվելը Կուզնեցկ
խմբագրել1855 թվականի գարնանը Իսաևները տեղափոխվեցին Կուզնեցկ, որտեղ Ալեքսանդր Իվանովիչին հաջողվեց աշխատանքի անցնել մաքսային բաժանմունքներից մեկում։ Ալեքսանդր Վրանգելի վկայությամբ, որը Դոստոևսկու հետ ընտանիքին ճանապարհել էր, Ֆեոդոր Միխայլովիչը ծանր էր տարել բաժանումը, իսկ հրաժեշտի պահին «երեխայի պես լացում էր»[10]։ Նա Կուզնեցկ երկար նամակներ էր ուղարկում, որոնցում հիանում էր Մարիա Դմիտրիևնայի «կանացի սրտով և անսահման բարությամբ»․ վերջինս ի պատասխան գրում էր, որ ոչ մեծ գավառական քաղաքում իրենց կյանքը դժվար է, ընտանիքը նախկինի պես չքավորության մեջ է[11]։ Օգոստոսին Իսաևայից նամակ եկավ՝ ամուսնու մահվան մասին[12]․ այս նորությունը Դոստոևսկին ցավով ընդունեց․ Վրանգելին ուղղված նամակում նա խոստովանեց, որ «տանջահար է եղել»[13]։
Դոստոևսկին առաջարկություն արեց Մարիա Դմիտրիևնային, սակայն վերջինս չէր շտապում պատասխանել։ Այդ ժամանակաշրջանում այրին հրապուրված էր տեղի ուսուցիչ Նիկոլայ Վերգունովով, որն իր որդուն՝ Պավելին, նկարչության դասեր էր տալիս, իսկ ինքն էլ Իսաևայից՝ ֆրանսերենի դասեր առնում։ Վրանգելի հիշելով՝ Ֆեոդոր Միխայլովիչը, կարդալով Կուզնեցկից եկած նամակները, որտեղ խոսվում էր Մարիա Դմիտրիևնայի նոր ծանոթի «բարձր հոգու» մասին, «տանջվում էր խանդից, սարսափելի էր նայել նրա մռայլ տրամադրությանը»[14]։
Երկրորդ ամուսնություն
խմբագրելԴոստոևսկու հետ ամուսնանալու համաձայնությունը Մարիա Դոստոևսկին տվեց 1856 թվականի աշնանը[15]։ Ֆեոդոր Միխայլովիչը, հարսանեկան ծախսերի համար ծանոթներից մեծ գումար պարտք վերցնելով և ղեկավարությունից 15 օր արձակուրդ ստանալով, մեկնեց Կուզնեցկ։ Պսակադրությունը տեղի ունեցավ 1857 թվականի փետրվարի 6-ին Օդիգիտրիևսկի եկեղեցում․ հարսնացուի կողմից վկաներից մեկը ուսուցիչ Վերգունովն էր[16]։ Այնուհետև ընտանիքն ուղևորվեց Սեմիպալատինսկ։ Դոստոևսկու կենսագիրները նշել են, որ ճանապարհին մի դեպ պատահեց, որը ցնցեց Մարիա Դմիտրիևնային․ Բարնաուլում գրողն էպիլեպսիայի նոպա ունեցավ։ Ավելի ուշ եղբորն ուղղված նամակում Ֆեոդոր Միխայլովիչը հաղորդել է․
Բժիշկն ինձ ասաց, որ ի տարբերություն բժիշկների նախկին արձագանքների, ինձ մոտ իսկական ընկնավորություն է․․․ Ամուսնանալով, ես լիովին հավատում էի բժիշկներին, որոնք հավաստիացնում էին, որ դրանք ուղղակի նյարդային ցնցումներ են, որոնք կանցնեն կենսակերպի փոխելուց հետո։ Եթե ես հաստատ իմանայի, որ ինձ մոտ իսկական ընկնավորություն է, չէի ամուսնանա[17]։ |
Ձևականորեն ամուսնական հարաբերությունները 7 տարի տևեցին, սակայն փաստացի համատեղ կյանքը երկար չտևեց․ Սեմիպալատինսկից վերադառնալուց հետո Դոստոևսկին և Մարիա Դմիտրիևնան հիմնականում առանձին էին ապրում․ ոչ միայն առանձին տներում, այլև երբեմն առանձին քաղաքներում[18]։ 1862 թվականին՝ իր առաջին արտասահմանյան ուղևորությանը գրողը մեկնեց առանց կնոջ։ Կնոջ բացակայությունը նա բացատրեց մեծացած Պավելին Պետերբուրգում խնամելու անհրաժեշտությամբ, որը պետք է պատրաստվեր գիմնազիայի քննություններին[19]։
Հիվանդություն և մահ
խմբագրել1860-ական թվականների սկզբին Մարիա Դմիտրիևնայի մոտ պալարախտի ախտանիշներ հայտնաբերվեցին։ Դոստոևսկին կնոջը Պետերբուրգից Վլադիմիր բերեց, նրա համար խնամողներ գտավ[20]։ Գրողը հույս ուներ, որ կլիմայի փոփոխությունը կբարելավի նրա վիճակը։ Սակայն 1863 թվականի աշնանն արդեն պարզ էր, որ Մարիա Դմիտրիևնային չէր կարելի որակավորված բժիշկներից հեռու գտնվել։ Նոյեմբերին Ֆեոդոր Միխայլովիչը կազմակերպեց նրա տեղափոխումը Մոսկվա[21]։ Դոստոևսկու կենսագիր Լյուդմիլա Սարասկինայի խոսքերով՝ նրա նամակները՝ թվագրված 1863 թվականի ձմռան վերջ և 1864 թվականի գարնան սկիզբ, հիշեցնում էին հիվանդանոցային պատմագրեր, որտեղ արձանագրվում էր 39-ամյա կնոջ հիվանդության պատմությունը[22]։
Մարիա Դմիտրիևնան վաճխանվեց ապրիլի 15-ին ամուսնու և քույրերից մեկի ներկայությամբ․ որդին՝ Պավելը, Ֆեոդոր Միխայլովիչից հեռագիր ստանալուն պես, մեկնեց Պետերբուրգից մոր թաղմանը[23]։ Ալեքսանդր Վրանգելին կնոջ վերջին օրերի մասին պատմելիս գրողը խոստովանել է․ «Նա անսահման սիրում էր ինձ, ես նույնպես անչափ սիրում էի նրան, սակայն մենք երջանիկ չէինք միասին․․․ Նա ամենաազնիվ, վեհանձն և բարեհոգի կինն է, որ երբևէ ճանաչել եմ իմ կյանքում»[24]։
Մարիա Դմիտրիևնան Դոստոևսկու ստեղծագործություններում։ Հուշեր
խմբագրելՈւսումնասիրողների կարծիքով Դոստոևսկու ստեղծագործություններում և կերպարներում արտացոլված են Մարիա Դմիտրիևնայի առանձին գծեր և նրա կյանքի որոշ դրվագներ։ Օրինակ՝ նրա առաջին ամուսինը՝ Ալեքսանդր Իսաևը, դարձավ «Ոճիր և պատիժ» վեպի հերոսներից մեկը՝ տիտղոսակիր խորհրդական Սեմյոն Մարմելադովը[13]։ Նրա կնոջ՝ Կատերինա Իվանովնայի՝ Ազնվական օրիորդների ինստիտուտի դաստիարակչուհու կերպարում, որն ավարտական երեկոյին պարում էր նահանգի ամենահայտնի մարդկանց հիացական հայացքների ներքո, իսկ հետո էլ ստիպված էր ապրել ծանր աղքատության մեջ «հեռավոր մի գավառում», ըստ գրականագետ Կոնստանտին Մոչուլսկու, կարելի է տեսնել Մարիա Դմիտրիևնայի կենսագրությունը։ Բացի այդ նրա պատմությունը մասամբ արտացոլված է «Նետոչկա Նեզվանովա» վիպակի «կրակոտ և անձնազոհ» կնոջ կերպարում[25]։
Լյուդմիլա Սարասկինան յուրօրինակ անվանականչ գտավ իրական սիրային պատմության (Մարիա Դմիտրիևնա, ուսուցիչ Վերգունով և Դոստոևսկի) և «Ստորացվածները և վիրավորվածները» վեպի կերպարներից մեկի միջև[26]։ Ֆեոդոր Միխայլովիչի առաջին կնոջ հոգեկան որակներն արտացոլված են այդ վեպի հերոսուհու՝ Նատաշա Իխմենյովայի կերպարում, ինչպես նաև «Քեռու երազը» վիպակի Զինաիդա Մոսկալյովայի կերպարում[27]։
Ժամանակակիցները քիչ հուշեր չեն թողել Մարիա Դմիտրիևնայի մասին։ Այսպես, աշխարհագրագետ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին, որը հանդիպել է Դոստոևսկուն Սիբիրում, նրա կնոջ մասին խոսել է, որպես «Սեմիպալատինսկի հասարակության ամենակրթված և ինտելիգենտ կանանցից մեկը»։ Գիտնական Չոկան Վալիխանովը, որը գրողի մտերիմներից էր, Մարիա Դմիտրիևնայի մեջ առանձնացնում էր «հմայքը, խելքը և բարությունը»[28]։ Դոստոևսկու երկրորդ կինը՝ Աննա Գրիգորևնան, գրել է, որ իր ներկայությամբ Ֆեոդոր Միխայլովիչը միայն մեկ անգամ է պատմել իր առաջին ամուսնության մասին․
Հիշում էր տաժանավայրի մասին և թե որքան է տանջվել նրա հետ անցկացրած 4 տարիների ընթացքում։ Պատմում էր Մարիա Դմիտրիևնայի հետ ամուսնությունում այդքան ցանկալի երջանկություն գտնելու մասին, որը, ցավոք, չիրականացավ․ Մարիա Դմիտրիևնայից երեխաներ չուներ, իսկ նրա տարօրինակ, կասկածամիտ, հիվանդագին-անհավանական բնավորության պատճառով Ֆեոդորը նրա հետ երջանիկ չէր[29]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 fedordostoevsky.ru (ռուս.)
- ↑ Белов, 2001, էջ 250
- ↑ 3,0 3,1 Сараскина, 2013, էջ 286
- ↑ Сараскина, 2013, էջ 287
- ↑ 5,0 5,1 Сараскина, 2013, էջ 288
- ↑ Сараскина, 2013, էջ 284
- ↑ Белов, 2001, էջ 347
- ↑ 8,0 8,1 Сараскина, 2013, էջ 285
- ↑ Врангель А. Е. Воспоминания о Достоевском в Сибири. 1854—56 гг. — СПб.: Типография А. С. Суворина, 1912. — С. 38—39.
- ↑ Белов, 2001, էջ 252
- ↑ Сараскина, 2013, էջ 293
- ↑ Сараскина, 2013, էջ 295
- ↑ 13,0 13,1 Белов, 2001, էջ 348
- ↑ Белов, 2001, էջ 141
- ↑ Белов, 2001, էջ 253
- ↑ Селезнёв, 1981, էջ 185
- ↑ Мочульский, 1980, էջ 134
- ↑ Белов, 2001, էջ 254
- ↑ Сараскина, 2013, էջ 356
- ↑ Сараскина, 2013, էջ 370
- ↑ Сараскина, 2013, էջ 385
- ↑ Сараскина, 2013, էջ 386
- ↑ Сараскина, 2013, էջ 388
- ↑ Сараскина, 2013, էջ 389
- ↑ Мочульский, 1980, էջ 135
- ↑ Сараскина, 2013, էջ 352
- ↑ Кэнноскэ Накамура. Словарь персонажей произведений Ф. М. Достоевского. — СПб.: Гиперион, 2011. — С. 114. — ISBN 978-5-89332-178-4
- ↑ Сараскина, 2013, էջ 289
- ↑ Достоевская, 1987, էջ 201
Գրականություն
խմբագրել- Белов С. В. Энциклопедический словарь «Ф. М. Достоевский и его окружение». — СПб.: Алетейя: Российская национальная библиотека, 2001. — Т. 1. — ISBN 5-89329-380-0
- Сараскина Л. И. Достоевский. — М.: Молодая гвардия, 2013. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03595-9
- Мочульский К. В. Достоевский. Жизнь и творчество. — Париж: Ymca-Press, 1980.
- Селезнёв Ю. И. Достоевский. — М.: Молодая гвардия, 1981. — (Жизнь замечательных людей).
- Достоевская А. Г. Воспоминания. — М.: Правда, 1987.