Մարթա Հիլլ
Մարթա Հիլլ (անգլ.՝ Martha Hill, դեկտեմբերի 1, 1900[1], Իսթ Փալեստայն, Կոլումբիանայի շրջան, Օհայո, ԱՄՆ[2] - նոյեմբերի 19, 1995[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[3], պատմության մեջ ամենաազդեցիկ ամերիկացի պարուսույցներից մեկը։ Նա Ջուլիարդի դպրոցի պարարվեստի առաջին տնօրենն է եղել և այդ պաշտոնը զբաղեցրել է գրեթե 35 տարի։
Մարթա Հիլլ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1900[1] |
Ծննդավայր | Իսթ Փալեստայն, Կոլումբիանայի շրջան, Օհայո, ԱՄՆ[2] |
Մահացել է | նոյեմբերի 19, 1995[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | պարուհի, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, պարուսույց և դաստիարակ |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան, Մշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց, Ջուլիարդ դպրոց և Օրեգոնի համալսարան |
Վաղ տարիներ
խմբագրելՀիլլը ծնվել է Օհայո նահանգի Իսթ Փալեստայն քաղաքում։ Նա հաճախել է Բաթլ Քրիկի (Միչիգան) ֆիզիկական դաստիարակության մանկավարժական քոլեջ (Normal School of Physical Education), որն ավարտել է 1920 թվականին։ Նա ստանձնել է պարուսույցի պաշտոնը, դասավանդելով բալետ և շվեդական մարմնամարզություն հաջորդ երեք տարիների ընթացքում։ 1923 թվականին նա աշխատանքի է ընդունվել որպես պարուսույց Կանզաս նահանգի ուսուցիչների քոլեջում։ Հիլլն այնտեղ դասավանդել է երեք տարի՝ 1926 թվականին տեղափոխվելով Նյու Յորք։
Գործունեություն
խմբագրելՆյու Յորք ժամանելուց հետո նա սովորել է տարբեր պարուսույցների մոտ, որոնցից առանձնապես երկարատև ազդեցություն է ունեցել Մարթա Գրեհեմը։ Նա աշխատանքի է ընդունվել 1927 թվականին որպես պարարվեստի ասիստենտ Օրեգոնի համալսարանում, որտեղ նրա ուսանողներից է եղել Բեսսի Շոնբերգը։
1929 թվականին Հիլլը բավականաչափ գումար էր կուտակել՝ Նյու Յորք վերադառնալու համար։ Նա միացել է Martha Graham Dance Company-ին, ավարտել է Կոլումբիայի համալսարանի Ուսուցիչների քոլեջի BS աստիճանը և սկսել է դասավանդել ավագ դպրոցի աշակերտներին Լինքոլնի ուսուցիչների քոլեջում։ 1930 թվականին Նյու Յորքի համալսարանում (NYU) կրթության դպրոցի ֆիզիկական դաստիարակության բաժնում սկսել է դասավանդել՝ շուտով դառնալով պարարվեստի տնօրեն։ 1931 թվականին դասավանդման ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով Հիլլը դժկամությամբ, բայց թողել է Martha Graham Dance ընկերությունը։ 1932 թվականին Հիլլը աշխատանքի է ընդունվել նոր Բենինգթոնի քոլեջում (Վերմոնտ), որպես պարային բաժնի նախագահ։ Նա զբաղեցրել է պաշտոնները Նյու Յորքի համալսարանում և Բենինգթոն քոլեջում միաժամանակ մինչև 1951 թվականը։
1934 թվականի ամռանը Հիլլը նախաձեռնել է ամառային պարի փառատոն Բենինգթոնի քոլեջի համալսարանում, որը կոչվում էր «Բենինգթոնի պարի դպրոց», որը գործեց մինչև 1942 թվականը` 1939 թվականին Միլս քոլեջում կարճատև ընդմիջումով։ Դասախոսական կազմի հիմնական անդամներն էին Դորիս Համֆրի, Մարթա Գրեհեմ, Չարլզ Վեյդմանը և Հանյա Հոլմը։
Հիլլը ստացել է իր մագիստրոսի կոչումը Նյու Յորքի համալսարանում 1941 թվականին։ 1948 թվականին նա Կոնեկտիկուտ քոլեջում ստեղծել է պարի դպրոց՝ այն անվանելով «Կոնեկտիկուտ քոլեջի պարի դպրոց»։ Նոր ամառային փառատոնում աշխատանքի են ընդունվել Բենինգթոնի փառատոնի նույն ուսուցիչներից/պարուսույցներից շատերը։ Հիլլը եղել է փառատոնի համատնօրենը մինչև 1952 թվականը։ Փառատոնը հետագայում վերանվանվել է Ամերիկյան պարի փառատոն և ներկայումս գտնվում է Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանում։
1951 թվականին Ջուլիարդ դպրոցի նախագահ, կոմպոզիտր Ուիլյամ Շումանը վարձել է Հիլլին՝ որպես պարարվեստի առաջին տնօրեն[3]։ Շումանը և Հիլլը ունեին համարձակ նոր հայեցակարգ՝ ստեղծելու պարողների համար մարզադաշտ, որը հավասարապես բաժանված լիներ բալետի և ժամանակակից պարերի միջև։
Հիլլը Ջուլիարդի պարային տնօրեն է եղել մինչև 1985 թվականը՝ պարողների սերունդներին վարժեցնելով տեխնիկայի և արտիստիկայի ամենաբարձր մակարդակին։ Նա շարունակել է դասավանդել Ջուլիարդում ևս մի քանի տարի տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո։
Նրա աշակերտներից էին Փոլ Թեյլորը, Մյուրիել Թոփազը, Պինա Բաուշը, Դանիել Լյուիսը, Լար Լյուբովիչը, Անի Ուդովիչը, Յասուկո Տոկունագան, Դենիս Նահատը, Լինդա Քենթը, Դադլի Ուիլյամսը, Բրյուս Մարքսը, Մերսեդես Էլինգթոնը, Հ.Տ. Չեն, Մարթա Քլարկ, Սյուզան Մարշալ, Սիլվիա Ուոթերս, Լենս Վեսթերգարդ, Ջենի Քուգան, Ռոբերտ Գարլենդ, Մարկ Հայմ, Բիբե Նոյվիրթ, Փոլ Դենիս, Լիզ Ջերինգ, Հենինգ Ռուբսամ, Վերնոն Սքոթ, Ջանեթ Էյլբեր, Մեգանբե Ուիլյամս, Էլիզա Ռեբեկա Ստենը, Ռեբեկա Լազիերը և Սթենլի Լավը։
Անձնական կյանք և մահ
խմբագրելՀիլլը 1952 թվականին ամուսնացել է դոկտոր Թերսթոն Դեյվիսի հետ, որը մահացել է 1961 թվականին։
Մարթա Հիլլը մահացել է 1995 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի Բրուքլինի Հայթս միկրոշրջանում գտնվող իր տանը՝ իր 95-ամյակից երկու շաբաթ առաջ։
Ժառանգություն
խմբագրելՆրա մասին «Միսս Հիլլ. պարը կարևոր դարձնելը» (Miss Hill: Making Dance Matter) վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որի ռեժիսորն է Գրեգ Վանդեր Վիրը։ Այն արտադրվել է Մարթա Հիլլ պարային հիմնադրամի կողմից։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Նյու Յորքի Dance on Camera փառատոնում 2014 թվականին[4][5][6]։
2001 թվականից Ջուլիարդը շնորհում է Մարթա Հիլլ Կյանքի ձեռքբերումների մրցանակ (Martha Hill Lifetime Achievement Award). արձանիկի հեղինակն Հորթենս Զերան[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 https://archives.nypl.org/dan/18517#overview
- ↑ 3,0 3,1 Clarke, Mary (1995 թ․ նոյեմբերի 30). «Martha Hill: Teaching America to dance». The Guardian. էջ 26.
- ↑ Miss Hill: Making Dance Matter First Run Features
- ↑ «Dance on Camera 2014». Dance Films Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Review: Miss Hill: Making Dance Matter @ Glasgow Film Theatre». The Wee G.
- ↑ «Martha Hill Awards | Martha Hill Dance Fund, Ltd». Martha Hill Dance (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
Գրականություն
խմբագրել- McPherson, Elizabeth M. (2013), The Bennington School of the Dance: A History in Writings and Interviews, McFarland, ISBN 9780786474172
- Elizabeth McPherson. Contributions of Martha Hill to American Dance and Dance Education, 1900-1995, Edwin Mellen Press, 2008.
- Janet Mansfield Soares, Martha Hill and the Making of American Dance Wesleyan University Press, 2009.