Մարգարեթ Դանիացի (Շոտլանդիայի թագուհի)
Մարգարեթ Դանիացի (հունիսի 23, 1456, Կոպենհագեն, Կալմարյան ունիա - հուլիսի 14, 1486, Ստիրլինգ ամրոց, Շոտլանդիայի թագավորություն), նաև հայտնի որպես Մարգարեթ Նորվեգացի, Շոտլանդիայի թագուհի 1469 -1486 թվականների ընթացքում, թագավոր Ջեյմս III-ի կինը։ Եղել է Դանիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի թագավոր Քրիստիան I-ի ու Դորոթեա Բրանդենբուրգցու դուստրը։
Մարգարեթ Դանիացի | |
---|---|
Ծնվել է՝ | հունիսի 23, 1456 |
Ծննդավայր | Կոպենհագեն, Կալմարյան ունիա |
Մահացել է՝ | հուլիսի 14, 1486 (30 տարեկան) |
Վախճանի վայր | Ստիրլինգ ամրոց, Շոտլանդիայի թագավորություն |
Cambuskenneth Abbey | |
Երկիր | Դանիա |
Տոհմ | Օլդենբուրգներ |
ազնվական | |
Հայր | Քրիստիան I |
Մայր | Dorothea of Brandenburg? |
Երեխաներ | Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)[1], James Stewart, Duke of Ross?[2] և John Stewart, Earl of Mar?[2] |
Կյանք
խմբագրելՄարգարեթը ծնվել է Դանիայում․ Դանիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի թագավոր Քրիստիան I-ի ու թագուհի Դորոթեայի դուստրն էր։ Շատ բան հայտնի չէ նրա դաստիարակության մասին։ Երբ նա դեռ չորս տարեկան չկար, խոսակցություններ էին շրջանառվում Շոտլանդիայի արքայազն Ջեյմսի հետ նրա ամուսնության մասին[3]։ 1468 թվականին Մարգարեթը նշանադրվել է Ջեյմսի հետ, որպեսզի դադարեցվի Հեբրիդյան կղզիների ու Մեն կղզու հարկագանձման հետ կապված Շոտլանդիայի պարտքի պատճառով Դանիայի հետ առաջացած թշնամությունը։ Ամուսնությունը կազմակերպվել է Ֆրանսիայի թագավոր Կառլ VII-ի խորհրդով։ 1469 թվականի հուլիսին, 13 տարեկան հասակում նա Հոլիրուդ վանքում ամուսնացել է Ջեյմս III-ի հետ։ Ամուսնությամբ չեղարկվել է Շոտլանդիայի ամբողջ պարտքը[3]։
Թագուհուն հատկացվել է շոտլանդական օրենքով թույլատրվող ամենամեծ կալվածքը։ Նա հետաքրքրվում էր հագուստներով ու զարդեղենով, միշտ կրում էր իր ժամանակի ամենանորաձև զգեստները[4]։ Իր որդի Ջեյմսին սովորեցրել է խոսել դանիերեն, դարձել է սիրված թագուհի Շոտլանդիայում ու նկարագրվել որպես գեղեցիկ, մեղմ ու խելամիտ կին[5]։ Շատ տարիներ անց պատմաբանները նրան ավելի բարձր են գնահատել, քան իր ամուսնուն։
Մարգարեթի ու Ջեյմս III-ի միջև հարաբերությունը չէր կարելի երջանիկ համարել։ Նա շատ չէր սիրում իր ամուսնուն ու շփվում էր նրա հետ միայն սերունդ ունենալու համար, թեև հարգում էր նրան որպես միապետ[4]։ Նրանց օտարացման պատճառներից մեկն այն էր, որ Ջեյմսն իրենց երկրորդ որդուն գերադասում էր ավագից[4]։ 1476 թվականին Ջեյմսը որոշել էր Ռոսի կոմսությունը հանձնել երկրորդ որդուն ու դավաճանության մեջ մեղադրել է Ռոսի կոմս Ջոն ՄաքԴոնալդին։ Վերջինս դատել են պառլամենտի առաջ, բայց Մարգարեթի խնդրանքով նրան թույլատրվել է մնալ պառլամենտի լորդ[4]։ 1482 թվականի ճգնաժամի ընթացքում, երբ Ջեյմս III-ին իր եղբայրը մի քանի ամսով հեռացրել էր իշխանությունից, Մարգարեթն ավելի մեծ ուշադրություն էր դարձնում իր զավակների բարեկեցությանը, քան իր ամուսինը, որն էլ հանգեցրել է նրանց միջև հարաբերությունների վերջնական սառեցման[4]։ Քաղաքականապես նա ջանքեր էր գործադրում, որպեսզի իր ամուսինը որպես միապետ վերկանգնվի իշխանության[4], սակայն 1482 թվականի ճգնաժամից հետո զույգն անջատ էր ապրում․ Ջեյմս III-ն ապրում էր Էդինբուրգում, թագուհին նախընտրել էր իր երեխաների հետ բնակվել Ստեռլինգ ամրոցում[4]։
Մահ
խմբագրելՄարգարեթը մահացել է Ստեռլինգ ամրոցում 1486 թվականի հուլիսի 14-ին, հիվանդությունից հետո, ու հուղարկավորվել է Քամբուսկենեթ վանքում[6]։ 1488 թվականին Ջեյմս III-ի մահից հետո նրան թաղել են Մարգարեթի մոտ։ Վանքը մեծի մասամբ վերածվել է ավերակների, բացի զանգակատունը, որն այսօր էլ կանգուն է։ Գերեզմանը ցանկապատվել ու վերականգնվել է 1865 թվականին Մարգարեթի շառավիղ թագուհի Վիկտորիայի կողմից[7]։
Մարգարեթի որդու կողմից ներկայացվում էր մի պատմություն, համաձայն որի Մարգարեթին թունավորել է Բոթվելի 1-ին լորդ Ջոն Ռամզեյը, որը ղեկավարում էր քաղաքական խմբակցություններից մեկը[5]։ Սակայն քանի որ թագուհու մահից հետո էլ արքայական ընտանիքում Ռամզեյին շարունակում էին բարեհաճությամբ վերեբերվել, այս փաստը կասկածի տեղիք է տալիս ու կարող է զրպարտություն լինել, չնայած կոմսն ունեցել է որոշ գիտելիք թույների վերաբերյալ[5]։
Հաղորդվում է, որ Ջեյմս III-ը սգում էր Մարգարեթի մահը և Հռոմի պապին աղերսագիր է ուղարկել նրան սրբադասելու խնդրանքով։
Զավակներ
խմբագրել- Ջեյմս IV (17 մարտի, 1473 թ․ – 9 սեպտեմբերի, 1513 թ․)
- Ջեյմս Ստյուարտ, Ռոսսի դուքս (մարտ, 1476 թ․ – հունվար, 1504 թ․)
- Ջոն Ստյուարտ, Մառի կոմս (դեկտեմբեր, 1479 թ․ – 1503 թ․).
Պատկերասրահ
խմբագրել-
Թագավոր Ջեյմս III-ը և թագուհի Մարգարեթը 1562 թվականին տպագրված Ֆրոմենի զինանշանների գրքում
-
Գունավոր ապակիով պատուհան Ստեռլինգ ամրոցի մեծ դահլիճում։ Մեծ դահլիճը կառուցվել է թագուհի Մարգարեթի որդու՝ թագավոր Ջեյմս IV-ի կողմից
-
Թագուհի Մարգարեթի ավելի ուշ շրջանի դիմապատկեր՝ հիմնված Հուգո վան դեր Գուսի դիմանկարի վրա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kindred Britain
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 «Margaret of Denmark, Queen of Scots». The Freelance History Writer (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Elizabeth Ewan, Sue Innes and Sian Reynolds: The Biographical Dictionary of Scottish Women
- ↑ 5,0 5,1 5,2 «121 (Dansk biografisk Lexikon / XI. Bind. Maar - Müllner)». Runeberg.org. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Henderson, 1893
- ↑ Grave inscription of King James III
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Դանիացի (Շոտլանդիայի թագուհի)» հոդվածին։ |
Նախորդող՝ Մերի Գուելդերս |
Շոտլանդիայի թագուհի 1469–1486 |
Հաջորդող՝ Մարգարիտ Թյուդոր |