Մատյաշի եկեղեցի (հունգ.՝ Mátyás-templom), կաթոլիկ եկեղեցի Բուդապեշտում։ Մտնում է Բուդայի ամրոցի համալիրի մեջ։ Կառուցվել է 14-րդ դարի երկրորդ կեսին ուշ գոթիկայի շքեղ ոճով։ Զգալիորեն վերանորոգվել է 19-րդ դարում։

Մատյաշի եկեղեցի
հունգ.՝ Mátyás-templom
Հիմնական տվյալներ
Տեսակծխական եկեղեցի, տաճար և կաթոլիկ եկեղեցի
ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՏեղագրությունԲուդապեշտի I շրջան[2] և Բուդապեշտ[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմMilitary Ordinariate of Hungary? և Roman Catholic Archdiocese of Esztergom-Budapest?
Հիմնական ամսաթվերը1255
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄատյաշ Հունյադի
ՃարտարապետFrigyes Schulek?[1]
ՀիմնադիրԲելա IV
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն և Նեոգոթիկա
Հիմնադրված1255
Քարտեզ
Քարտեզ
 Matthias Church (Budapest) Վիքիպահեստում
matyas-templom.hu(գերմ.)(անգլ.)(հունգարերեն)

Ընդհանուր նկարագրություն

խմբագրել
 
Տեսքը վերևից

Մատյաշի եկեղեցին գտնվում է Բուդայի բլրի վրա՝ Սուրբ Երրորդության հրապարակի (հունգ.՝ Szentháromság tér) և Ձկնորսական աշտարակի միջև։ Եկեղեցու գլխավոր ճակատամասն ուղղված է արևմուտք և դուրս է գալիս Սուրբ Երրորդության հրապարակ։

Եկեղեցին կառուցված է Բուդապեշտի ճարտարապետությանը ոչ բնորոշ գոթական ոճով։ Հատակագիծը ոչ կանոնավոր ուղղանյուն ձև ունի՝ դուրս եկած աբսիդներով։ Գլխավոր ճակատամասի կենտրոնական հատվածում դարպասներն են, որոնցից վերև վարդակ պատուհանն է։ Հարավարևմտյան անկյունում հառնում է զանգակատունը՝ 80 մ բարձրությամբ․ այն Բուդայի ամրոցի ամենաբարձր շինությունն է։ Հյուսիսային կողմում գլխավոր ճակատամասն ավարտվում է Բելա արքայի աշտարակով։ Եկեղեցու ևս մեկ մուտք կա հարավային պատի պորտալում։ Մատյաշի եկեղեցին եռանավ է, ունի կողմնային շատ կապելլաներ։ Կենտրոնական նավն առանձնացված է եռաշարք զանգվածային սյուներով։ Եկեղեցու տանիքը ծածկված է Պեչ քաղաքի նշանավոր «Ժոլնաի» ֆաբրիկայի կղմինդրով։

Պատմություն

խմբագրել

Եկեղեցական ավանդույթի համաձայն՝ այս տեղում 1015 թվականին Իշտվան I-ը կառուցել է ռոմանական եկեղեցի, որն օծվել է սուրբ Մարիամ Աստվածածնի անունով[3]։ Այս եկեղեցին խոնարհվել է 1242 թվականին մոնղոլական արշավանքների արդյունքում[4][5][6]։ Մոնղոլներից ազատագրվելուց հետո Բելա IV արքան բլրի վրա սկսել է կառուցել նոր եկեղեցի։ Շինարարությունն ընթացել է 1250-1270 թվականներին։ Երբ 14-րդ դարի երկրորդ կեսին Բուդան մայրաքաղաքի կարգավիճակ է ստացել, անհրաժեշտություն է առաջացել վերակառուցելու նրա գլխավոր եկեղեցին։ Լյուդովիկոս I Մեծի օրոք Մարիամ Աստվածածնի եկեղեցին վերակառուցվել ու ընդարձակվել է։ Եկեղեցին ևս մեկ մեծ փոփոխության է ենթարկվել Մատյաշ Հունյադիի կառավարման շրջանում․ արքան երկու անգամ օծվել է այս եկեղեցում, նրա օրոք է կառուցվել զանգակատունը։ Մատյաշ Հունյադիի կառավարման շրջանից եկեղեցին հայնտի է դարձել «Մատյաշի եկեղեցի» անվանումով, քանի որ հենց այդ արքայի օրոք է եկեղեցին էականորեն վերափոխվել։

1526 թվականին Բուդան գրավել են թուրքերը՝ կողոպտելով ու այրելով այն։ Այդ ժամանակ եկեղեցուն զգալի վնաս է հասցվել։ Երբ 1541 թվականին երկրորդ անգամ եկեղեցին մզկիթի է վերածվել, խորանն ու զարդարանքները քանդվել են, պատերը՝ սպիտակ ներկվել[7]։ 145 տարի այն եղել է Բուդայի գլխավոր մզկիթը։

1686 թվականին Բուդան գրավել են Սրբազան դաշինքի զորքերը։ 1686 թվականին Բուդայի պաշարման ժամանակ եկեղեցական ավանդություններում նշվում է սուրբ Մարիամ Աստվածածնի արձանի հրաշալի հայտնության մասին։ Ավանդության համաձայն՝ հրետանային գնդակոծման ժամանակ քանդվել է եկեղեցու պատերից մեկը և ի հայտ է եկել Աստվածածնի այնտեղ գաղտնի պահված արձանը։ Արձանի հրաշափառ հայտնությունը հենց այնտեղ աղոթող թուրքերի աչքի առաջ կոտրել է նրանց ոգին, և քաղաքը նույն օրը հանձնվել է[8][9]։ 1686 թվականին եկեղեցին դարձել է ֆրանցիսկյան, իսկ ավելի ուշ՝ ճիզվիտական[10]։ Թուրքական լծից ազատագրվելուց հետո փորձեր են արվել եկեղեցին բարոկկո ոճով վերանորոգելու, սակայն արդյունքն անհաջող է եղել։ Եկեղեցին աստիճանաբար անկում է ապրել։

1874-1896 թվականներին եկեղեցու շենքը մեծ ձևափոխության է ենթարկվել ճարտարապետ Ֆրիդյեշ Շուլեկի գլխավորությամբ։ Նրա նպատակն է եղել եկեղեցուն հնարավորիս վերադարձնել 13-րդ դարի գոթիկայի ոճը։ Վերակառուցման ժամանակ հայտնաբերվել են միջնադարյան հատվածներ, որոնք մնացել են նոր շինության հիմքում[8]։ Մատյաշի եկեղեցում են օծվել Հունգարիայի վերջին միապետները Հաբսբուրգների դինաստիայից, այդ թվում՝ Ֆրանց Յոզեֆ I-ն ու նրա կինը՝ Էլիզաբեթ Բավարացին[10][11]։

Ինտերիեր

խմբագրել
 
Եկեղեցու ինտերիեր
 
Գլխավոր խորան

Եկեղեցու գրեթե ողջ ինտերիերը ձևավորվել է 19-րդ դարի վերջին, երբ այն մասշտաբային վերանորոգման է ենթարկվել ու վերակառուցվել։ Ինտերիերի գլխավոր զարդը նրա ծաղկային վիտրաժներն են։ Որմնանկարների հեղինակը հունգարացի նկարիչներ Կարոյ Լոտցն ու Բարտալան Սեկեյն են։

Եկեղեցու հյուսիսարևելյան անկյունում՝ Բելայի աշտարակի մոտ, պահպանվել են 1260 թվականի ոչ բարձր երկու սյուներ։ Սյուների վրայի քանդակները պատկերում են գրքեր կարդացող հոգևորականների, հրեշավոր կենդանիների, որոնք պայքարում են իրար դեմ։ Այստեղ է գտնվում նեոռոմանական բապտիստերիան՝ մկրտության ավազանով։

Եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով կան մի քանի կապելլաներ, որոնցից առանձնանում է սուրբ Իմրեի կապելլան։ Այն զարդարված է քանդակներով, որոնք ներկայացնում են սուրբ Իշտվանին, սուրբ Իմրեին և սուբ Հելերտին։ Սուրբ Երրորդության կապելլայում է գտնվում Բելա III-ի ճոխ զարդարված սարկոֆագը, նրա կնոջ՝ Աննա Անտիոքցու դամբարանը։ Արքայական այս ընտանիքի դամբարանը միակն է, որ պահպանվել է թուրքական լծից հետո Սեկեշֆեհերվարում։ 1898 թվականին նրանց մասունքները հանդիսավոր տեղափոխվել են Բուդապեշտ և վերահուղարկավորվել Մատյաշի եկեղեցում։

Եկեղեցու հյուսիսարևելյան հատվածում գտնվում է սուրբ Իշտվանի կապելլան։ Այս կապելլայից ստորգետնյա կրիպտե տանող սրահում գործում է կրոնական արվեստի թանգարան։ Եկեղեցու ձախ նավն ավարտվում է Լասլո I-ի կապելլայի մոտ, որ զարդարված է արքայի կյանքի դրվագներով։ Այստեղ է պահվում նաև սուրբ արքայի գլխի կրկնօրինակ մասունքը (բնօրինակը Դյորի եկեղեցում է)։ Սուրբ Լասլոյի կապելլայի մոտ կա արքայական աստիճան, որ տանում է արքայական սրահ, որտեղ պատարագի ժամանակ գտնվել են թագավորական ընտանիքի ներկայացուցիչները։ Եկեղեցու հարավային կողմում աչքի է ընկնում սուրբ Մարիամի դարպասը և լորետյան կապելլան, որը գտնվում է հարավարևմտյան անկյունում՝ զանգակատան տակ։

Գլխավոր խորանը, ինչպես եկեղեցու շատ այլ գեղազարդային տարրեր, ստեղծել է Ֆրիդյեշ Շուլեկը 19-րդ դարի վերջին։ Գանձանակի վրա կա խաչ, որի աջ և ձախ կողմերում նկարներ են՝ Հոգեգալուստի և սուրբ Մարիամին եկեղեցուն ընծայելու թեմաներով։ Խաչի վրա սուրբ Մարիամ Աստվածածնի քանդակն է։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Kidok database (գերմ.)
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. «Matthias Church Budapest Castle-Church of Our Lady Buda, Tickets, Concerts». Budapestbylocals.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «1241-42 The Mongolian invasion». Matthias Church Official website. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  5. «1015 (?) Founding». Matthias Church Official website. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  6. Cannon, Gwen (2008). Hungary, Budapest (New ed.). Clermont-Ferrand: Michelin. էջեր 126–128. ISBN 978-1-906261-18-4.
  7. «Matthias Church Buda Castle Budapest». budacastlebudapest.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  8. 8,0 8,1 Կաղապար:Cite
  9. «1686 Madonna Miracle, Buda Recaptured». Matthias Church Official website. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  10. 10,0 10,1 Végh András. «Szentháromság tér – Parish Church of Our Lady (Matthias Church)». Budapest History Museum website. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  11. «Matthias Church – Budapest, Hungary». Sacred-destinations.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.

Գրականություն

խմբագրել
  • Ա․ Սեգեդի Մատյաշի եկեղեցի // Բուդապեշտ․ Դանուբի մարգարիտ / Խմբագիր՝ Ի․ Վ․ Օսանովա. — М.: Վեչե, 2012. — С. 131—132. — 320 с. — 2000 экз. — ISBN 978-5-9533-5872-9

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատյաշի եկեղեցի» հոդվածին։