Սվանտե Սվանտեսոն (շվեդ.՝ Svante Svantesson), մականունը՝ Մանչուկ (շվեդ.՝ Lillebror – «եղբայրիկ»), գրական հայտնի կերպար՝ ստեղծված շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի կողմից, Մանչուկի և Կառլսոնի մասին եռագրության գլխավոր հերոսը (Կառլսոնի հետ միասին)[1]։ Հայտնի է նաև ռեժիսոր Բորիս Ստեպանցևի մուլտֆիլմով ու դրա շարունակությամբ[2]։

Մանչուկ
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակԱստրիդ Լինդգրեն
Ներկայացված էՓոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը, Կառլսոնը, որն ապրում է տանիքում, վերադարձավ, Karlsson is Sneaking Around Again?, Աշխարհի լավագույն Կառլսոնը, Փոքրիկն ու Կառլսոնը, Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը (ներկայացում), Karlsson-on-the-Roof? և Mittivoy va Karlson. Kichkina shahzoda?
Սեռարական
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունաշակերտ

Կերպարի ծագում

խմբագրել

Մանչուկի և Կառլսոնի մասին ուրախ ու զվարճալի պատմվածքներին նախորդել է հեղինակի՝ բոլորովին այլ տրամադրությամբ ստեղծագործությունները՝ լույս տեսած 1949 թվականի «Պստլիկ Նիլս Կառլսոնը» հեքիաթների ժողովածուով։ Այստեղ այդ հեքիաթների հերոսների համար, որոնք հաճախ ցրտից, մենակությունից կամ հիվանդություններից տառապող երեխաներ են, հայտնվում են հորինված ընկերներ՝ պստլիկ Նիլս Կառլսոնը, փոքրիկ տնապահը, կենդանի տիկնիկը, անտեսանելի քույրն ու, վերջապես, պարոն Լիլոնկվաստը։ Վերջինս «Լույսի և խավարի միջև աշխարհում» պատմվածքի հերոսն է, «կախարդ քեռի», որը կրում է սրածայր գլխարկ, երեխաներին ճանապարհորդության տանում անհավատալի տեղեր, որոնք զուգորդվում են մահվան թագավորության հետ, և մխիթարում հետևյալ խոսքերով. «Դա ամենափոքր արժեքն անգամ չունի։ Ոչ մի արժեք Լույսի ու խավարի միջև աշխարհում»[3]։

Կենսագրություն

խմբագրել

Մանչուկի և Կառլսոնի մասին պատմվածքները, որոնցից առաջինը հրատարակվել է 1955 թվականին, լուծման բոլորովին այլ բանալի ունի, քան նրա հետ սյուժետային որոշակի զուգահեռներ ունեցող 1949 թվականի հեքիաթը։ Սվանտե Սվանտեսոնը Ստոկհոլմում ապրող միջին դասին բնորոշ բարեկեցիկ ընտանիքի երեխա է։ Այսպես, Սվանտեսոն ընտանիքի բնակարանը 5 սենյականոց է, յուրաքանչյուր երեխա ունի իր սենյակը, հյուրասենյակում կա բուխարի, որի մոտ երեկոյան հավաքվում է ընտանիքը, պահարանում պահվում է արծաթե սպասքը։ Մանչուկի մայրը տնային տնտեսուհի է (գրքում նա հաճախ զբաղվում է տեֆտելիի պատրաստմամբ)։ Առաջին գրքի սկզբում փոքրիկ Սվանտեն յոթ տարեկան է, նա ընտանիքի երրորդ երեխան է, նրա եղբայր Բոսսեն 15 տարեկան է, քույր Բետան՝ 14 տարեկան, նրանց առաջին հերթին մտահոգում են դեռահասների իրենց խնդիրներն ու հետաքրքրությունները[3][2]։

Մանչուկի բնավորությունը և դրա զարգացումը

խմբագրել

Մանչուկի բնավորությունը հակադրվում է Կառլսոնի բնավորությանը[4], որը բավականին եսասեր արարած է՝ տրիքստերի վառ արտահայտված գծերով։ Սվանտեն առանձնանում է նրբազգացությամբ, խոցելիությամբ և անկեղծությամբ[5]։ Այդպիսի ամաչկոտ, խոհուն և խոցելի փոքրիկ եղբայր, նկարագրված մեծ քնքշանքով, առաջին անգամ չէ, որ հայտնվում է Լինդգրենի գրքերի էջերում. այդպիսին Պելլեն է «Մենք Սալտկրոկ կղզում» պատմվածքից, Բոսսեն՝ «Մենք բոլորս Բյուլլերբյուից ենք» պատմվածքից և այլն։ Կայսա Լինդստենը ենթադրել է, որ գրողի մոտ այդպիսի կերպարի ի հայտ գալը կանխագուշակում է շվեդական հասարակությունում ընտանի տղամարդու ֆեմինիստական իդեալի ձևավորումը[3]։

Չնայած Կառլսոնի իրական գոյության ապացույցներին, որոնք ներկայացված են եռագրությունում, Աստրիդ Լինդգրենը բավարար հիմք է տալիս նրան փոքրիկ Սվանտե Սվանտեսոնի երևակայության արդյունքը, նրա ալտեր էգոն համարելու համար, որ ի հայտ է գալիս հոգեբանական փոխհատուցման արդյունքում։ Մասնավորապես, Կառլսոնը սովորաբար հայտնվում է այն ժամանակ, երբ տղան միայնակ է լինում[6]։

Մանչուկի և Կառլսոնի մասին գրքերը շատ բանով կառուցված են որպես դաստիարակչական վեպ. Մանչուկը մեծանում է, և նա մշտապես պետք է ընտրություն կատարի Կառլսոնի ինֆանտիլային ուրախ կյանքի սկզբունքների ու իր ծնողների բարոյականության միջև, նա աստիճանաբար գալիս է դրանց համադրության ու հաշտեցման[6]։ Դաստիարակչական ենթատեքստ դժվար չէ տեսնել նաև «տնային դաստիարակչուհու սանձահարումների» տեսարաններում, որը Լինդգրենի մոտ ներկայացված է որպես չափազանց խիստ դաստիարակչուհու և եսասեր Կառլսոնի բավականին կոշտ առճակատման միջոցով, և «սանձահարման» արդյունքը լինում է այն, որ երեքն էլ իրենց դժբախտ են զգում[7]։

Մանչուկի կերպարը հասկանալու համար կարևոր են սիրո մասին նրա դատողությունները։ Մասնավորապես, ամբողջ խոսակցությունն այն մասին, թե արդյոք Սվանտեն ստիպված պետք է լինի ամուսնանալ իր ավագ եղբայր Բոսսեի «ծեր կնոջ» հետ, նման է այն բանին, թե ինչպես է նա մինչև մաշվելը հագնում եղբոր հագուստները, և նրան արդյոք չի արգելվի մեծանալուց հետո ամուսնանալ մոր հետ, ինչը Լինդգրենի մոտ[8], չնայած ֆրեյդյան խնդրի բացահայտությանը, լուծված է զարմանալիորեն նուրբ հումորով և տակտով։ Դրանց շարունակությունը կարելի է համարել Մանչուկի խոհերը մոր այն հարցին պատասխանելիս, թե նա սիրում է Գունիլլային, ծնողների, եղբոր ու քրոջ (չնայած նա հաճախ է բարկանում Բոսսեի ու Բետայի վրա), տանիքում ապրող Կառլսոնի, համադասարանցի Գունիլլայի նկատմամբ ունեցած սիրո մասին խոհերում, վերջինիս հետ նա «կարող է... ամուսնանալ... երբ մեծանա, որովհետև, ուզես, թե չուզես, կին ունենալ պետք է»[9]։

Թատրոնում և կինոյում

խմբագրել

«Խորհրդային» Մանչուկի տարբերությունները բնօրինակից

խմբագրել

Արտաքին և կենսագրություն

խմբագրել

«Մանչուկն ու Կառլսոնը» և «Կառլսոնը վերադարձել է» մուլտֆիլմերում բաց են թողնված Սվանտեսոն ընտանիքի կյանքի «մանր բուրժուական» հատկանիշները, ինչպես նաև Շվեդիայի մասին մատնանշումները[10]։ Սվանտեի ծնողները ձեռք են բերել խորհրդային մտավորականությանը, ճարտարապետներին բնորոշ գծեր. երկուսն էլ գնում են աշխատանքի, կրում են ակնոց, իսկ հայրն ունի մորուք, սիրում է թերթեր կարդալ ու ծխամորճ ծխել[2]։ Տասնամյակներ անց նրանց կերպարանքը փոխ է առնվել «Երեքը Պրոստոկվաշինոյից» մուլտֆիլմի համար. նույն կերպ են ներկայացված Քեռի Ֆյոդորի ծնողները (դա հատկապես վերաբերում է հորը, որն արտաքինից տարբերվում է միայն նրանով, որ ակնոց չի կրում)[11]։

Ինչ վերաբերում է Մանչուկի արտաքինին, ապա ռեժիսոր Բորիս Ստեպանցևն օգտվել է իր նախորդ փորձից։ Մանչուկի դեմքն ու մազերը նկարված են նրա նախորդ՝ «Վովկան Երեսուներորդ թագավորությունում» մուլտֆիլմի գլխավոր հերոսի օրինակով։ Վովկայի ձայնի համեմատությամբ գրեթե չի փոխվել Մանչուկի ձայնը, չնայած նրան հնչյունավորած Կլարա Ռումյանովան ձայնում տխրություն է ավելացրել[12]։

Հատկանշական է, որ մուլտֆիլմում Մանչուկի իսկական անունը՝ Սվանտե, ոչ մի կերպ չի հիշատակվում, այն այնտեղից անհետացել է Շվեդիայի ու Ստոկհոլմի նշանների մեծ մասի հետ (այդպես մուլտֆիլմում անհետացել է Վազաստան շրջանը, սակայն հայտնվել են երկհարկանի ավտոբուսներ ու թերթերի անգլերեն վերնագրեր)[2]։

Բնավորություն

խմբագրել

Հարկ է նշել, որ եթե գրքում Մանչուկի մենակության պահերն ընդամենը պայմանավորված են նրա տարիքով (նրա եղբայրն ու քույրն արդեն դեռահասներ են, ունեն այլ հետաքրքրություններ, իսկ Մանչուկի անձնական սոցիալականացումը դեռ նոր է սկսվում), մուլտֆիլմում այն առավել անհաղթահարելի է թվում[13]։

Մուլտֆիլմում չկա նաև մեծացող Սվանտեի բնավորության զարգացման դինամիկան։ Այսպես, խորհրդային մուլտֆիլմում անհետացել է Մանչուկի ծննդյան օրը նրա ծնողների ու Կառլսոնի հանդիպումը, որը կարևոր է հոգեբանական սիմվոլիզմի տեսանկյունից[13]։ Մուլտֆիլմից հանվել են նաև «տնային դաստիարակչուհու սանձահարումների» խորը հոգեբանական տեսարանները. մուլտֆիլմում և՛ Կառլսոնը, և՛ ֆրյոկեն Բոկը պարզապես խաղում են իրենց դերերը՝ չվիրավորելով միմյանց[7]։

Այս առումով հետաքրքրական է մուլտֆիլմում տեղի ունեցած սյուժեի մի վերափոխում։ Լինդգրենի մոտ իսկական շնիկը, որն առաջին գրքի վերջում՝ Մանչուկի ծննդյան օրը, նվիրել էին նրան, ըստ էության, Կառլսոնի՝ երևակայական աշխարհից եկած հյուրի հակառակորդը չէ։ Կառլսոնը խաղում է շնիկի հետ, Մանչուկին շնիկին կանչելու համար սուլիչ է նվիրում... Մուլտֆիլմում Կառլսոնը (ոչ թե մայրիկը, ինչպես գրքում), մխիթարում է Մանչուկին, երբ վերջինս մտածում է, որ իրեն շուն չեն նվիրի, վիրավորված ձայնով ասելով. «Իսկ ես, չէ՞ որ ես շնիկից լավն եմ» և շան հայտնվելու հետ կորչում է։ Առաջին անգամ այդ ընդդիմությունը երևում է Աստրիդ Լինդգրենի հեքիաթի «Ամենամանկական գիրքը» վերնագրով գրախոսականում, որը Վլադիմիր Գլոցերը հրատարակել է «Ընտանիք և դպրոց» ամսագրի 1966 թվականի առաջին համարում։ Այն պատմում է ծնողների աշխարհը մանկության աշխարհից տարանջատող «անդունդի» մասին, որտեղ ապրում էր Մանչուկը, և որի մարմնավորողն էր Կառլսոնը, ինչպես նաև ծնողների հետ Կառլսոնի անիրական հանդիպման մասին։ Գլոցերը խոսում է Կառլսոնի և շան մրցակցության մասին՝ հետևելով, ըստ երևույթին, Մանչուկի մոր տրամաբանությունից, որը գտնում էր, որ երբ տղան շուն ունենա, նրան երևակայական ընկերն այլևս հարկավոր չի լինի, և հարցնում է. «Ո՞վ է Մանչուկի համար ավելի անհրաժեշտ ու ավելի կարևոր», իսկ նա պատասխանում է. «Կառլսոնը»[13]։

Մուլտֆիլմում Մանչուկի հերոսին ուղեկցում են երաժշտական թեմաներ, որոնք կատարվում են փայտե փողային գործիքներով, զանգականվագներով և քսիլոֆոններով (միևնույն ժամանակ Կառլսոնի գործիքը ջազային սաքսոֆոնն է)։ Մանչուկի մենակության թեման երաժշտական պլանում ներկայացված է որպես Նովելլա Մատվեևայի «Караван» և «Дома без крыш» երգերի թեմաների վարիացիա։ Այդ մոտիվը նրա մենությանը հաղորդում է «չափահասության» (կամ առնվազն դեռահասի) երանգ[14]։

Էկրանավորումներում Մանչուկի կերպարը նկատելիորեն աղքատացել է։ Կերպարների հետ համանման վերափոխումներ են տեղի ունեցել մոտավորապես նույն ժամանակ կատարված թատերական հարմարեցումներում։ 1968 թվականին Սոֆյա Պրոկոֆևան Լինդգրենի պատմվածքի հիման վրա գրել է պիես, նրա առաջին և ամենահայտնի բեմադրությունը պատկանում է Մոսկվայի Սատիրայի թատրոնի ռեժիսոր Մարգարիտա Միքայելյանին[15]: Այնտեղ Մանչուկի դերակատարը դերասանուհի Թամարա Մուրինան է, հեռուստատարբերակում այդ դերը հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան։

Ե՛վ մուլտֆիլմում, և՛ ներկայացման մեջ Մանչուկը զրկվել է ոչ միայն անունից, այլև ռեֆլեքսիայից։ Ամբողջ այն խոսակցությունից, թե Սվանտեն ստիպված կլինի ամուսնանալ իր ավագ եղբայր Բոսսեի «ծեր կնոջ» հետ, նման այն բանին, որ մինչև մաշվելը հագնում է եղբոր հագուստները, և նրան արդյոք չի արգելվի մեծանալուց հետո ամուսնանալ մոր հետ, մուլտֆիլմում մնացել է միայն առաջին արտահայտությունը։ Չկան նաև սիրո մասին Մանչուկի մյուս դատողությունները[9]։

Այլ էկրանավորումներ

խմբագրել

Հեքիաթի շվեդա-գերմանական ժամանակակից էկրանավորումն առանձնանում է նրանով, որ խիստ հետևել են բնօրինակին։ Շվեդական մուլտսերիալի կերպարներին նկարել է նկարչուհի Իլոն Վիկլանդը, որը Աստրիդ Լինդգրենի ստեղծագործությունները նկարազարդել է 1954 թվականից։ Սակայն նրա նկարազարդումները (այդ թվում նաև Մանչուկի կերպարը) չեն առանձնանում խարիզմայով[16], ինչը բնորոշ է Անատոլի Սավչենկոյի խորհրդային էկրանավորումներին[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կառլսոն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Майофис, 2008, Минус Швеция, минус рефлексия, էջ 263-266
  3. 3,0 3,1 3,2 Кайса Эберг Линдстен (перевод А. Поливановой) Астрид Линдгрен и шведское общество(ռուս.) // Неприкосновенный запас. — 2002. — № 1 (21).
  4. Исаева, 1958
  5. Майофис, 2008, Постановочный бум, էջ 251
  6. 6,0 6,1 Майофис, 2008, Карлсон после XX съезда, էջ 246-248
  7. 7,0 7,1 Майофис, 2008, Экран и сцена, էջ 273-274
  8. Гинтарас Теодорович Хоментаускас Семья глазами ребенка. — Рама Паблишинг, 2010. — С. 5. — ISBN 978-5-91743-011-9, 978-5-91743-013-3
  9. 9,0 9,1 Майофис, 2008, Минус Швеция, минус рефлексия, էջ 266-267
  10. Բացառությամբ փոքր մանրամասների՝ թերթի հասցեները՝ Ստոկհոլմ քաղաքով սկսվող, Բոսսեի շապիկի երեք թագերը՝ Շվեդիայի զինանշանի կենտրոնական տարրերը և այլն։
  11. Елена Барабан Фигвам утилитариста → Идеальные герои идеального мира // Весёлые человечки: культурные герои советского детства. — Новое литературное обозрение. Научная библиотека, 2008. — В. LXXIV. — С. 447-448. — ISBN 978-5-86793-642-6.
  12. Майофис, 2008, Новаторы-традиционалисты, էջ 268
  13. 13,0 13,1 13,2 Майофис, 2008, Рождение мифа, էջ 248-250
  14. Майофис, 2008, Новаторы-традиционалисты, էջ 270-271
  15. Майофис, 2008, Постановочный бум
  16. DA. «Karlsson on the Roof». Time Out.
  17. Майофис, 2008, Отдайте наши плюшки!, էջեր 241-244

Գրականություն

խմբագրել
  • Мария Майофис Милый, милый трикстер: Карлсон и советская утопия о «настоящем детстве // Весёлые человечки: культурные герои советского детства. — Новое литературное обозрение. Научная библиотека, 2008. — В. LXXIV. — С. 241—286. — ISBN 978-5-86793-642-6.
  • Кайса Эберг Линдстен (перевод А. Поливановой) Астрид Линдгрен и шведское общество(ռուս.) // Неприкосновенный запас. — 2002. — Т. 1. — № 21.
  • А. Исаева Малыш и Карлсон, который живёт на крыше // «Иностранная литература». — 1958. — № 2. — С. 200.