Մայիս Ավդալբեգյան
Մայիս Թադևոսի Ավդալբեգյան (ապրիլի 5, 1918[1], Իգդիր, Սուրմալուի գավառ - փետրվարի 5, 1983[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1972), ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչ։
Մայիս Ավդալբեգյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1918[1] Իգդիր, Սուրմալուի գավառ |
Մահացել է | փետրվարի 5, 1983[1] (64 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Գրականության ինստիտուտ և Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1972) |
Հայր | Թադևոս Ավդալբեգյան |
Տնտեսագետ, հայագետ Թադևոս Ավդալբեգյանի դուստրը։
Կենսագրություն
խմբագրելՄայիս Ավդալբեգյանը ծնվել է 1918 թվական ապրիլի 5-ին, Երևանի նահանգի Իգդիր քաղաքում, պատմաբան, բանասեր, տնտեսագետ, թարգմանիչ Թադևոս Հայրապետի Ավդալբեգյանի և Արաքսյա Հակոբի Կանայան-Ավդալբեգյանի ընտանիքում։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Հայոց լեզու և գրականություն է դասավանդել Փարպի գյուղի միջնակարգ դպրոցում։ 1942 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրան և հայագետ Մանուկ Աբեղյանի ղեկավարությամբ մասնագիտացել հայ հին և միջնադարյան գրականության բնագավառում։ 1944-1947 թվականներին աշխատել է Գրականության ինստիտուտում։ 1946 թվականին հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Խաչատուր Կեչառեցի» թեմայով։ 1947-1953 թվականներին դասախոսել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, որտեղ վարել է հայ հին գրականության պատմության դասընթացը։ 1953 թվականին վերադարձել է Երևան և կրկին աշխատանքի անցել Գրականության ինստիտուտում։ 1972 թվականին Ավդալբեգյանը պաշտպանել է «Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը» թեմայով դիսերտացիա և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1977 թվականից մինչև իր կյանքի ավարտը վարում է ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի պաշտոնը՝ մեծապես նպաստելով հայագիտության այս ճյուղի զարգացմանը[2][3]։
Գիտական գործունեություն
խմբագրելԱվդալբեգյանի գիտահետազոտական գործունեությունն ընթացել է երկու ուղղություններով՝ հայ միջնադարյան գրական հուշարձանների քննական բնագրերի պատրաստում ու հրատարակում և դրանց գրականագիտական ուսումնասիրում ու գնահատում։ Մասնակցելով «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» արժեքավոր հրատարակության (1957) աշխատանքներին՝ Ավդալբեգյանը պատրաստել է ժողովածուում ընդգրկված առակների ու պարականոն զրույցների բնագրերն ու ծանոթագրությունները։ Ավդալբեգյանը գրականագիտական ընդարձակ ուսումնասիրություններով ու ծանոթագրություններով հրապարակ է հանել նաև Խաչատուր Կեչառեցու (1958) և Գրիգորիս Աղթամարցու (1963) տաղերի քննական բնագրերը, որոնք «Միջնադարյան հայ տաղերգուներ» հայտնի մատենաշարի 1-ին և 6-րդ գրքերը եղան։ «Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը» (1971), «Յայսմաւուրք» ժողովածուները և նրանց պատմագրական արժեքը» (1982) մենագրություններում անդրադառնալով վարք-վկայաբանական, պատմագրական, հայսմավուրքային երկերի և պարականոն զրույցների քննությանը, նա դրանք արժեքավորել է զուտ գեղարվեստական արձակի դիտակետից՝ բացահայտելով առանձին տեսակների ժանրային, կերպավորման, կառուցվածքային և ոճական մի շարք օրինաչափություններ[2]։
Ավդալբեգյանը հետազոտել է Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյան ի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործական վաստակը և իր հոդվածներով ու զեկուցումներով հայտնաբերել և հաստատել ազգային հին գրականության լավագույն ավանդների յուրովի շարունակություն նոր և խորհրդահայ դասականների երկերում[2]։
Նշանակալից է Ավդալբեգյանի ավանդը հոր՝ Թադևոս Ավդալբեգյանի ժառանգության անտիպ նյութերի հրատարակման և պատմական ճշմարտության հրապարակման գործերում։
Մանկավարժական գործունեություն
խմբագրելԱվդալբեգյանը գիտահետազոտական գործունեությունը հաջոզությամբ զուգակցել է գիտամանկավարժական աշխատանքով։ Համատեղության կարգով դասավանդել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, աշխատել ՀԽՍՀ մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում՝ մասնակցել դպրոցական դասագրքերի ու ծրագրերի ստեղծման գործին[2][4]։
Մահ
խմբագրելՄահացել է 1983 թվականի փետրվարի 5-ին, Երևանում։
Երկեր
խմբագրել- Մուրադյան, Պ. (1964) Մայիս Ավդալբեգյան, Գրիգորիս Աղթամարցի. Ուսումնասիրություն, քննական բնագրեր և ծանոթագրություններ, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1963, 360 էջ. Պատմա-բանասիրական հանդես, № 2, էջեր 279-285
- Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը (մենագրություն), 1971։
- «Յայսմաւուրք» ժողովածուները և նրանց պատմագրական արժեքը (մենագրություն), 1982[5]։
- «Գրիգորիս Աղթամարցի», Մայիս Ավդալբեգյան, Երևան, 1984։
- Նյութեր Զ. Ագուլեցու «Օրագրոիթյան» և Ա. Երևանցու «Պատմություն պատերազմացն» գրքերի հրատարակման պատմության վերաբերյալ (Պատմա֊բանասիրական հանդես, 1974, նո. 1;
- Թ. Ավդալբեգյան «Ռուս֊հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան», Երևան, 1964։
- Թ. Ավդալբեգյան «Հայագիտական հետազոտություններ», Երևան, 1969։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=13508
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Մայիս Ավդալբեգյան(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Որոնման արդյունքներ համար, Ավդալբեգյան, Մայիս Թադևոսի». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Ավդալբեգյան, Մայիս (1982). "Հայսմաւուրք" ժողովածուները եվ նրանց պատմագրական արժեքը. Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն.