Ղունկիանոս Աշտարակեցի
Ղունկիանոս արքեպիսկոպոս Աշտարակեցի (- փետրվարի 6 (17), 1798), հայ հոգևորական, գրիչ, Էջմիածնի միաբան, Երևան քաղաքի դետ (տեսուչ, վերահսկիչ), Սիմեոն Ա Երևանցի (1763-1780) և Ղուկաս Ա Կարնեցի (1780-1799) կաթողիկոսների նոտար, կոնդակագիր[1]։
Ղունկիանոս Աշտարակեցի | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Ղունկիանոս արքեպիսկոպոս Աշտարակեցի |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Կենսագրություն
խմբագրելՍիմեոն Երևանցու և նրա հաջորդ Ղուկաս Կարնեցու կաթողիկոսական կոնդակներում, նամակներում և այլ գրագրություններում հաճախակի հանդիպում են Ղունկիանոս Աշտարակեցու անվան հիշատակություններ։ Ղունկիանոսը եղել է Սիմեոն Երևանցու աշակերտներից մեկը, ապա դարձել նրա կոնդակագիրը։ 1763-1798 թվականներին Էջմիածնում գրված համար 2882 («Ժամանակագրութիւն ձեռնադրութեանց Յակովբ, Սիմէոն և Ղուկաս կաթուղիկոսաց») ձեռագրի՝ Սիմեոն և Ղուկաս կաթողիկոսների ձեռնադրությունների ցուցակներում նշված է նաև Ղունկիանոս Աշտարակեցուն հոգևոր աստիճաններ շնորհելու տարեգրությունը։ Ըստ ցուցակի, Ղունկիանոս Աշտարակեցին սարկավագ է ձեռնադվել Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, 1763 թվականին, աբեղա՝ 1771 թվականին, իսկ 1772 թվականին, նրան տրվել է մասնավոր գավազան։ 1781 թվականի հոկտեմբերի 30-ին նրան եպիսկոպոսության աստիճան է շնորհել Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը, իսկ 1784 թվականին՝ արքեպիսկոպոսության աստիճան[2]։ 1785 թվականին ուխտի է մեկնել Երուսաղեմ[3]։ Երուսաղեմում եղած ժամանակ նույնպես զբաղվել է գրագրությամբ[4]։
Ղունկիանոս Աշտարակեցու ծածկագրերը
խմբագրել18-րդ դարում գործածված ծածկագրերի վերաբերյալ Գյուտ Աղանյանը նշում է, որ Սիմեոն կաթողիկոսի «Յիշատակարան»-ի առաջին հատորի ծանոթագրություններում նկատել է, որ «դեռ 1766 թուի յուլիսի 23-ին Սիմէոն կաթուղիկոսը ծածկագիր նշաններով գրագրութիւն ունէր Ախալցխա մհ․ (մահտեսի) Յօնանի հետ տեղական հայերի մէջ կաթոլիկութեան տարածման դէմ իրանց ձեռք առած միջոցները ֆռանկ պատերններից ծածկելու համար․․․[4]։ Նախկինում ենթադրվել է, թե այն հնարել է Սիմեոն կաթողիկոսը, սակայն «Յիշատակարան»-ի երրորդ հատորում ուղղակիորեն վկայված է նշանագրերի հեղինակի անունը. «նոր նշանագծոք մեր Ղունկիանոս վարդապետին»[4]։
Ղունկիանոս Աշտարակեցու գրչին պատկանող ձեռագրերը
խմբագրելԸստ Մատենադարանում պահվող Մաշտոցի անվան ձեռագրացուցակի, Ղունկիանոս Աշտարակեցու գրչին են պատկանում, նոտրգրով գրված շուրջ տասը ձեռագիր մատյան, համար՝ 2, 1880, 2289, 2499, 2646, 2652, 3281, 7424, 10853։ Ստորև ներկայացված աղյուսակում ներկայացված է այդ ձեռագրերի մասին որոշ տեղեկություններ․
Ձեռագրի համարը | Թվականը | Գրչության վայրը | Բովանդակությունը |
---|---|---|---|
1. 2 | 1767-1768 | Էջմիածին | Պետրոս Բերթումեան, Աղբիւր բացեալ |
2. 1880 | 1786 | Երուսաղեմ | Ժողովածու |
3. 2289 | 1761 | Էջմիածին | Ժողովածու |
4. 2499 | 1770 | Էջմիածին | Սիմէոն Երևանցի, Մատենագրութիւնք |
5. 2646 | 1760-1761 | Էջմիածին | Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Հայոց |
6․ 2652 | 1771 | Էջմիածին | Ժողովածու |
7. 3281 | 1759-1774 | Երուսաղեմ | Ժողովածու |
8․ 7424 | 1743, 1751, 1763 | Էջմիածին | Աւետիք Տիգրանակերտցի, Գաւազանագիրք |
9․ 10853 | 1786-1788 | Կ․Պոլիս | Ժողովածու |
Տապանաքարը
խմբագրելԷջմիածնի միաբանական գերեզմանոցի գրեթե կենտրոնական մասում է գտնվում Ղունկիանոս Աշտարակեցու օրորոցաձև տապանաքարը, որի հարավային նիստին պահպանվել է հետևյալ չափածո արձանագրությունը․
ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ՏԵՍՈՒՉՆ ԱՐՀԻ |
Տապանագրում Ղունկիանոս արքեպիսկոպոս (արհի) Աշտարակեցին հիշատակվում է նախ՝ տեսուչ, ապա՝ նոտար (գրիչ)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Գրիչ Ղունկիանոս Աշտարակեցու տապանագիրը և մատենագրական վաստակը», Արսեն Հարությունյան, «Վէմ» համահայկական հանդես, Ը (ԺԴ) տարի, թիվ 2 (54), ապրիլ-հունիս, 2016․
- ↑ «Ժամանակագրութիւն ձեռնադրութեանց (1759-1798)», Գևորգ Տեր-Վարդանյան (ստորագրված՝ Գևորգ Հունանյան), «Էջմածին», 1980, հոկտեմբեր, էջ 42-51․
- ↑ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի», հատ. Ա, Կազմեցին՝ Օ.Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, Երևան, 1984, էջ 94․
- ↑ 4,0 4,1 4,2 «Դիւան հայոց պատմութեան», գիրք ԺԱ. Սիմէոն կաթուղիկոսի յիշատակարանը, մասն III. վերջին (1777-1779), յաւելուածներով և ծանօթութիւններով հրատարակեց Գիւտ Աղանեանց ա. քահ., Թիֆլիս, 1913, էջ 463, ծանոթ. 12․