Հրազդան (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրազդան (այլ կիրառումներ)
Հրազդան (մինչև 1959 թվ��կանը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ափին։ Երևանից հեռու է 40 կմ հյուսիս-արևելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Հրազդան | |||
Հրազդանի համայնապատկեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի | ||
Համայնք | Կոտայքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Հրազդանի շրջան | ||
Քաղաքապետ | Սևակ Միքայելյան | ||
Հիմնադրված է | 1959 թ. | ||
Այլ անվանումներ | Ներքին Ախտա | ||
Մակերես | 152 կմ² | ||
ԲԾՄ | 1,750 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 41600[1] մարդ (2015) | ||
Խտություն | 2519 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | հրազդանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (223) | ||
Փոստային դասիչ | 2301-2309 | ||
Պաշտոնական կայք | hrazdan.am | ||
| |||
Մինչև 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։ 1959 թվականին քաղաքը շրջանային, 1962 թվականից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95 թվականին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995 թվականից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։
Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերը։ Տարածքը՝ 152կմ²։
Բնական պայմաններ
խմբագրելՀրազդան քաղաքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում և հանդիսանում է նրա մարզկենտրոնը։ Քաղաքը գոտևորում են հյուսիսից՝ Փամբակի, հարավ-արևմուտքից՝ Ծաղկունյաց, արևելքից և հարավ-արևելքից՝ Գեղամա լեռնաշղթաների մաս կազմող սարավանդները։ Քաղաքի համայնապատկերի վրա հյուսիս - արևմուտքում բարձրանում է Թեղենիսը՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը (2851 մետր)։ Հյուսիսային կողմում ուրվագծվում են Փամբակի լեռնաշղթայի լեռնագագաթներից Մայմեխն (3080 մետր) ու Թեժասարը (3100 մետր)։ Արևելքում հորիզոնը ծածկում է Ցուլասարի զանգվածը (2390 մետր)։
Հրազդան քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1695-1750 մետր բարձրության վրա։ Ունի բարեխառն ցամաքային կլիմա։ Ձմեռները խստաշունչ են։ Երբեմն ջերմաստիճանը իջնում է - 30-ից ավելի ցածր, իսկ գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է -38 աստիճան։ Ամառները հով է։ Այստեղ ջերմաստիճանը երբեք չի բարձրանում 30-35 աստիճանից, իսկ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 36 աստիճան։ Տարվա միջին ջերմաստիճանը կազմում է 5 աստիճան ըստ ցելսիուսի սանդղակի։
Այն եղել և մնում է արդյունաբերական քաղաք։ Լեռներին մոտ գտնվելու վայրը նպաստել է Հրազդանի երկաթի հանքավայրի հայտնաբերմանը։
Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Մարմարիկ գետերը, որոնք միախառնվում են հենց քաղաքի մեջ։ 1950 թվականին Հրազդանում ստեղծվեց Հրազդանի Աղբյուրակ արհեստական ջրամբարը 130 հեկտար տարածության վրա՝ 1695 մետր բարձրությամբ։
Հրազդանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | −0.4 (31.3) |
0.2 (32.4) |
4.2 (39.6) |
10.3 (50.5) |
15.3 (59.5) |
19.9 (67.8) |
23.4 (74.1) |
23.6 (74.5) |
20.5 (68.9) |
14.9 (58.8) |
7.7 (45.9) |
1.9 (35.4) |
11.79 (53.22) |
Միջին օրական °C (°F) | −5.2 (22.6) |
−4.5 (23.9) |
−0.7 (30.7) |
4.7 (40.5) |
9.4 (48.9) |
13.4 (56.1) |
16.6 (61.9) |
16.8 (62.2) |
13.3 (55.9) |
8.5 (47.3) |
2.7 (36.9) |
−2.4 (27.7) |
6.05 (42.88) |
Միջին ցածր °C (°F) | −9.9 (14.2) |
−9.2 (15.4) |
−5.5 (22.1) |
−0.8 (30.6) |
3.5 (38.3) |
6.9 (44.4) |
9.9 (49.8) |
10.1 (50.2) |
6.2 (43.2) |
2.2 (36) |
−2.3 (27.9) |
−6.7 (19.9) |
0.37 (32.67) |
Տեղումներ մմ (դյույմ) | 19 (0.75) |
23 (0.91) |
35 (1.38) |
55 (2.17) |
89 (3.5) |
74 (2.91) |
46 (1.81) |
38 (1.5) |
30 (1.18) |
41 (1.61) |
32 (1.26) |
19 (0.75) |
501 (19.73) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելՀրազդանի շրջակա անտառներում աճում են վայրի խնձորենիներ, սալորենիներ, բալենիներ, սզնիներ։ Հրազդանի անտառներում հանդիպում են փորսուղներ, նապաստակներ, աղվեսներ, դաշտամկներ, եղնիկներ, արջեր, վայրի խոզեր։ Բավականին շատ են ոզնիները, իսկ գայլեր հանդիպում են հազվադեպ։ Երբեմն ամռան տապից փախչելով՝ Լոռվա և Տավուշի անտառներից այս տարածաշրջան են գալիս տարածաշրջանին ոչ բնորոշ կենդանիներ՝ լուսաններ, հովազներ և այլն։ Վերջին 20 տարում բավականին շատացել է աքիսների թիվը։
Քաղաքի կազմավորման պատմություն
խմբագրելՀրազդանը քաղաքային կարգավիճակ է ստացել 1959 թվականին։ Քաղաքի առաջին նախագիծը, որն ընդգրկում էր Ախտա և Աղբյուրակ գյուղերը, 1928 թվականին իրականացվել է ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Քաղաքի երկրորդ, հիմնական նախագիծը կազմել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը 1963 թվականին։
Հրազդանը մինչև 1963 թվականը եղել է ութ առանձին գյուղերից բաղկացած բնակավայր, որոնց միավորումով 1959-1963 թվականներին ձևավորվել է ներկայիս Հրազդան քաղաքը, որի կազմի մեջ են մտնում Վանատուր (նախկինում՝ Քարվանսարա, խորհրդային տարիներին՝ Աթարբեկյան), Ջրառատ (նախկինում՝ Ռնդամալ), Կաքավաձոր (նախկինում՝ Ֆառուխ), Վերին և Ներքին Ախտա, Մաքրավան, Աղբյուրակ, Կոճոռ գյուղերը, բազմաբնակարանային շենքերից բաղկացած արդյունաբերական միկրոշրջանը և Կենտրոն թաղամասը։
Անվանումներ և դրանց բացատրություն
խմբագրելՔաղաքը նախկինում ունեցել է մի քանի անվանումներ։ Քաղաքի հնագույն Կորկոտիս անունը ստուգաբանվում է Կորկոտ (ճաշատեսակ) արմատից և իս ասորերեն վերջածանցից։ Այս անվանումը պահպանվել է մինչև 17-րդ դարը։ Պարսից շահ Աբասի 1605 թվականին կազմակերպած հայերի բռնագաղթից հետո այս անունը մոռացվել է։ Քանի որ այս տարածքով է անցել Կողբի և Կաղզվանի աղի հանքերից աղի փոխադրման ճամնապարհը, շուտով այն ստացել է Ախտա անվանումը, որը կապված է աղ բառի հետ։
Հրազդանի թաղամասերից Վանատուր գյուղի անունը խորհրդային տարիներին ի պատիվ հայտնի կոմունիստ, Խորհրդային Հայաստանի Չեկայի առաջին նախագահ Գևորգ Աթարբեկյանի կոչվել է Աթարբեկյան։ Դրանից առաջ Աթարբեկյան գյուղը կրել է Քարվանսարա անվանումը, քանի որ այստեղ եղել է մարդկանց և ձիերի համար նախատեսված ճանապարհային հանգստի կացարան՝ քարվանսարա։
Կարևոր հասարակական շինություններ
խմբագրելՀրազդանում են գտնվում Հայաստանի պետական երկրաբանական թանգարանի և Հայաստանի պետական պատկերասրահի մասնաճյուղերը, Հրազդանի ցեմենտի գործարան, Հրազդանի Հիդրոէլեկտրակայանը, Հրազդանի Ջերմաէլեկտրակայանը, Կոտայքի մարզպետարանը, Կոտայքի մարզային գրադարանը, Հայաստանի ազգային արխիվի Կոտայքի մարզային մասնաճյուղը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը, Հրազդանի հումանիտար ինստիտուտը, «Ծովինար» ռեստորանը, որը գտնվում է համանուն արհեստական լճակի ափին։ Ռեստորանը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Վարպետի մտահղացմամբ՝ ռեստորանի հիմքը կրկնում է տեղի լանդշաֆտը և հիշեցնում չհղկված ժայռ։ Պատշգամբից կարելի է տեսնել ջրամբարը և մի արձան, որը ժողովուրդը նույնպես կոչում է Ծովինար։ Ի սկզբանե այն կոչվել է. «Կեցցե՛ կապույտ ու պարզ երկինքը»։ Այս հուշարձանը տեղադրվել է 1985 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։ Այն պատկերում է ջրից դուրս եկող աղջկա։ Ներկայիս անունը նույնպես բնութագրում է հուշարձանի էությունը, քանի որ Ծովինարը ջրի, ծովի և անձրեւի աստվածուհին է։
Հրազդան գետի վրա ստեղծվել է Աղբյուրակի ջրամբարը, ինչը հնարավորություն տվեց կառուցել Արգելի հիդրոէլեկտրակայանը և Հայաստանի ամենահզոր ՋԷԿ-ը։ Էներգիա ստանում են նաև արևի օգնությամբ՝ 2017 թվականին Հայաստանում առաջին կոմերցիոն արևային էլեկտրակայանը (արևային կայանը) հայտնվեց հարևան Ծաղկաձոր քաղաքում։
Հրազդանում գործում են երաժշտական և սպորտային դպրոցներ, 13 միջնակարգ դպրոց, հիվանդանոց, ծննդատուն, պոլիկլինիկա, Հրազդանի մշակույթի տունը, մի շարք մանկապարտեզներ և այլ հասարակական շինություններ։
Քաղաքի պատմական հուշարձաններ
խմբագրելՔաղաքում գոյություն ունեն նոր շրջանի երկու անշուք, բայց կանգուն եկեղեցիներ, որոնցից մեկը գտնվում է նախկին Ներքին Ախտա գյուղում, իսկ մյուսը՝ Վանատուր թաղամասում։ Հրազդանի Մաքրավան թաղամասում է գտնվում Մաքրավանքի տաճարը։
Վանքի գլխավոր կառույցը 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որն իրենից ներկայացնում է մեկ զույգ որմնամույթերով, արևմտյան կողմում երկհարկանի ավանդատնե-րով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց։ Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ խաչքարերով։ Հարավային կողմում գտնվում է միանավ եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։ Ըստ ավանդության՝ բռնակալ շահերից մեկը, նվաճելով Մաքրավանքի տարածքը, ցանկանում է եկեղեցին քանդել և նրա քարերով Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել։ Սակայն ժողովուրդն ապստամբում է, և շահը, ընկրկելով, հրաժարվում է եկեղեցին քանդելու մտքից։ Եվ քանի որ եկեղեցու շուրջ համախմբած մարդիկ կարողանում են ստիպել շահին հրաժարվել իր մտքից, Մաքրավանքին տալիս են նաև «Շահ ղուտուրա»՝ շահ կոտորող, շահին հաղթող անվանումը։
Մաքրավանքի խաչքարերից մեկն անգամ ճամփորդել է Ֆրանսիա` 2006 թվականի սեպտեմբերի վերջին մեկնարկած «Հայաստան, իմ բարեկամ» Հայաստանի տարին Ֆրանսիայում ծրագրի շրջանակում և մասնակցել «Սուրբ Հայաստան» խորագիրը կրող խաչքարերի ցուցահանդեսին Լուվրում։
Քաղաքի պատմություն
խմբագրելՀրազդանի տարածաշրջանում մարդը բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից։ Քաղաքի բոլոր թաղամասերում էլ ճանապարհային աշխատանքներ կատարելիս գտնվել են հնագիտական կենցաղային իրեր, որոնք թվագրվում են վաղ երկաթի ժամանակաշրջանով (Ք. ա. 1-ին հազարամյակ)։
Ք. ա. 2-րդ դարից սկսած Հրազդանի շրջանը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ Արշակունիների թագավորության ժամանակ տարածքի մեծ մասը հանդիսացել է նրանց արքունի սեփականությունը, իսկ V - VII դարերում տարածքի մի մասը հանդիսացել է Ամատունիների նախարարական տան սեփականությունը։ IX – X դարերում պատկանել է Բագրատունիների թագավորությանը, իսկ X դարի վերջում գավառը նվիրվել է Պահլավունիներ իշխանական տոհմին։ Հետագայում՝ XII - XIII դարերում տարածքը եղել է Զաքարյանների իշխանության ներքո, իսկ XIII - XV դարերում վերջինիս մի մասն անցել է Պռոշյանների և Խաղբակյանների ենթակայության տակ։
Թուրք սելջուկների և թաթար մոնղոլների տիրապետության շրջանում՝ 1253 թվականին տարածքի մի մասը Մանգու Խանը շնորհել է իշխան Սմբատ Օրբելյանին։ Տարածքի հետագա տիրապետողների թվում են նաև եղել ակ-կոյունլու, կարա-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղախմբերը և Սեֆյան Պարսկաստանը։ 1605 թվականին այս տարածքի բնակչությունը նույնպես ենթարկվել է Շահ Աբասի իրականացրած բռնագաղթին, ինչի հետևանքով բնակիչները լքել են այն։ 18-րդ դարում տարածքը կազմել է Երևանի խանության Գրխբուլաղ մահալի մի մասը։ 1827-1828 թվականներին Արևելյան Հայաստանում Ռուսաստանի տիրապետության հաստատումից հետո տարածքը մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։
Հրազդանցիներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ինչպես 1877-1878 թվականների ռուս-թուրքական, այնպես էլ Առաջին համաշխարհային պատերազմին։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին Հրազդանի տարածաշրջանից մասնակցել է ավելի քան 900 մարդ։ Իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թթ.) Հրազդանի տարածաշրջանից 120 մարդ ներգրավվել է ռուսական զորքերի կազմում ստեղծված հայկական կամավորական գնդերի կազմում, որոնցից 35-ը՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի, 25-ը՝ Դրոյի (Դրաստամատ Կանայան), 10-ը՝ խմբապետ Համազասպի (Սրվանձտյան), իսկ 50-ը մյուս կամավորական գնդերի կազմում։
1918-1919 թվականներին Հրազդանի շրջանի զինվորական կոմիսարն էր խմբապետ Համազասպը։
Հրազդանի տարածաշրջանից 90 մարդ մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։ Իսկ 3340 հրազդանցիներ իրենց լուման են ներդրել ԽՍՀՄ Հայրենական Մեծ պատերազմում Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում, որի ժամանակ նրանցից 946-ը զոհվել է։
1946-1960-ական թվականներին քաղաքում հաստատվել են 3510 շունչ կամ շուրջ 700 ընտանիքից բաղկացած հայրենադարձներ, որոնք եկել էին Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Հունաստանից և Կիպրոսից։
Հրազդանցիները Արցախյան ազատամարտում
խմբագրելԱրցախյան ազատագրական պատերազմի տարիներին հրազդանցիներից կազմավորվում և Արցախ են մեկնում «Սասուն» (հրամանատար՝ Սասուն Միքայելյան), «Կոճոռ» (կազմավորվել է 1989 թվականի նոյեմբերին) և «Ալաշկերտ» (կազմավորվել է 1989 թվականի վերջին) ջոկատները։ Արցախյան ազատամարտում զոհված հայտնի հերոսներից էր Հրազդանի Աբոն (Ալբերտ Ալավերդյան), որի մարմինը ամփոփված է Արցախյան պատերազմում զոհված հրազդանցիների զինվորական գերեզմանատանը։ 1990 թվականի ապրիլի 30-ին Գետաշեն գյուղում ծավալված մարտերում Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կողքին էր նրա զինակից Հրաչ (Զարզանդ) Դանիելյանը։ Նա Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղից էր։ Այժմ Հրազդան - Աղավնաձոր ավտոճանապարհի գլխավոր խաչմերուկում կանգնեցված է Զանզանդ Դանիելյանի աղբյուր – հուշարձանը։
Անվանի հրազդանցիներ
խմբագրելԱնվանի հրազդանցիների շարքում են նաև Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, արձակագիր Լևոն Խեչոյանը, բանասիրական գիտություննների դոկտոր, պրոֆեսոր, անվանի թարգմանիչ Վազգեն Գևորգյանը, պատմաբան Արման Եղիազարյանը։
Հրազդանը գրքերում
խմբագրելԱրցախյան ազատամարտին հրազդանցիների ակտիվ մասնակցության մասին է պատմում Սամվել Օհանյանի «Հոգով ուժեղները» գիրքը, իսկ Հրազդանի, նրա դարավոր պատմության և հրազդանցիների մասին հնարավորինս ամբողջական պատկերացում է տալիս Զավեն Հարությունյանի «Ախտա - Հրազդան» 2012 թվականին Երևանում հրատարակված 140 էջից բաղկացած մեծածավալ հատորյակը։
Բնակչություն
խմբագրելՀրազդանի ազգաբնակչության փոփոխությունը.[1][3]
Տարի | 1959 | 1976 | 1989 | 1991 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 7630 | 35137 | 23903 | 25600 | 52808 | 52700 | 41600 |
Տնտեսություն
խմբագրելԱրդյունաբերության կենտրոն, էներգետիկայի կարևոր հանգույց է, գործում են Հրազդանի պշէկը, Աթարբեկյանի հէկը։ Արդյունաբերական կարևոր ձեռնարկություններն են «Հրազդանմեքենա» ՓԲԸ, «Հաց» արտադրա-առևտրական միավորումը, տնաշինական, ցեմենտի գործարանները ևն։
Մշակույթ
խմբագրելՀրազդանում գործում են միջնակարգ, երաժշտական, մարզային, գեղարվեստական դպրոցներ, տեխնիկում, գիմնազիա, մսուր-մանկապարտեզներ, գրադարանային կենտրոնացած համակարգ, 3 կապի հանգույց՝ բաժիններով, մշակույթի, շախմատիստի, տեխնիկայի տներ, ակումբ, թատրոն, մարզահամալիր, հիվանդանոց, նարկոլոգիական դիսպանսեր, պոլիկլինիկա, դեղատուն։ Կա պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, զբոսայգի, արհեստական լիճ (ՀԷԿ-ը կարգավորող)։
Ճարտարապետություն
խմբագրելՀրազդանի առաջին գլխավոր հատակագիծը, որն ընդգրկել է Ներքին Ախտա և Ալափարս գյուղերը, մշակվել է 1927-1928 թթ.-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Հաջորդը, որն ընդգրկել է նաև Մաքրավան, Աթարբեկյան, Ջրառատ և Կաքավաձոր գյուղերը, Գյումուշի ՀԷԿ-ի արհեստական լճի շրջակա հարթավայրերն ու բարձրությունները՝ 1961-1963 թթ.-ին (ճարտարապետներ՝ Մ. Գրիգորյան, Է. Ալթունյան)։
1978-1980 թթ.-ին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (120 հազար բնակչի համար, 2010-ի հաշվարկային ժամկետով, ճարտարապետներ՝ Ս. Մանուկյան, Է. Ալթունյան, Վ. Տոնիկյան, Թ. Բալայան, Է. Հարությունյան, ինժեներ Գ. Պողոսյան և ուրիշներ)։
Քաղաքը կազմված է 3 հիմնական զանգվածներից՝ հարավային, կենտրոնական և հյուսիսային։ Հիմնական արդյունաբերական շինությունները կենտրոնացված են հյուսիսային արդյունաբերական հանգույցում (ճարտարապետներներ՝ Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Ժ. Հովսեփյան, Բ. Պատրիկյան)։ 1974թ.-ին մշակվել է Հրազդանի հարավային բնակելի շրջանի մանրամասն հատակագծման նախագիծը (ճարտարապետներ՝ Ա. Ալոյան, Կ. Ղազարյան), 1969 թ.-ին կազմվել է Հրազդանի վարչահամշակութային կենտրոնի նախագիծը (ճարտարապետներ՝ Մ. Գրիգորյան, Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Թ. Բալայան), վերակազմվել 1977-1985 թթ.-ին (ճարտարապետներ՝ Մ. Միքայելյան, Գ. Գրիգորյան)։
Հյուսիսային զանգվածի միկրոշրջանների կառուցապատման նախագծերը կազմվել են 1964-1988 թթ.-ին (ճարտարապետներ՝ Մ. Հայրապետյան, Լ. Մելքոնյան, Է. Ալթունյան, Լ. Հովհաննիսյան, Ն. և Գ. Պատրիկյաններ)։ Հրազդանում կառուցվել են ՀԷԿ և ակումբ (1958, ճարտարապետ՝ Տ. Մարության), «Ծովինար» ռեստորանը (1960, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան), հյուրանոց (1967 թ., ճարտ. Հ. Աչյան), մարզպետարանի, քաղխորհրդի միացյալ շենքը (1976 թ., ճարտարապետ՝ Գ. Գրիգորյան), ավտոկայանը (1978 թ., ճարտարապետ՝ Հ. Առաքելյան), դպրոցականների պալատը (1978 թ., ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան), էներգետիկների պալատը (1979 թ., ճարտարապետ՝ Լ. Հովհաննիսյան), ավտոհանգրվանը (1980 թ., ճարտարապետ՝ Ռ. Հովսեփյան) և այլն։
-
Հրազդանի Հյուսիսային միկրոշրջանի համայնապատկերը
-
Հրազդանի կենտրոնը Մրգավանի կողմից
Գրականություն
խմբագրել- Զավեն Հարությունյան «Ախտա - Հրազդան», Երևան, 2012, 140 էջ։
- Թադևոս Հակոբյան «Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը», Երևան, 1990, էջ 195։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, Երևան, 1980, էջ 614-615։
- Արծրուն Մամիկոնյան «Եվ ու՞ր է թռչում մարդ մոլորակը», Հրազդան, 2022
Հայտնի մարդիկ ծնված Հրազդանում
խմբագրել- Միշիկ Ղազարյան (1948-2020), հայ ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2003), Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ։
- Արմեն Նազարյան (1982-), հայ ձյուդոիստ, Հայաստանի և միջազգային սպրոտի վարպետի, Եվրոպայի չեմպիոն և բազմակի մեդալակիր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2015 թ. ՀՈՒԼԻՍԻ 1-ի ԴՐՈՒԹՅԱՄԲ,» (PDF). Վերցված է 2015 թ․ օգոստոս-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 123
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 123» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլ-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |