Հույն-թուրքական պատերազմներ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Հույն-թուրքական պատերազմներ, հույների և թուրքերի միջև տեղի ո��նեցած մի շարք պատերազմներ։

Առաջին պատերազմ

խմբագրել

Պատերազմ Կրետեի համար։ Առիթը 1896 թվականին Կրետեում բռնկած ապստամբությունն էր, որի նպատակն էր ազատագրվել թուրքական լծից և վերամիավորվել Հունաստանի հետ։ 1897 թվականի փետրվարին ապստամբներին օգնության է հասել հունական 2 հազարանոց մի ջոկատ, միաժամանակ կրետական ջրեր է ժամանել հունական ռազմական նավատորմը։ 1897 թվականի ապրիլի 17-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Հունաստանին։ Թուրքական մեծաթիվ բանակը Թեսալիայում և Էպիրոսում պարտության է մատնել հունական փոքրաքանակ ուժերին։ Մայիսի 19-ին կնքվել է զինադադար, իսկ դեկտեմբերի 4-ին Կ. Պոլսում ստորագրվել է հաշտության պայմանագիր, որով Հունաստանը Թուրքիային զիջել է (ժամանակավորապես) 55 քառ  կմ տարածք Թեսալիայում և վճարել ռազմատուգանք։ Չնայած Հունաստանի պարտությանը Կրետեում, փաստորեն վերացել է թուրքական տիրապետությունը, կղզուն շնորհվել է «ինքնուրույնություն», այն անցել է եվրոպական տերությունների հովանավորության տակ։

Հույների կողմում պատերազմին մասնակցել են նաև 600 հայեր, որոնցից շատերը պարգևատրվել են Հունաստանի կառավարության կողմից։

Երկրորդ պատերազմ

խմբագրել
 
Հունական զորքերը Զմյուռնիայում:

Հունական բանակի արշավանքը Փոքր Ասիա։ Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից հետո, միջազգային համաձայնագրերի (Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916, Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-1920) հիման վրա, Անտանտի երկրները ձեռնամուխ եղան իրականացնելու Օսմանյան կայսրության բաժանման քաղաքականությունը, ինչը, օբյեկտիվորեն, կնպաստեր թուրքական լծի տակ հեծող ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ազատագրմանը, և գրավեցին Օսմանյան կայսրության որոշ տարածքներ։ Հունաստանին իրավունք էր վերապահված վերագրավել վաղեմի հունական տարածքներ Արևելյան Թրակիան (բացի Կ.Պոլսից) և Փոքր Ասիայի արևմտյան շրջանները։ 1919 թվականի մայիսի 15-ին հունական զորքերն ազատագրեցին հին հունական Սմյուռնա (Զմյուռնիա, Իզմիր) քաղաքը։

Օսմանյան կայսրության մասնատման դեմ հանդես եկավ թուրքական բուրժուազիայի շահերն արտահայտող ազգայնական շարժումը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) գլխավորությամբ։ Քեմալականները մերժեցին Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների՝ հույների, հայերի, արաբների իրենց անկախությունն ու պետականությունը վերականգնելու ձգտումները և պայքար սկսեցին նրանց դեմ։ 1920 թվականի ապրիլին նրանք օգնության խնդրանքով դիմեցին Խորհրդային Ռուսաստանին, որը 1920 թվականի հունիսին ճանաչեց քեմալականների կառավարությունը։

Հունական զորքերը 1920 թվականի ամռանը գրավեցին Բալըքեսիրը, Բրուսան, Ադրիանուպոլիսը։ Մինչդեռ սուլթանի կառավարությունը 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրեց Սևրի պայմանագիրը, որով, մասնավորապես, Թուրքիան Հունաստանին էր վերադարձնում Արևելյան Թրակիան՝ Ադրիանուպոլսի հետ, Գալլիպոլի թերակղզին և Զմյուռնիան, Հայաստանը ճանաչում էր ազատ ու անկախ պետություն և այլն։ Քեմալականները չճանաչեցին Սևրի պայմանագիրը և 1920 թվականի ամռանը Խորհրդային Ռուսաստանից ստացած նյութական օգնության (10 միլիոն ռուբլի ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք), ինչպես նաև Անտանտի երկրներից գնած զենքի շնորհիվ հաջող ռազմական գործողություններ ծավալեցին արևմուտքում՝ հույների, Կիլիկիայում՝ հայերի, արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ։ Քեմալականների հաջողություններին նպաստեցին և նրանց դիրքերն ամրապնդեցին խորհրդա-թուրքական (ըստ էության՝ հակահայկական) Մոսկվայի պայմանագիրը (1921), Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև եղած հակասությունները։ 1921 թվականի հունվարի 10-ին և մարտի 31-ին Ինյոնյու գյուղի մոտ թուրքական զորքերը հաղթեցին հույներին, սակայն 1921 թվականի հուլիսին հունական բանակը գրավեց Էսքիշեհիրը, Աֆիոն Գարահիսարը, օգոստոսին մոտեցավ (մինչև 40  կմ) քեմալականների կենտրոն Անկարային։ Թուրքական հրամանատարությունն օտարերկրյա մարտավարության օրինակով մշակեց հունական զորքերը ջախջախելու ծրագիր (այդ գործում կարևոր դեր խաղաց 1921-ի նոյեմբեր - 1922 թվականի հունվար Թուրքիայում գտնվող խորհրդային զորավար Մ.Վ. Ֆրունզեն)։ 1921 թվականի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 13-ը Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվեց։ Դա արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։

1921 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ (տես Թուրք-ֆրանսիական համաձայնագիր (1921)), որով հրաժարվեց Թուրքիայի դեմ պայքարից, իր զորքերը հանեց Կիլիկիայից՝ թուրքերին տալով հայկական նոր կոտորածների հնարավորություն։ 1922 թվականի օգոստոսի 30-ին Դումլու Փընարի մոտ հունական բանակը նոր պարտություն կրեց։ Սեպտեմբերի 9-ին թուրքական զորքերը ներխուժեցին Զմյուռնիա, կոտորեցին հույն և հայ խաղաղ բնակչությանը, ջրասույզ արեցին այն նավերը, որոնցով հույն և հայ կանայք, երեխաները և ծերունիները փորձում էին փրկվել թուրք ջարդարարներից։ Մինչև սեպտեմբերի 18-ը հունական բանակը դուրս եկավ Փոքր Ասիայից։ 1922 թվականի հոկտեմբերի 11-ին Մուդանյա քաղաքում (Մարմարա ծովի ափին) ստորագրվեց զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև, որին հոկտեմբերի 13-ին միացավ Հունաստանը։ Մուդանյայի զինադադարով, ապա Լոզանի պայմանագրով (1922-1923) պատերազմն ավարտվեց։

Գրականություն

խմբագրել
  • Սարգսյան Ե.Ղ., Սահակյան Ռ.Գ., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, Երևան, 1963, էջ 42-47։
  • Севрский мирный договор и акты, подписанные в Лозанне, Мосвка, 1927;
  • Корсун Н.Г., Греко-турецкая война 1919–1922, Москва, 1940.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։